Հայերեն   English   Русский  

​Կարո Եղնուկյանը մտադիր չէ մասնակցել «Սասնա ծռերի» գործով դատական նիստերին. փաստաբան


  
դիտումներ: 10683

Կարո Եղնուկյանը չի ուզում մասնակցել «Սասնա ծռերի» գործով նշանակված դատական նիստերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ-ին, արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին:

«Անիմաստ տեղն իրեն վատ պայմաններով տեղափոխում են կալանավայրից ու 8 ժամ դատարանի նկուղում պահում, ինչն անմարդկային վերաբերմունք է և արժանապատվությունը ոտնահարող հանգամանք»,- գրել է պարոն Եղնուկյանն իր դիմումում:

Ըստ փաստաբանի՝ դատական սանկցիա կա Եղնուկյանի նկատմամբ ու նրան չպետք է ուղեկցեն դատարան, բայց Եղնուկյանին տեղափոխում են, անտեղի պահում նկուղում ու հետ բերում: Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Եղնուկյանն ունի առողջական խնդիրներ: Քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատական սանկցիայի առկայության պայմաներում Կարո Եղնուկյանը պարտավոր չէ ներկայանալ նիստին: Սակայն, միեւնույն է, դատավոր Ա. Գաբրիելյանը ցուցում է տվել քրեակատարողական հիմնարկին, որ Եղնուկյանին տեղափոխեն դատարան: «Սա սադրանք է իշխանությունների կողմից, դատավորի կողմից արհեստականորեն ստեղծվում է այնպիսի վիճակ, որ ՔԿՀ և ոստիկանության ծառայողները ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ և հակառակ իմ կամքի ինձ տեղափոխեն դատարան: Սա շարունակությյունն է այն բանի, որ նույն դատավորը դատարանում ջուր ունենալու համար իմ նկատմամբ կիրառեց դատական սանկցիա»,- գրված է դիմումում:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ակնհայտ է՝ Եղնուկյանի նկատմամբ պետք է ուժ և բռնություն կիրառվի:

«Եղնուկյանը անիմաստ և վտանգավոր է համարում դատարանում ներկա գտնվել, քանի որ վերջին դեպքերում հենց նկուղում էին խոշտանգման ենթարկել «Սասնա ծռերի» գործով մի շարք անձանց: Եղնուկյանն իրեն համարում է քաղբանտարկյալ: Վերջին հինգ տարիների ընթացքում նա եղել է քաղհալածյալ»:

Փաստաբանը նաև շեշտեց՝ իրենց դեռևս պարզ չէ, թե ինչում են մեղադրում իր պաշտպանյալին:

Եղնուկյանը հայտնել է. «Ես վճռականորեն եմ տրամադրված եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, եթե դա կարելի է դատարան համարել, ես չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա բոլոր անդառնալի հետևանքները և ողջ պատասխանատվությունը ընկնում է պաշտոնատար անձանց վրա, ում դիմում է ուղարկվել»:

«Պահանջում եմ զերծ մնալ իմ նկատմամբ բռնություն գործադրելուց և ուժ կիրառելուց, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նման ակնհայտ անօրինական որոշումներ կայացնող Ա. Գաբրիելյանին»,- եզրափակում է Եղնուկյանը իր դիմումում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: