Հայերեն   English   Русский  

​ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆԻ


  
դիտումներ: 11403

Հայոց քաջամարտիկ ու հայրենանվեր արքայի՝ Արշակ Երկրորդի կառավարման ժամանակաշրջանը՝ 350-368 թվականները, դարակազմիկ էին հայոց պատմության համար: Եվ այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրությունը թերի կլիներ, եթե անդրադարձ չարվեր քաջ ու հայրենասեր մի իշխանի՝ Սյունյաց տանուտեր, հայոց սպարապետ Անդովկ Սյունուն, որ նաև հայոց արքայի աներն էր՝ Փառանձեմ թագուհու հայրը:

Անդովկ Սյունին, համաձայն Ղևոնդ Ալիշանի, Սյունյաց քաջ նահապետ Վաղինակի և Աղձնիքի Բակուր բդեշխի դստեր որդին էր: Նա Վաղինակի սպանությունից հետո ժառանգում է ոչ միայն Սյունյաց տանուտիրությունը, այլև ավելի է ամրապնդում իր դիրքն ու իշխանությունը հայոց երկրում: Անդովկի եղբայրն էր Փիսակ Սյունին, որ դավաճանեց Տիրան արքային (338-350), այդ պատճառով արքան գերվեց ու կուրացվեց:

Անդովկ Սյունին հայոց ամենաազդեցիկ ու ամենազորեղ իշխանն էր: Սյունյաց նախարարական տոհմը, համաձայն Զորանամակի, հայոց բանակին տալիս էր 19800 հեծյալ:

Սյունյաց իշխանները նաև հսկում էին Պարսկաստանից դեպի հայոց միջնաշխարհ տանող ճանապարհները: Անդովկը միաժամանակ հայոց հարավային կողմանց՝ Աղձնիքի բդեշխության պաշտոնն էր վարում: 350-ական թվականներին Անդովկ իշխանի նստավայրը Տիգրանակերտ քաղաքն էր: Նա հսկում էր հայոց հարավային մուտքերը և ամուր պատվար էր ստեղծել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ պարսկական ոտնձգությունների դեմ:

Անդովկը Մամիկոնյանների փեսա էր, ամուսնացել էր Վաչէ Մամիկոնյան սպարապետի դստեր հետ: Մամիկոնյան իշխանուհին Անդովկին պարգևեց Բաբիկ, Սամ և Վաղինակ որդիներին, Փառանձեմ դստերը:

Սյունյաց իշխանը սերտ համագործակցում էր նաև Կամսարականների հետ: Գուցե դրանով էր պայմանավորված Անդովկ իշխանի ընդգծված հռոմեասիրությունը և հակապարսկական դիրքորոշումը: Սակայն միաժամանակ նա հայրենասեր այր էր ու հայոց պետության հենասյուներից մեկը:

Հայտնի չէ Սյունյաց զորեղ իշխանի ծննդավայրը և ծննդյան թվականը: Հայտնի է միայն, որ նրա օրոք Սյունաց իշխանանիստը Շաղատ գյուղաքաղաքն էր:

338 թ.՝ Խոսրով Բ Կոտակ հայոց արքայի (331-338) մահից հետո, Անդովկ Սյունին Արշավիր Կամսարական իշխանի հետ դարձավ Մեծ Հայքի խնամակալ: Նա գլխավորեց հայոց նախարարների մեծ դեսպանությունը դեպի հռոմեացիների երկիր, ուր ապահովեց հայ-հռոմեական դաշինքն ու արքայազն Տիրանի գահակալությունը:

Նույն 338 թվականից Տիրան արքայի հրամանով Անդովկ Սյունին վարել է հայոց սպարապետության պաշտոնը:

Տիրան արքայի կուրացումից ու գահազրկումից հետո Անդովկ Սյունին 350 թ. Ոսխայի ճակատամարտում, որպես հայոց զորքերի սպարապետ, ջախջախեց պարսկական բանակներն ու ապահովեց իր փեսայի՝ Արշակ Բ արքայի գահակալությունը երկրում: Նա բազում ճակատամարտեր է շահել պարսկական զորքերի դեմ: Հետագայում, օգտագործելով իր դիրքն ու ազդեցությունը, խոչընդոտեց Արշակ Երկրորդի և Շապուհ Երկրորդի մերձեցման քաղաքականությունը՝ հայոց երկրի արտաքին քաղաքականությունն ուղղելով դեպի Հռոմի հետ մերձեցում:

353 թ. Անդովկ Սյունին Ներսես Պարթևին ուղեկցեց Կեսարիա և օծել տվեց որպես հայոց կաթողիկոս:

Նա քաջ ու հմուտ զորավար էր և միշտ պատրաստ էր ծառայել հայրենիքին, պատվին ու արքային: Եվ նրա զայրույթը հաճախ է զգացել թշնամին իր մաշկի վրա:

Պատմիչները հետաքրքիր դրվագ են հաղորդում Անդովկի կյանքից:

Պարսից Շապուհ Բ Երկարակյաց (309-372) արքան դեպի Միջին Ասիա՝ քուշանաց դեմ արշավանքից առաջ աշխարհաժողով է գումարում և դաշնակից բոլոր պետությունների ներկայացուցիչներին հրավիրում իր Տիզբոն մայրաքաղաք՝ միասին քննարկելու արշավանքի մանրամասներն ու նախապատրաստվելու արշավանքին:

Հայոց աշխարհը պարսից արքունիքում դեսպանի կարգավիճակով ներկայացնում էր Սյունյաց տերը, որ Տիզբոն էր ժամանել 1700 հեծյալներով: Շապուհը չէր սիրում հպարտ ու գոռոզ սյունեցուն, այդ իսկ պատճառով կարգադրում է, որ ընդունելության խնջույքի ժամանակ Անդովկ իշխանի բարձը դնեն ամենավերջում, իրենից շատ հեռու: Մինչդեռ, հնամենի կարգի համաձայն, հայոց աշխարհը ներկայացնող արքայի կամ իշխանի բարձը պետք է լիներ արյաց արքայից արքայի կողքին՝ աջ կողմում:

Շապուհի որոշումը մեծ վիրավորանք էր՝ ուղղված ոչ միայն Սյունյաց իշխանին, այլև հայոց աշխարհին առհասարակ: Նման վիրավորանք հայոց արքայի դեսպանը հանդուրժել ու ներել անկարող էր: Նա պարտավոր էր պատժել, այն էլ շատ խիստ պատժել Մեծ Հայքին հասցված վիրավորանքը:

Ողջ խնջույքի ընթացքում Անդովկը չօգտվեց արքայական ճոխ հյուրասիրությունից:

Հաջորդ օրը, երբ Շապուհ արքայից արքան պետք է պարսից և դաշնակիցների զորքն առաջնորդեր դեպի քուշանաց անապատներ, նրան է մոտենում Անդովկ իշխանն ու դիմում, որ ինքը Հայոց երկրից սպասում է սպառազեն հայոց այրուձիու գալստյանը, և քանի որ հայոց զորքն ուշանում է, ստիպված է մնալ մայրաքաղաքում և սպասել օգնական զորքին:

Շապուհն ուրախանում է, քանզի այդ պատերազմում հայոց այրուձիու աջակցության կարիքը շատ ուներ:

Երբ պարսից զորքը հեռանում է մայրաքաղաքից, Անդովկ Սյունին հարձակվում է արքունիքի վրա, սրակոտոր անում արքունի պահապան զորքը, թալանում Շապուհի արքունական գանձերն ու ավերելով Տիզբոնը՝ հրո ճարակ դարձնում այն ու հեռանում Սյունյաց երկիր:

Այս հարվածն այնքան ծանր էր պարսից հզոր տերության ինքնությանն ու պատվին, որ դեպքից դեռ տասնյակ տարիներ անց պարսից արքաները արքունիքի դիմաց մոխրով լի սանդեր էին դնում, և պարսիկ հերարձակ կանայք, ճիպոտներով ծեծելով սանդի մոխիրը, անիծում էին, որ Սյունյաց Անդովկ իշխանի տունը մոխիր դառնա…

Անդովկ Սյունին իր փոքրաթիվ ջոկատով արեց այն, ինչը չէր հաջողվել անել պարսից հզոր երկրի ոխերիմ թշնամիներին մեծ բանակներով:

Այսպիսով լուծելով հայոց երկրին հասցված անարգանքի վրեժը՝ Սյունյաց իշխանը պարսից երկրի անհամար գանձերով վերադառնում է Սյունիք ու պատրաստվում ահեղ պատերազմի:

Նա պարսից արքունական գանձերը լցնում է իր իշխանանիստ Շաղատի եկեղեցի, ապա հրամայում եկեղեցին ծածկել հողով՝ այն դարձնելով բլուր:

Շատ չանցած՝ պարսից մեծաքանակ զորքը պաշարում է Շաղատի բերդը: Ամիսներ տևած ծանր մարտերն ու պաշարումն անօգուտ էին Շապուհի համար: Անդովկ իշխանը հանգամանորեն պատրաստվել էր այս պատերազմին: Եվ պարսից զորքը հուսահատ, ձեռնունայն հետ է գնում հայոց երկրից:

Իսկ Անդովկ իշխանը, որպեսզի առիթ չտա հայ-պարսկական նոր պատերազմի և հարաբերությունների սրման, հեռանում է հայոց երկրից և հաստատվում Հռոմեական կայսրության տարածքում: Նա իր հետ տանում է նաև իր Բաբիկ որդուն: Հռոմում Անդովկ Սյունին նաև այնտեղ պատանդ պահվող թոռան՝ Պապ արքայազնի խնամակալը դարձավ: Եվ հայոց դեռևս պատանի գահաժառանգի աշխարհայացքի, գաղափարների ձևավորման մեջ, բնականաբար, մեծ է պապի՝ Սյունյաց զորեղ իշխանի դերը:

Փաստորեն Անդովկն է Պապի հոգևոր հայրն ու դաստիարակը: Սյունյաց հպարտ ու զորեղ իշխանն է իր թոռան հոգում ներարկել սերը հայրենյաց նկատմամբ, նաև ազդել նրա կրոնական հայացքների վրա:

Պատմագիտությունը լռում է՝ Անդովկ Սյունին քրիստոնյա էր, թե ոչ: Կարծում եմ՝ հեթանոս էր: Հեթանոս էր նաև հպարտ սյունեցու չքնաղ դուստրը՝ Փառանձեմ թագուհին: Հայ կղերական պատմիչները, բանսարկու մեղադրանքների տարափ հղելով հայոց դշխոյի հասցեին, նաև գրում են, որ նա դեռ օրորոցից իր որդի Պապին նվիրել էր դևերին:

Քանի որ կղերականները, դևեր ասելով, նկատի ունեին ցեղապաշտ հայ հեթանոսներին, Փառանձեմը՝ Սյունյաց իշխանադուստրը և հայոց թագուհին, ըստ երևույթին հեթանոս էր, ինչը քիչ հավանական կլիներ, եթե քրիստոնյա լիներ նրա հայրը՝ Անդովկը:

Պապ արքայազնը, հեռու լինելով հայոց երկրից ու արքունիքից, գտնվելով հռոմեական գերության մեջ, այնտեղ իր պապի ազդեցության տակ էր: Գուցե հենց դրանով էր պայմանավորված հայոց զորեղ արքայի հետագա քաղաքական կուրսն ու քաղաքականությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ:

Անդովկ Սյունին՝ արդեն պատրիկի պատվատիտղոսով, 370 թ. իր թոռան՝ Պապ արքայի հետ վերադարձավ Մեծ Հայք ու թոռանն առոք-փառոք բազմեցրեց հայոց գահին: Դա նրա վերջին ծառայությունն էր հայրենիքին…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: