Հայերեն   English   Русский  

​Մելանոմա


  
դիտումներ: 5177

Հանգստի սեզոն, տպավորությունների ու տաք հիշողություններ պարգևող սեզոն. մի խոսքով՝ ամառ: Շոգ, արև, տոթ, փախուստ տոթակեզ եղանակից ու նաև վտանգներ: Մաշկային խնդիրներ ու մելանոմայի առաջացման հավանականություն:

Մելանոման չարորակ գոյացություն է, որն առաջանում է պիգմենտային բջիջների (մելանոցիտներ) ատիպիկ վերափոխման ու բազմացման հետևանքով: Հաճախ ի հայտ է գալիս մաշկի, հազվադեպ՝ լորձաթաղանթների վրա: Բնութագրվում է ողջ օրգանիզմով մեկ ուռուցքային բջիջների տարածմամբ:

Մելանոման մաշկի քաղցկեղի տեսակ է: Բոլոր չարորակ նորագոյացությունների 1-15%-ը բաժին է ընկնում մելանոմային: Ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ-ի տվյալների, մելանոմայից տարեկան մահանում է 48 000 մարդ: Եվ ցավոք, քաղցկեղի այս տեսակից հիվանդացության աճ է նկատվում: Հաճախ բնական ինսոլյացիայի (ճառագայթում) պայմանների պատճառով այս հիվանդության թիրախում են հայտնվում հարավաբնակները: Հիմնականում մելանոմայի առաջացման ռիսկի խմբում 30-ն անց մարդիկ են, սակայն հազվադեպ, մելանոմա է հանդիպում նաև երեխաների մոտ: Որոշ երկրներում 100 000 բնակչից 5-30-ն է հիվանդանում մելանոմայով:

Առաջացման պատճառները

Մելանոմայի առաջացման ռիսկը բարձր է 1-ին և 2-րդ ֆոտոտիպի (ուլտրամանուշակագույնի (ՈւՄ) հանդեպ զգայունություն) մաշկ ունեցողների շրջանում:

1-ին ֆոտոտիպին (սկանդինավյան) են պատկանում բաց գույնի ու նուրբ մաշկ և խարտյաշ կամ բաց գույնի մազեր ունեցողները: Նրանց բնորոշ են պեպենները ու աչքերի բաց գույնը: Նրանց ՈւՄ-ի հանդեպ դիմադրողականությունը թույլ է, նվազագույն. արեգակի տակ անցկացրած մի քանի րոպեն կարող է բորբոքային ռեակցիա առաջացնել: Երբեք համաչափ արևահարություն չեն ունենում: Ուստի անպայման պետք է կիրառեն ֆոտոպաշտպանիչ միջոցներ:

2-րդ ֆոտոտիպին են (բաց գույնի մաշկով եվրոպոիդ) պատկանում բաց գույնի մաշկ ու մազեր ունեցողները, պեպենները պարտադիր չեն կամ ավելի թույլ են արտահայտված, քան 1-ին տիպի դեպքում: Աչքերի գույնը բաց է՝ երկնագույն, մոխրագույն կամ կանաչ : Արեգակի ճառագայթների ազդեցությամբ մաշկը թեթևակի այրվում է, բնական արևայրուք ստանալը շատ բարդ է նման մաշկ ունեցողի համար: Այս դեպքում ևս ֆոտոպաշտպանիչ միջոցների կիրառումը պարտադիր է:

Մելանոմայով հիվանդանալու հավանականությունը փոքր է թուխ մաշկ ունեցողների կամ նեգրոիդների շրջանում:

Հիվանդանալու ռիսկը մեծ է մանուկ հասակում արևայրուք տարած մարդկանց, ինչպես բնական, այնպես էլ սոլյարիում ճառագայթում ստացածների մոտ: Ժառանգականության գործոնն այս հիվանության զարգացման պարագայում նույնպես առկա է. գենաբանները կարծում են, որ դա կապ ունի ժառանգաբար փոխանցվող՝ քաղցկեղային բջիջների աճը ճնշող սուպրեսորների աշխատանքի խանգարման հետ:

Մելանոմայի զարգացման բոլոր դեպքերից 70%- ը պիգմենտային նևուսների վերաճ է քաղցկեղային գոյացության.դրանցից են հսկա, պիգմենտային, երկնագույն, Օտայի, բարդ պիգմենտային, սահմանային նևուսները:

Դասակարգումը

Ժամանակակից մաշկաբանությունը մելանոմաները դասակարգում է զարգացման փուլերով ու կլինիկական տեսակներով: Տարբերում են զարգացման 2 փուլ՝ հորիզոնական և ուղղահայաց: Մելանոման զարգացման սկզբնական փուլում աճում է միայն հորիզոնական ուղղությամբ, էպիթելային շերտի սահմաններում: Հետո արդեն զարգանում է ուղղահայաց փուլը, և ուռուցքը սկսում է տարածվել ավելի ստորին շերտեր, թափանցում է ենթամաշկային ճարպաշերտ: Այս փուլում հիվանդությունը սկսում է արագ զարգանալ ու մետաստազավորվել:

Ըստ կլինիկական արտահայտությունների՝ մաշկի մելանոմայի 3 տեսակ գոյություն ունի՝ մակերսայնորեն տարածվող, հանգուցավոր ու լենտիգո-մելանոմա:

Ախտանշանները

Կլինիկական պատկերով մելանոման խիստ բազմազան է , ինչպես տեղակայմամբ, այնպես էլ չափսերով, խտությամբ ու նաև գույնով: Կարող է լինել կլոր, բազմանկյուն կամ եռանկյուն, գույնը՝ սև, մոխրագույն, շագանակագույն, կապտավուն, վարդամանուշակագույն: Ընդ որում, ամբողջ գոյացությունը կարող է միագույն կամ միանգամից մի քանի գույնի լինել: Չափսերով՝ մի քանի մմ-ից մինչև 3 սմ-ի հասնել: Սովորաբար պինդ է լինում, սակայն կարող է նաև առաձգական լինել: Գոյացության մակերեսը կարող է լինել անփոփոխ, խոնավացող, արյունահոսող՝ վնասվածքի դեպքում կամ էլ կեղևակալած, մաշկային գծագրի բացակայությամբ: Հորիզոնական փուլում այն սկսում է բարձրանալ մաշկի վրա՝ ստանալով սունկի, հանգույցի, բրգի կամ կոր ձև:

Հիվանդության մակերեսատարածվող ձևը հանդիպում է մելանոմայով հիվանդացության բոլոր դեպքերից 60-%-ի դեպքում: Նման մելանոման զարգացման սկզբում մինչև 5 մմ տրամագծով պիգմենտային հետքի տեսք է ունենում, դարչնագույն կամ սև գույնի ու մաշկի հարթության վրա է տեղակայվում: Մելանոմայի այս փուլը կարող է մինչև 7 տարի տևել, իսկ հորիզոնական փուլի փոխարկվելու դեպքում զարգացման կտրուկ աճ է դիտվում ու այն բարձրանում է մաշկի վրա:

Հանգուցավոր մելանոմային բնորոշ է հանգույցի, պոլիպի կամ սնկի ձևը: Հաճախ դրա գույնը կապտա-կարմրավուն է : Քանի որ այս տեսակը սկսվում է մաշկի վրա բարձրանալով, դրա պատճառով նախկինում կարծում էին, թե այն հորիզոնական զարգացման փուլ չի ունենում, սակայն այժմ հակառակն է ապացուցվել:

Լենտիգո- մելանոման հորիզոնական աճի տևական փուլ ունի՝ 10-20 տարի:

Ախտահարված օջախն այս փուլում ունենում է անհարթ եզրեր ու անհամաչափ գունավորում: Ավշային անոթներով այն մետաստազներ է ունենում ավշային հանգույցներում ու մաշկի վրա:

Մելանոմայի ախտորոշումը դժվարանում է մի քանի պատճառով. նախ՝ հիվանդության սկզբում արտահայտված ախտանշանները բացակայում են: Նևուսի՝ մելանոմայի վերածվելու ընթացքին հետևել պետք է մշտապես, զննման ժամանակ ուշադրություն է դարձվում դրա եզրերին, պնդությանը: Մելանոմայի ախտորոշման դեպքում կտրականապես պետք է բացառել բիօպսիան, քանի որ դա կարող է նպաստել ուռուցքի աճին ու ճյուղավորմանը:

Մելանոմայի բուժումը կախված է դրա զարգացման փուլից, պրոցեսի տարածումից ու մետաստազավորումից:

Կանխարգելումը

Բացառել բոլոր գրգռիչ գործոնները: Խուսափել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից ու սահմանափակել սոլյարի հաճախումների քանակը:

Եթե նկատել եք խալերի, նևուսների գույնի ու չափսերի փոփոխություն, խորհրդակցեք մասնագետի հետ:

Վարակի՞չ է

Բարեբախտաբար մաշկի քաղցկեղը վարակիչ չէ, առանց մտավախության կարելի է շփվել կամ խնամել մելանոմայով հիվանդին:

Երբ տեսնում ես ճանաչված մարդկանց՝ մտքովդ իսկ չի անցնում, որ նրանցից ոմանք լուրջ խնդիրներ են ունեցել, ոմանք դեռ շարունակում են պայքարել դրանց դեմ:

Քլոե Քարդաշյանն ընդամենը 19 տարեկան էր, երբ մեջքին նորաճ խալ հայտնաբերեց: Հետո պարզվեց, որ այն չարորակ նորագոյացություն է ու անհապաղ հեռացման ենթակա: Հետո նա խալ հայտնաբերեց նաև կրծքին, որը քիչ մնաց կրծքի հեռացմամբ ավարտվեր, քանի որ բժիշկները չգիտեին, թե այն որքան խորն է թափանցել:

Հիմա նա ստիպված է ամեն օր արևապաշտպան քսուք գործածել ու պարբերաբար հետազոտվել:

Հյու Ջեքման

Իր կյանքում հոլիվուդյան դերասանը մեկ անգամ չէ, որ մաշկի քաղցկեղի փաստի առջև է կանգնել: Հիվանդության առաջին ախտանշանները դերասանի մոտ հայտնվեցին 2013-ին, «Իքս մարդիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա իր քթին արյունոտ բիծ նկատեց, ու շուտով բժիշկները նրա մոտ ախտորոշեցին բազալ-բջջային կարցինոմա: Դրանից հետո նա քանիցս է հայտնաբերել նորագոյացություններ ու մի քանի վիրահատություն տարել, իսկ հիմա բացահայտ խոսում է մաշկի քաղցկեղի վտանգների մասին ու մարդկանց կոչ անում հնարավորինս պաշտպանվել:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի երբեմնի թեկնածու Ջոն Մակքեյնը մաշկի քաղցկեղի առաջին նախանշանները հայտնաբերեց 1993-ին: 2008-ի դրությամբ նա արդեն 4 մելանոմա էր ունեցել:

Փաստեր

Ամեն տարի մելանոմա է ախտորոշվում ավելի քան 200 000 մարդու մոտ:

70%-ի դեպքերում մելանոման տեղակայվում է մաշկի բաց հատվածներում, 50%-ի դեպքում՝ ոտքերին, 20%-ի դեպքում մարմնին, 15-20%-ի դեպքում՝ դեմքին ու պարանոցին: Մելանոմա կարող է գոյանալ նաև այն տեղերում, որտեղ հազվադեպ է արև թափանցում, օրինակ՝ սեռական օրգանների վրա, ոտքերի ու ձեռքերի մատների արանքում, անութափոսերում: Երբեմն մելանոմա է առաջանում աչքերի մեջ, եղունգի տակ ու անգամ ներքին օրգանների լորձաթաղանթին:

Մելանոմայով հիվանդների միջին տարիքը 59 է, սակայն 25-29 տարեկանների մեջ ավելի հաճախ են մելանոմայի դեպքերը, քան մյուս ուռուցքների:

Մելանոմայով հիվանդացությունների ճնշող մեծամասնությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանք է՝ բաց արևից ու սոլյարիից (86%):

Այո, մելանոման 80%-ի դեպքում գոյանում է խալերից, սակայն կարող է նաև պատճառը խալը չլինել:

Արևայրուքը մելանոմայով հիվանդանալու հավանականությունը կրկնապատկում է:

Վերջին 50-60 տարիներին մելանոմայով հիվանդների կյանքի տևողությունն ավելացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: