Հայերեն   English   Русский  

​Արհեստական սերմնավորման հեռանկարները՝ երևացող ու ոչ այնքան


  
դիտումներ: 12989

Գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների անհրաժեշտության հարցը բազմիցս ենք արծարծել:

Այս անգամ էլ անդրադառնանք անասնաբուծությանն ու անասնապահությանը, քանի որ վերջերս` հուլիսի 22-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ խորհրդակցություն էր անցկացվում, քննարկվում էր Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարությունը:

Այդ ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավելու խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:

Ինչ վերաբերում է արհեստական սերմնավորմանը, ապա անվիճելի է, որ դա շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար, մանավանդ որ այս ոլորտում բավականին ուշացել ենք: Այս ծրագիրը, իհարկե, դրական է: Օրինակ՝ տեղական մեկ կովի տարեկան կաթնատվությունը միջինը մոտ 1500 լիտր է, այնինչ արհեստական սերմնավորմամբ ստացված արդեն մաքուր համարվող սերնդի դեպքում` 3000-3500 լիտր: Տարբերությունն ակնհայտ է: Ցանկացած միջին ու խոշոր տնտեսություն ունեցող ֆերմեր կփաստի` որպեսզի անասնապահությունը դառնա արդյունավետ ու եկամտաբեր բիզնես, պետք է պարբերաբար թարմացնել ու որակապես բարելավել անասնակազմը, անցում կատարել ավելի բարձրարժեք կենդանիների բուծմանն ու պահելուն, որպեսզի խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունն ավելի բարձր լինի, մսատվությունը` նույնպես:

Արհեստական սերմնավորմանն անցնելն այս տեսանկյունից կարծես ամենահարմարն է: Բայց մինչ գյուղնախարարությունն այս ծրագրերը կփորձարկի, կվերլուծի ու կորոշի, թե ինչպես պետք է շարժվել առաջ, և որպեսզի մինչ այդ ֆերմերների մոտ չհիմնավորված հույսեր չառաջանան, թե հրես գյուղնախարարությունը արհեստական սերմնավորման ծրագիր կիրականացնի ու բոլոր խնդիրները կլուծվեն, փորձեցինք դիմել մարդկանց, ովքեր Հայաստանում արհեստական սերմնավորման ուղղությամբ արդեն 10-14 տարվա փորձ ունեն, սեփական միջոցներով, սեփական ռիսկերով, հաջողություններով ու անհաջողություններով սեփական մաշկի վրա զգացել են դրա բոլոր թեր ու դեմ կողմերը:

Զրուցեցինք Սյունիքում ֆերմերային տնտեսություն ունեցող Մանվել Ամիրխանյանի հետ, որ 13-14 տարի առաջ սկսել է արհեստական սերմնավորում կիրառել: Նա էլ մեզ ասաց, որ արհեստական սերմնավորմամբ մաքրացեղ սերունդ է համարվում ստացված չորրորդ սերունդը, իսկ չորրորդ սերունդը ստացվում է սկսելուց 12-14 տարի հետո միայն: Իսկ, այ, ինչ ռիսկեր, վտանգներ, խնդիրներ ու հարցեր կարող են առաջանալ այդ 12 տարվա ընթացքում, կարելի է միայն պատկերացնել, այն էլ ամենառիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում, այն էլ` Հայաստանում:

«Մինչև երրորդ սերունդ հասնելը շատ ռիսկեր կան: Առաջին հերթին այդ ռիսկերը պայմանավորված են հիվանդություններով: Կարող ես 12 տարվա մեջ շատ անկում ունենալ` մեխանիկական կորուստ, հիվանդություններ, տարբեր-տարբեր բաներ կան: Ու հիվանդությունները հենց լավ սորտերին են առաջին հերթին կպչում. դրանք ավելի թույլ են, դիմադրողականությունը, ստացված անասունների իմունիտետը թույլ է: Բացի այդ, դրսից բերված սերմերի դեպքում մի խնդիր կա: Այդ սերմերը գալիս են, ենթադրենք, ԱՄՆ-ից, որտեղ անասունների որոշակի հիմնական հիվանդություններ կան: ԱՄՆ-ում արդեն կան համապատասխան հատուկ ծրագրեր, որոնք նրանք անմիջապես կարող են գործի դնել ու այդ հարցը լուծել: Իսկ մեզ մոտ այդ հիվանդությունը հիմնական չի եղել, նորություն է, դեռ համապատասխան միջոցառումների համախումբ չկա մշակված, որ կիրառես ու խնդիրներդ լուծես: Այստեղ ինչպե՞ս է. մենք ասում ենք, չէ՞, 7-8 հիվանդություն կա, որոնցով հիմնականում հիվանդանում են այստեղի անասունները, ու այդ 7 միջոցառումները մենք մշտապես իրականացնում ենք, բայց մենք ի՞նչ իմանանք, թե ԱՄՆ-ում ինչ հիվանդություններ կան, որ դրանց դեմն առնենք: Նոր դեղանյութեր ու տեխնոլոգիաներ բերելն էլ խնդիր է, դրանք լրացուցիչ հարցեր են, որոնք ֆերմերը միայնակ չի կարող լուծել: Բայց արհեստական սերմնավորումը մեր միակ հույսն է. եթե զբաղվում ես անասնապահությամբ ու մտադիր ես դեռ երկար զբաղվել՝ բարելավման միակ տարբերակը դա է»,- նշում է Մանվել Ամիրխանյանը:

Փաստորեն արդյունքին հասնելու համար պահանջվում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, համալիր մոտեցում և հարակից բազմաթիվ խնդիրների և խոչընդոտների վերացում: Այսինքն` չես կարող պարզապես վերցնել արհեստական սերմը, տալ ֆերմերին ու ասել` գնա սերմնավորիր ու անասնակազմդ փոխիր: Ուրիշ բազմաթիվ քայլեր են անհրաժեշտ:

«Արհեստական սերմնավորման վրա միլիոններ եմ ծախսել, ամենալավ սերմերը բերել եմ, ամենաթանկ գներով արել եմ, որ նորմալ սերունդ ստանամ,- ասում է Մանվել Ամիրխանյանը:- 14 տարվա ֆերմա, ոչ մի անգամ ոչ մի հիվանդություն չի բացահայտվում, ու միանգամից բացահայտվում է, որ այստեղ բրուցելոզի վարակ կա: Այդքան տարի տառապել եմ, հիմա նոր պիտի այդ սերունդն օգտագործեի, ու մեկ էլ ունեցվածքի 60-70 տոկոսը մեկ տողով թափել եմ: Հետո 3 տարի տառապեցի, մինչև դրանից պրծա: Դա նրանից է, որ պետական ոլորտներն իրենց գործը ոչ մի ձևով նորմալ չեն կատարում, ու ցանկացած րոպե դու այդ ռիսկի տակ ես, կարող է 15 տարի տառապելով ինչ-որ կետի հասնես ու մեկ էլ հո՛պ»:

Իսկ խնդիրն անասնաբուժական էր. ամբողջ շրջանում չկա մի անասնաբույժ, որը բոլոր հիվանդությունները, դրանց բուժման եղանակները հասկանա: Այլ կերպ ասած՝ եթե պետությունը սկսում է տոհմային կենդանիներ բուծել, պետք է զուգահեռ զարգացնի նաև հարակից բազմաթիվ ոլորտներ: Օրինակ` անասնաբույժներ ու անասնաբույծներ պատրաստի, որ տարիների ու միլիոնների ջանքերը ջուրը չընկնեն: Բացի դրանից, եթե ստանում ես որոշակի ցեղատեսակ, ուրեմն պետք է հաշվի առնես, թե դա ինչպիսի արոտ է պահանջում, ինչպիսի լրացուցիչ պայմաններ, ինչպիսի բնակլիմայական պայմաններում կարող է արդյունավետ լինել: Արոտներն ու դաշտերը պետք է համապատասխանեցնել տոհմային անասնապահությանը, կերային բազան պետք է ճիշտ ու համապատասխան կերպով կառավարել, ֆերմերների համար պահման նորմալ պայմանների հնարավորություններ ստեղծել և այլն:

«Տոհմային անասունը վատ պահման հետևանքով իր տոհմային հատկանիշները կորցնում է, սկսած մատղաշից մինչև վերարտադրության տարիքը պետք է նորմալ խնամվի ու կերակրվի, իրեն հատուկ տեխնոլոգիաներով ու եղանակներով: Կերային բազան, արոտները պետք է նորմալ կառավարվեն, ջրի, խմոցների ենթահամակարգերը պետք է համապատասխան ձևով ներդրվեն, նոր տեսակի անասնագոմեր, անասնագոմերում այդ տոհմային կենդանիներին բոնորոշ պահման պայմաններ պետք է ստեղծվեն: Մաքրացեղ կովը, օրինակ, չի կարող մեր տեղական կովի պես արոտ գնալ, առավոտ հանեն գոմից ու քշեն արոտ` մի քանի կիլոմետր հեռու, երեկոյան էլ նույնքան ճանապարհ անցնելով՝ վերադառնա: Դրանք լուրջ խնդիրներ են: Հիմա մենք հին սովետական մեթոդով, օրինակ, գոմում անասուններին կապում ենք վզից ախոռին ու դիմացը` ախոռի մեջ լցնում կերը, որ ուտի: Բայց ամբողջ աշխարհն այսօր անցել է բացօթյա պահվածքին: Մենք այսօր այդ միջոցները չունենք, մենք այն շահույթը չունենք, որ նման ներդրումներ անենք ու զարգացնենք: Ինչ կա` կա: Երբ անասունները դրսից բերեցինք, մասնագետներ եկան, մեր ախոռները նայեցին ու ասացին, որ այդ կովերը մեր ախոռներից չեն կարողանում կարգին օգտվել, ամեն անգամ գլուխն ախոռի մեջ մտցնելիս այդ կովերը սթրես են տանում, քանի որ սովոր են, որ գետնից ուտեն, բաց տարածությունում: Իսկ այդ սթրեսը լուրջ ազդեցություն է ունենում թե՛ կաթնատվության, թե՛ որակական հատկանիշների և առհասարակ, ամեն ինչի վրա: Կյանքն անընդհատ զարգանում ու նոր տեխնոլոգիաներ է պահանջում, իսկ մենք աշխատում ենք 50-60 տարվա հնացած տեխնոլոգիաներով: Իսկ այսօր մեր գյուղատնտեսության բնագավառում լուրջ ներդրում անելը, նույնիսկ բարեգործություն չէ, դա փողն աղբանոց շպրտելուն հավասար բան է»,- ասում է ֆերմերը:

Այնինչ զարգացած ու ժամանակակից գյուղատնտեսություն ունեցող երկրները վաղուց լուծել են այդ խնդիրը` խթանման, սուբսիդավորման, հարակից ոլորտները զարգացնելու, նորարարությունը խրախուսելու տարբեր ու տարաբնույթ ծրագրեր իրականացնելով:






Մեկնաբանություններ - 1

Կարինե Յարմալոյան     20.08.2017 Բայց ավելի լավ չէ տեղական սերմերով արվի արհեստական բեղմնավորումը, թող կաթնատվությունը քիչ լինի, բայց վստահ կլինենք, որ այդ կաթը և միսը առողջ, և ոչ մի մուտացված գենով լի չէ: Ոչ մի օտար հիվանդությունների և դրանց բուժման հետևանքով կենդանու կաթը և միսը որակապես խեղված չի լինի:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: