Հայերեն   English   Русский  

«Մուղամի, կլկլոցների կրիչների վաճառքի սահմանափակում չենք առաջարկում». Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 838

«Ելք» խմբակցությունը ամփոփել է երկամսյա գործունեությունը Երևանի ավագանու կազմում:

«Շատերն ասում են՝ արդյոք հետևում եք ձեր ծրագրին և այն ծրագրային դրույթներին, որոնք առաջ եք քաշել: Պետք է ասեմ, որ դրանք իրականություն կդառնան, եթե դրանք առաջ քաշող ուժը գա իշխանության: Սակայն մենք հավատարիմ ենք մնալու մեր բոլոր սկզբունքներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Մուղամի, կլկլոցների հետ կապված մի խմբի հայտարարությունը, թե Ելքը սահմանափակում եք մտցնում, ինչը բնորոշ էր տոտալիտար համակարգին, պարոն Հարությունյան այսպես մեկնաբանեց. «Նրանք փաստաթղթերը չեն կարդում: Այն փաստաթուղը, որ մենք հրապարակել ենք վերաբերում է Վերնիսաժին և այնտեղ հնչող երաժշտությանը: Մուղամի, կլկլոցների կրիչների վաճառքի սահմանափակում չկա»:

Ավագանու անդամը շեշտեց՝ Վերնիսաժը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող օբյեկտ է և զբոսաշրջիկներն առաջինն են առնչվում հայ մշակույթի, արվեստի ու արհեստին: Այսպիսով, քաղաքապետարանը կարող է որոշել, թե ինչպիսի միջավայր կարող է լինել Վերնիսաժում, որ առնչությունն անմիջական լինի:

«Արցախում հանրային վայրերում պետական մակարդակով արգելված է ռաբիսը: Ես երբևէ որևէ քննադատություն չեմ լսել դրա վերաբերյալ: Մարդիկ չեն բողոքել»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ փողոցների անվանակոչությունն իրենց նախընտրական ծրագրային դրույթներից էր. Մասնավորապես խոսքը վերաբերում է Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելուն. «Սակայն այդ մեկ փողոցով խնդիրները չեն ավարտվում: Մենք ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են այն անձանց անունով, որոնց գործունեությունը եղել է ի վնաս հայ ժողովրդի ու պետականության շահերի: Կան մեծ ներդրումներ կատարած հայեր, որոնց անունով փողոցներ անվանակոչված չեն», - ասաց նա:

Այս պահին քննարկվում է Միկոյան, Կասյան և Լենինգրադյան փողոցներն անվանափոխելու հարցը: Առաջիկայում կքննարկեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Ֆրունզեի անվան փողոցն էլ անվանափոխելու առաջարկին:

Անդրադառնալով քննադատություններին՝ Խաժակյանը նշեց, որ եթե իրենք արժևորում են պետականությունը, ապա մենք ունենք այնպիսի հանրային կառավարում, միջավայր, որտեղ ամեն ինչ համապատասխանում է պետականությունն արժևորող ժողովրդին:

«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում «Ելք» խմբակցությունը 120 հարցում, դիմում-բողոք և միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին, ինչը աննախադեպ ցուցանիշ է` ի համեմատ նախորդ գումարման ավագանու բոլոր խմբակցությունները գործունեության հետ»,- շեշտեց Խաժակյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: