Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում կալանավորվել է ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ, ևս մեկի նկատողություն է արվել


  
դիտումներ: 499

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության` Սումգայիթի կազմակերպության ակտիվիստ Ռուսլան Գարան դատապարտվել է 20 օրվա վարչական կալանքի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կուսակցությունում դեռևս չգիտեն, թե ակտիվիստը ինչ վարչական իրավախախտումներ է արել, սակայն վստահ են, որ նրան հետապնդում են քաղաքական պատճառներով: Նախօրեին քաղաքացիական հագուստով անձինք առևանգել էին Գարային իր տան մոտ:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գարան դարձել է կուսակցության 41-րդ ակտիվիստը, ով 2016 թ-ից ի վեր ընկած ժամանակահատվածում դատապարտվել է վարչական կալանքի: Կուսակցության ևս 20 անդամներ աշխատանքից հեռացվել են: Քերիմլին նշել է, որ ճնշման նման ձևը չի դադարեցնի ժողովրդավարության համար ադրբեջանական երիտասարդության պայքարը:

Երեկ ոստիկանություն է կանչվել նաև «Ժողովրդավարական երիտասարդություն» կուսակցության ղեկավար Իսմաիլ Իսլամօղլուն: Նախապես Շիրվան քաղաքում ձերբակալել են վերջինս հորը` Իսլամօղլուից պահանջելով ներկայանալ ոստիկանություն: Ոստիկանության` Յասամալիի շրջանային բաժանմունքում մոտ երեք ժամ «զրուցել են» Իսմաիլ Իսլամօղլուի հետ` բողոքելով ֆեյսբուքյան իր էջում քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված գրությունից և պահանջելով «այլևս չանդրադառնալ այդ թեմային»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: