Հայերեն   English   Русский  

«Մեզ սիրող» եվրոպական ատյանները օգտագործում են «օկուպանտ» բառը՝ արդարացնելով մեր զինվորների սպանությունները. Աշոտ Մանուչարյան


  
դիտումներ: 25459

Մինսկի խմբի ձևաչափը աշխարի առաջատար պետությունների շահերը պաշտպանելու համար է: Դրա միջոցով նրանք փորձում են համադրել շահերը, գուցե ինչ-որ առումով մեղմելու առճակատումը, բայց ոչ մի դեպքում լուծելու այս խնդիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:

«Այս տարածաշրջանը ժողովուրդները իրենց խնդիրները կարող են լուծել միայն մեկ բանաձևով. այն, ինչ մենք իրականացնում էինք 1992-1993 թվականներին: Ժողովուրդները իրար մեջ էին խոսում: Բոլորն իրենց ազդեցիկ դեմքերով սկսել էին իրար հետ շփվել»,- նշեց նա:

Ըստ Աշոտ Մանուչարյան՝ Արցախյան շարժման սկզբում իրականում եղել է սա. 1988 թվականին Ադրբեջանի տարածքում ինչ-որ ուժեր ստեղծեցին ծայրահեղական խմբեր՝ սպանդի ջոկատներ, որոնք սկսեցին սպանել հայերին ազգային հողի վրա: Դա արվեց, որպեսզի Ադրբեջանում զավթեն իշխանությունը: Օրինակ, Էդուարդ Փոլադովն իր նամակում ասում էր, որ ինքը Բաքվից էր և ադրբեջանցիները չէին մասնակցում հայերի զանգվածային սպանություններին: Շատերը փրկում էին՝ իրենք դառնալով թիրախ: Շատ ադրբեջանցիներ փախել են ադրբեջանցիներից՝ լքելով իրենց երկիրը. «Այս ամբողջ պատմությունը մենք շպրտել ենք մի կողմ, որովհետև ավագ քեռիները ասել են՝ շտապ այստեղ պետք է ստեղծել մի «օկուպացված տարածք», որտեղ մարդասպանությունը պետք է շարունակվի: Իրականում հայերը ինքնապաշտպանություն են սկսել պայքարելով այդ ծայրահեղական խմբերի դեմ: Հիմա էլ «մեզ սիրող» եվրոպական բոլոր ատյանները օգտագործում են «օկուպանտ» բառը հայերի մասին՝ արդարացնելով մեր զինվորների սպանությունները »,- նշեց վերլուծաբանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը՝ պարոն Մանուչարյանը նշեց, որ դրանից մեծ սպասումներ ունենալ պետք չէ. «Պետք է հասկանանք՝ Հայաստանի քաղաքականություն, հայ ժողովրդի կամք, այդպիսի բաներ գոյություն չունեն: Այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից, աշխարհի ուժեղները սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի: ժամանակ է անցնում և հանկարծ ժողովուրդներին կանգնեցնում են անակնկալի առջև. կատարվել է այս ինչ բանը և իր ղեկավարներն այդ բանը կատարում են»,- ասաց նա:

Նա ընդգծեց՝ չա ԼՂ կոնֆլիկտ. կա Ադրբեջանի պետականության ստեղծման հետևանքով առաջած կոնֆլիկտ: Դա իշխանությունը զավթած խմբի և ժողովուրդների միջև է:

Վերլուծաբանի խոսքով՝ այսօր ինչ կատարվում է, վաղը ինչ կատարվելու է, ոչ թե գալիս է նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են որոշել, այլ Հայաստանից և Ադրբեջանից դուրս նրանց համար ինչ է որոշվել, ինչ է հրամցվելու: Այս տեսակետից անակնկալներ ամեն վայրկյան կարող են լինել եւ ժողովուրդները պետք է պատրաստ լինեն. «Հայությունը հզորագույն համակարգ է, և այս օրերին արագ թափով գնում է վերականգնում, ինչպես նաև այն համակարգերի ընդլայնում, որոնք զբաղվելու են հայության անվտանգության խնդիրներով: Այդ համակարգերն արդեն այսօր ի զորու են շատ հարցադրումներ կատարել, շատ քայլեր իրականացնել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: