Հայերեն   English   Русский  

​Գիտության ոլորտում փոփոխություններ կատարելու բարենպաստ պայմաններ են ստեղծվել. Ռուբեն Մկրտչյան


  
դիտումներ: 14060

Եթե Հայաստանում գիտության կառավարումն արդյունավետ դառնա, հատկացվող ֆինանսական միջոցներն էլ ճիշտ օգտագործվեն՝ առաջիկա տարիների համար ֆինանսավորման շուրջ 7 տոկոս կրճատումն առանձնապես զգալի չի լինի: Այս կարծիքին է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) առաջատար գիտաշխատող, 1992-2001 թթ. ԵրՖԻ տնօրեն Ռուբեն Մկրտչյանը:

Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը նվազեցնելու միտումը բացասական գնահատելով` նա նշում է, որ ներկա կառավարման պայմաններում գիտական հանրությունը գուցե չի էլ զգում այդ 7 տոկոս ավելի ֆինանսավորման առկայությունը:

«Այո, ֆինանսավորումը կարևոր բան է, բայց սովորաբար կազմակերպչական հարցերն ավելի մեծ դեր են խաղում: Եթե ճիշտ քաղաքականություն վարվի, ապա գիտության վիճակը կարող է նույնիսկ լավանալ՝ չնայած ֆինանսավորման նվազեցմանը»,- ասում է նա:

Անդրադառնալով գիտության դերին Հայաստանում և աշխարհում ընդհանրապես` Մկրտչյանը նշում է, որ գիտությունը փոխում է աշխարհը, և այն ամենը, ինչ ունենք, գիտության նվաճումների արդյունք է. «Իհարկե, այդ փոփոխություններն առաջին հերթին առաջանում են այն երկրներում, որոնք մեծ գումարներ են հատկացնում գիտությանը: Սովորաբար այդ երկրներից են գալիս փոփոխությունները, որից մենք էլ ենք օգտվում: Բայց նաև մենք ենք որոշ չափով մասնակցում գիտության զարգացմանը և, համապատասխանաբար, այդ զարգացումներում մեր լուման ունենք»: Իսկ Հայաստանում գիտության կարևոր դերը, ըստ Մկրտչյանի, հանրության մակարդակի պահպանումն է:

«Մենք հիմնականում տեխնոլոգիաները բերում ենք դրսից: Բայց եթե մեր գիտության այդ ՀՆԱ-ի 0,25 տոկոսի չափով ֆինանսավորումը չլինի, դրսի տեխնոլոգիաներն էլ չենք կարողանա բերել: Օրինակ՝ ինտերնետը Հայաստանում ստեղծել են գիտնականները, ավելի ստույգ` Երևանի ֆիզիկայի ինստիտուտը: Հայկական դոմենը գրանցվել է Ռուսաստանի դոմենի գրանցումից մեկ տարի անց: Եթե գիտնականները չլինեին՝ դա կլիներ ոչ թե մեկ, այլ 5 տարի ուշ: Գիտությունն անհրաժեշտություն է, որովհետև ճիշտ կապեր է ստեղծում արտասահմանի հետ, այնտեղից բերում է տեխնոլոգիաներ, գիտելիքների կիրառում և այլն, և այլն»,- ասում է նա:

Մկրտչյանը նշում է, որ պետական առաջնահերթություն պետք է լինի հիմնարար գիտությունը: «Կիրառական ուղղություններին առաջնահերթություն տալու ձևակերպումը սխալ է, դա գումարներ վատնելու ամենաարագ ձևերից մեկն է: Ոչ մի կիրառական ուղղություն պետությունը չպետք է ֆինանսավորի: Կիրառական գիտության զարգացման անվան տակ կարելի է անվերջ փողեր ծախսել: Մինչև կիրառում հասցնելը շատ բարդ, ֆինանսատար և անկանխագուշակելի պրոցես է: Այդ իսկ պատճառով պետությունը կիրառական գիտության ֆինանսավորմանը չպետք է խառնվի»,- ասում է նա:

Գիտնականի կարծիքով` կիրառական ուղղություններում ֆինանսավորման արժանի գաղափարների համար կարելի է միջոցներ հայթայթել մասնավոր սեկտորից թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում: «Այդ ռիսկերն իր վրա կարող է վերցնել միայն մասնավոր սեկտորը: Միայն նա կարող է գնահատել` արժի արդյոք այդ գաղափարի իրագործման վրա գումար ծախսել, թե ոչ: Պետությունը չի կարող: Խելամիտ չէ բյուջեի գումարները նման ռիսկի ենթարկելը,- ասում է Մկրտչյանը և հավելում,- որպեսզի ունենանք կիրառական գիտություն թեկուզ մասնավոր սեկտորի գումարներով՝ պետք է լավ զարգացած ֆունդամենտալ գիտություն ունենանք»:

«Մենք մեր լավագույն գիտական նվաճումներով ներդրում ունենք համաշխարհային գիտության զարգացման մեջ: Մեր երկիրն օգտվում է համաշխարհային գիտության նվաճումներից: Այդպիսով մենք ներդրում ունենք մեր երկրի զարգացման մեջ,- ասում է Մկրտչյանը` որպես օրինակ նշելով, որ հայկական գիտական խմբերը մասնակցություն ունեն տարբեր առաջատար կենտրոնների հետազոտություններում, որոնք էլ տեխնոլոգիական փոփոխությունների հիմքն են դառնում:

«Այդ հետազոտությունները բավականին առաջ են տարել աշխարհի գիտությունը: Մենք ունենք այնտեղ մասնակցություն և որոշակի ներդրում: Գիտությունը մեր օրերում համաշխարհային է: Միայն Հայաստանի ներսում գիտության արդյունքների օգտագործման շղթա չենք կարող ունենալ,- ասում է Մկրտչյանը:- Մենք աշխարհի մի մասնիկն ենք, և ֆինանսավորելիս հենց պետք է դա հաշվի առնել, թե որ կառույցը որքանով է ինտեգրված աշխարհին»:

Մկրտչյանը նշում է, որ միջազգային մասշտաբով գնահատելու պարագայում հայաստանյան գիտությունը հավանաբար միջինին մոտ մակարդակ ունի: Սակայն թե որքան դեռ կկարողանանք այդ մակարդակը պահել, մեծապես կախված է գիտության հետագա կառավարումից և կազմակերպչական քաղաքականությունից:

«Հիմա մեզ մոտ անցումային շրջան է: Խորհրդային տարիներին կայացած գիտնականները, որոնք զգալի չափով նաև մեր լավագույն գիտնականներն են, 60-70 տարեկան են: Շուտով կգա այն փուլը, երբ չեն կարողանա ակտիվ աշխատել, ինչի հետևանքով լավ գիտնականների թիվը կարող է կտրուկ պակասել: Հիմա դեռ հնարավոր է, որ գիտելիքների փոխանցումը տեղի ունենա»:

Մկրտչյանի կարծիքով` ներկայումս գիտության ոլորտում փոփոխություններ կատարելու բարենպաստ պայմաններ են ստեղծվել. իշխանության վերին օղակներում ցանկանում են, որ գիտությունը զարգանա, ԳՊԿ-ում, ԳԱԱ-ում և ԿԳՆ-ում համապատասխան կարողություններով և գիտության հանդեպ սրտացավ վերաբերմունքով ղեկավարներ են, հանրության տրամադրվածությունը գիտության հանդեպ ևս դրական է:

«Փոփոխությունների համար մեծ պոտենցիալ ունենք: Այլ հարց է, թե որքանով դա կօգտագործվի»,- ասում է նա` հավելելով, որ ինչ-որ մեկը պետք է զբաղվի գիտության զարգացման վերաբերյալ առաջարկ մշակելով և այն ներկայացնի գիտական հանրությանը` քննարկման համար:

Որպես օրինակ նա նշում է մի ուղղություն, որը կարող է նպաստել գիտության հետագա զարգացմանը և գիտություն-բուհ կապի ամրապնդմանը:

«Աշխարհում առավել ընդունված է, որ գիտնականները լինեն համալսարաններում, ինստիտուտները լինեն համալսարանին կից: Մեզ մոտ այդ կապը վատ է եղել, վերջին տարիներին էլ ավելի է խզվել: Պատճառն այն է, որ համալսարանները քիչ ժամաքանակ ունեն, որը հազիվ բավարարում է իրենց աշխատակիցներին, ուստի դրսից գիտնական մասնագետ հրավիրել չեն կարող»,- ասում է նա և առաջարկում բուհերում պակասեցնել մի հաստիքին համապատասխանող անհրաժեշտ դասավանդման ժամերի քանակը, որպեսզի նոր մասնագետների կարիք առաջանա և կարողանան գիտական հիմնարկներից մասնագետների հրավիրել:

Բուհերը և գիտական ինստիտուտները կապելու համար Մկրտչյանն առաջարկում է նաև պետբյուջեից գումարներ հատկացնել ակադեմիական և այլ ինստիտուտներին` բուհերում կրթական գործընթաց կազմակերպելու նպատակով: «Ինստիտուտը կարող է խրախուսել իր աշխատակցին և վճարել որևէ բուհում դասավանդելու համար»,- ասում է նա:

Միաժամանակ Մկրտչյանը դեմ է բուհերի և բուհերից դուրս ինստիտուտների մեխանիկական միավորմանը. «Դա կարող է որոշ դեպքերում վատ հետևանքներ ունենալ, օրինակ` մենեջերական տարբեր մակարդակներ և այլ: Պետք է փոփոխությունների ճիշտ նախագիծ մշակել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: