Հայերեն   English   Русский  

Նաիրի Զարյանի անունով դպրոց ունենալը հակամանկավարժական է. Նարինե Թուխիկյան


  
դիտումներ: 2212

Փոփոխություններ պետք է կատարել ոչ միայն փողոցների, այլև դպրոցների անուններում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում Նաիրի Զարյանի անվան դպրոցի անվան փոփոխությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկել էր փոխել բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները:

«Ճիշտն ասած՝ «Ելքից» առաջ այդ ցանկությունն իմ մեջ վաղուց արթնացած էր, հատկապես՝ Զարյանի դպրոցի առումով: Եթե ճանաչում ես Նաիրի Զարյանին, իր կատարած «քաջագործություններին» ծանոթ ես, պետք է հասկանաս, որ այդ մարդու անունով չի կարող հանրակրթական կրթօջախ լինել, և սա հակամանկավարժական է»,- ասաց Թուխիկյանը:

Նա ընդգծեց, որ իր ասածը վերաբերում է ոչ միայն Երևանին: Հատկապես խոսքը վերաբերում է Դիլիջանին. «Մենք հիմա խոսում ենք Դիլիջանի մասին՝ իբրև զբոսաշրջային կենտրոնի, կուրորտային քաղաքի, միջազգային ներդրումներ: Մտնում ես քաղաք՝ հայի անունով փողոց չկա, ու ամենամեծ փողոցը մանկապիղծ Կալինինի անունով է կոչվում: Թե ինչո՞ւ է դա այդպես, ես չեմ հասկանում: Ասում են՝ իբր դա ահռելի ծախս է, դրա համար չեն անվանափոխում, բայց սա շատ պրիմիտիվ մեկնաբանություն է: Երբ պատմությանը նայում ես, Դիլիջանը հենց տարանցիկ քաղաք է եղել 19-րդ դարից սկսած. ովքեր ասես, որ չեն անցել, ու որևէ մի ցուցանակ չկա, որ այստեղով Կոմիտասն է անցել, Թումանյանն է անցել, Զապել Եսայանն է եղել, Սիամանթոն է եղել: Կարծես այդ քաղաքն ինչ-որ մի 5-րդ շարասյան կողմից զավթված տիրույթ է անկախ Հայաստանի տարածքում»,- նշեց Նարինե Թուխիկյանը:

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն իր հերթին նշեց, որ նման քննարկումները ոչ մի արդյունք չեն տա, եթե չլինի համակարգային մոտեցում

«Սա չի վերաբերում միայն Երևանին, վերաբերում է ամբողջ հանրապետությանը, պետք է կառավարությունը կամ ՀՀ նախագահը ստեղծեն մտավորականների մի խումբ, որոնք կզբաղվեն անվանափոխության խնդիրներով: Այդ մարդիկ 2-3 ամիս կաշխատեն, անուններն այնպես պետք է փոխեն, ինչպես Արգիշտին քարի վրա գրել է, որ 1000 չփոխվի, ոչ թե ամեն եկողը փոխի: Չի կարելի նման բան թույլ տալ, անունը հայրենիք է, ազգ է: Կարծում եմ՝ պետք է հավաքել բոլոր հին բոլշևիկյան «աստվածների» արձանները, և քաղաքից դուրս, որտեղ ամայի տարածք է, ստեղծել մերժված արձանների թանգարան: Գիտե՞ք՝ ինչքան տուրիստներ կգնան, բոլորս կգնանք՝ նայելու այդ մարդկանց»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: