Հայերեն   English   Русский  

​«Յան-ով, թե առանց յան-ի ես հայ եմ ու հիմա Հայաստանում եմ». Շանթ Չաքմաք


  
դիտումներ: 3078

Շանթ Չաքմաքը ծնվել է Կանադայում, քաղաքագիտություն սովորել Տորոնտոյի Յորքի համալսարանում և ինչպես կանադահայ յուրաքանչյուր ավանդապահ ընտանիքի զավակ՝ սերտորեն կապված է եղել հայ համայնքի կյանքին, եղել ակտիվ անդամ՝ դաստիարակվելով հայրենիքի, հայ դատի գաղափարներով: Ու հավանաբար նրա կյանքը շատ սփյուռքահայերի պես կշարունակվեր նույն հունով, նա էլ իր պարտքը կհամարեր ընտանիք կազմելուց հետո իր երեխաներին փոխանցել այն ամենը, ինչ փոխանցել են իրեն հայ համայնքում, եթե ճակատագիրը հնարավորություն չտար մի քանի ամսով ապրելու և աշխատելու Հայաստանում, զգալու իրական Հայաստանի շունչը և արմատապես վերանայելու իր սկզբունքներն ու մոտեցումները:

2016 թ. Շանթը «Դեպի Հայք» ծրագրով գալիս է Հայաստան և մի քանի ամիս աշխատում «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամում, որի նպատակն է Հայաստանի մարզերի զարգացումը, մարզերում կանանց համար աշխատատեղերի ստեղծումը: Այդ ընթացքում նա հաճախ է լինում Հայաստանի հեռավոր գյուղերում, տեսնում ու զգում է հայաստանյան իրականությունը խորքից ու հասկանում, որ իրենք Սփյուռքում կտրված են այդ իրականությունից:

Կամավորական ծրագրի ավարտից հետո Շանթին առաջարկում են մնալ և աշխատել հիմնադրամում: Հայաստան վերադառնալու միտքն արդեն այդ ամիսների ընթացքում ամրացել էր, և աշխատանքի առաջարկը վերջնական որոշում կայացնելու առիթ է դառնում: Նա տեղափոխվում է Հայաստան:

Ո՞րն է այն սահմանագիծը, որտեղից հայրենիքի մասին պատկերացումներն ու իրականությունը խզվում են. ինչո՞ւ են իրենք Սփյուռքում ապրում լրիվ այլ Հայաստանով ու այլ խնդիրներով, ի՞նչ է պետք անել, որպեսզի հին մոտեցումները վերանայվեն ու բխեն այսօրվա առաջնահերթություններից ու պահանջներից: Չնայած երիտասարդ տարիքին՝ Շանթի համար այս հարցերը լուրջ մտորումների առիթ են դառնում: «Սփյուռքում մենք ապրում ենք հայ դատով, մեր միտքն ամբողջովին այդ ուղղությամբ է, մենք անդադար պայքարի մեջ ենք: Մի պարզ օրինակ. այս տարի առաջին անգամ ապրիլի 24-ը Հայաստանում անցկացրեցի և առաջին անգամ ես այդ օրը ոչ թե պայքարեցի, այլ ուղղակի հիշեցի. դա ինձ համար հիշատակի օր դարձավ: Այո, պայքարը նույնպես պետք է, պիտի շարունակես բարձրաձայնել, խոսել այդ մասին, բայց մեծ հաշվով հիմա ինձ համար արդեն մեկ է՝ աշխարհը կճանաչի, թե ոչ»:

Շանթի համար նաև կարևոր է, որ փոխվի մոտեցումը հայրենիքին օժանդակելու, աջակցելու հարցում: Ասում է, որ Սփյուռքում բոլորն էլ, իբրև սրտի հանգստություն, ուզում են ինչ-որ բան անել Հայաստանի համար: Բայց եթե անում ես պարզապես սրտիդ հանգստության համար՝ դա իր նպատկին չի ծառայում: «Որպեսզի այդքան ջանքն ու եռանդը, այդ ռեսուրսները իզուր չանցնեն, պետք է մարդիկ ներսից ճանաչեն Հայաստանը, որպեսզի իրենց օգնությունը ճիշտ լինի, նպատակ ունենա, թե չէ ուղղակի ինչ-որ բան անել սրտիդ հանգստության համար իմաստ չունի»:

Իսկ Հայաստանը ճանաչելու լավագույն ձևը, նրա կարծիքով, Հայաստանում որոշ ժամանակ ապրելն է: Դա նաև կհստակեցնի վերադարձի ցանկությունն ու հնարավորությունները: «Եթե ես այստեղ մի քանի ամիս չապրեի, միգուցե շատ մտածեի վերադառնալու մասին, բայց երբեք վճռական որոշում չկայացնեի»:

Առհասարակ Շանթը կարծում է, որ այսօր Սփյուռքի ավանդական մոտեցումներն արդեն հնացած են և ոչ արդիական: Ասում է՝ հայ համայնքները տարիներ ի վեր միավորվել են անկախ Հայաստանի գաղափարի շուրջ, բայց այդ Հայաստանն արդեն 25 տարի է՝ կա, իսկ Սփյուռքի մոտեցումները դեռ չեն փոխվել:

Շանթ Չաքմաքը Հայաստանում է արդեն մեկ տարուց ավելի: Ասում է՝ Հայաստանը միակ տեղն է, որտեղ իրեն լիարժեք ուրախ ու երջանիկ է զգում, և դա ունի ոչ միայն զգայական, այլև տրամաբանական բացատրություն: Ամենակարևոր ձեռքբերումը նրա համար այն է, որ այլևս չի պայքարում ինքնությունը պահելու համար. «Օտար երկրում դու ամեն վայրկյան լարված ես, ամեն վայրկյան ներքին պայքարի մեջ ես, որ հայ մնաս, իսկ այստեղ այդ ամբողջ լարվածությունն արդեն դուրս է եկել, դա ինձ համար ամենակարևորն է»:

Իսկ այդ լարվածությունից ձերբազատվելուց հետո Շանթը սկսել է ոչ միայն ավելի հանգիստ ապրել, այլև ինքն իրեն ավելի խորությամբ ճանաչել, ավելի նոր ու բարձր նպատակներ իր առաջ դնել: Արդեն որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել դիզայնի ոլորտում և այդ նպատակով հնարավոր է՝ մեկնի արտերկիր սովորելու: Բայց ձեռք բերած սերմերը նա ցանելու է միայն Հայաստանում, որ բերքն էլ հավաքի ու վայելի Հայաստանում:

Միգուցե շատերը կմտածեն, որ նման հնարավորությունների դեպքում բոլորն էլ կմնան իրենց հայրենիքում: Այո, ընդունում է: Ի տարբերություն շատերի՝ ինքն այստեղ աշխատանք ունի, բավարար նյութական պայմաններ ապահով կյանքի համար. «Բայց եթե ես այդ ամենը ունեմ, նշանակում է դա իրականություն է, դա կա, հետևաբար՝ բոլորն էլ կարող են ունենալ»:

Շանթ Չաքմաք

Հայաստանը դրախտ չէ, ոչ էլ խնդիրներն են պակաս. հատկապես մտածողության հետ կապված լուրջ հակասություններ կան, բայց Շանթն ուրախ է, որ դրսում ապրած և օտարերկրյա համալսարաններում սովորած հայ երիտասարդները, գալով Հայաստան, նոր շունչ ու նոր գաղափարներ են բերում. «Այստեղ, օրինակ, քննադատական մտածողություն (critical thinking) չկա, և մի քիչ դժվար է այս միջավայրում այդպիսին լինելը, բայց շատ կարևոր է, որ մարդիկ ամեն ինչին անվերապահորեն չհավատան, քննադատորեն նայեն»:

Շանթի ծնողներն ուրախ են, որ իրենց որդին Հայաստանում է: Պատմում է, որ մի անգամ հորը Հայաստանից մի լուսանկար է ուղարկել, լուսանկարում ինքը դասախոսություն էր կարդում, իսկ հետևում իր անուն ազգանունն էր գրված՝ Շանթ Չաքմաք: Հայրը հարցրել է. «Ինչո՞ւ Չաքմաքյան չես գրել»: «Որովհետև դա նույնպես իմ ընտանիքի պատմությունն է»,- ասել է Շանթը:

Ցեղասպանությունից հետո Շանթի պապը մնացել է Ստամբուլում, և որպեսզի իր գոյությունը պահպանի, Չաքմաքյան ազգանվան յան-ը հանել է՝ գրելով Չաքմաք: Շանթը կարծում է, որ չպետք է յան-ը վերականգնել. «Երեք սերունդ առաջ իմ մեծ հայրը դա արեց, որպեսզի իր ընտանիքը պաշտպանի, և այդ ընտանիքը հայ մնաց: Յան-ով, թե առանց յան-ի ես հայ եմ ու հիմա Հայաստանում եմ, դա է կարևորը»,-ասում է Շանթ Չաքմաքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: