Հայերեն   English   Русский  

​Ուսանող և դպրոցական ունեցող սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների ֆինանսական բեռը կթեթևանա


  
դիտումներ: 14644

Առաջիկա ուսումնական տարվանից սկսած` սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին դասագրքերը կհատկացվեն անվճար, իսկ բուհերի ուսանողների համար կկիրառվի ուսման վարձի փոխհատուցման հատուկ մեխանիզմ:

Օրերս կառավարության նիստում նման առաջարկով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ դա նախագահի հանձնարարականն է: Վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳՆ-ին հանձնարարել է մինչև ուսումնական տարվա մեկնարկն առաջարկի իրագործման համար մեխանիզմներ մշակել և ներկայացնել:

ԿԳՆ հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ որոշումը վերաբերելու է կառավարության սահմանած բոլոր սահմանամերձ համայնքներին: Իսկ կառավարության ցանկում ընդգրկված է շուրջ 200 բնակավայր:

ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական բաժնից «Անկախին» տեղեկացրին, որ բանավոր հանձնարարականի հիման վրա, չսպասելով գրավոր հանձնարարականին, արդեն իսկ հաշվարկներ իրականացվել են: Որոշման նախագիծը, սակայն, նախատեսվում է շրջանառության մեջ դնել սեպտեմբերի սկզբին, երբ Դասագրքերի շրջանառու հիմնադրամը հատկացված դասագրքերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ կտա: ԿԳՆ ներկայացուցչի խոսքով, սակայն, որոշման նախագծի ուշացումը որևէ կերպ չի ազդի ուսումնական գործընթացի վրա. աշակերտները ժամանակին կստանան դասագրքերը:

Մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանն էլ «Անկախին» տեղեկացրեց, որ ուսանողների վարձավճարների փոխհատուցման առումով ներկայումս իրականացվում է տվյալների հավաքում: Բուհերը ԿԳՆ-ին կհատկացնեն սահմանամերձ գյուղերի ուսանողների ցանկերը` ըստ մասնագիտությունների և ուսման վարձերի: Նախատեսվում է, որ մինչև օգոստոսի 20-ը վերլուծած և ամբողջական տվյալներ կունենան` քննարկումներ ծավալելու և փոխհատուցվող գումարի չափը որոշելու համար: Թե ինչ ծավալի փոխհատուցման մասին է խոսքը լինելու՝ Մելիքյանը չհստակեցրեց: Նշեց, որ առկա տվյալները նախնական են, փոխհատուցման վերջնական ծավալները կորոշվեն միայն ամբողջական տվյալներ ունենալուց հետո, երբ պարզ դառնա, թե խոսքն ինչ չափի գումարների մասին է:

Սահմանամերձ բնակավայրերում կառավարության նախաձեռնությունը կարևորում են:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Անկախի» հետ զրույցում դասագրեքերի և ուսման վճարների փոխհատուցման նախաձեռնությունը դրական է գնահատում: Ասում է, որ իրենց մոտից հենց ֆինանսական խնդիրների պատճառով բուհ քիչ են դիմում, երբեմն պատահում է նաև, որ ուսանողը վարձավճարի պատճառով դուրս է մնում բուհից: «Որոշումը մեծ ազդեցություն կունենա»,- ասում է Սաղոյանը` վստահություն հայտնելով, որ վարձավճարների փոխհատուցման պարագայում ավելի շատ բուհական կրթության դիմողներ կլինեն գյուղից:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը ևս դրական է գնահատում նախաձեռնությունը: Ասում է, որ աշակերտ և ուսանող ունեցող ընտանիքների ֆինանսական բեռն այդպիսով կթեթևանա:

Թե պետբյուջեից ինչքան կխլի այս նախաձեռնությունը, պարզ կդառնա սեպտեմբերին: Բայց արդեն իսկ պարզ է, որ նախաձեռնությունը դրական է ու կնպաստի թե՛ երեխաների կրթության իրավունքի իրացմանը, թե՛ որոշակիորեն կմեղմացնի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված ծանր սոցիալական վիճակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: