Հայերեն   English   Русский  

«Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը». Նիկշա Բավցևիչ


  
դիտումներ: 1100

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն:

Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջիկա որոշիչ խաղի մասին.

«Բոսնիա եւ Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին եւ որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետեւ այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Եւ, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշեց Բավցեւիչը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշեւիչը: Նիկշա Բավցեւիչը կարծիք հայտնեց, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.

«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշեւիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:

A խմբի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: