Հայերեն   English   Русский  

՛՛Ես ձեզանով եմ ուժեղ՛՛. Արթուր Ալեքսանյանը դիմել է գյումրեցիներին


  
դիտումներ: 498

Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից հետո իր չեմպիոնի հաղթական վերադարձին սպասում էր ամբողջ Գյումրին:

Արդեն 4-րդ տարին է ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գյումրեցիների համար տարին գոնե մեկ անգամ ցնծություն է ապահովում: Օլիմպիական խաղերի հաղթանակը գյումրեցիները դեռ չէին հասցրել մոռանալ և ահա, ըմբիշը հայրենի քաղաք է բերել աշխարհի առաջնության 3-րդ ոսկե մեդալը:

Արթուր Ալեքսանյան

՛՛Դու Գյումրուն էնպիսի անուն բերեցիր, որ Գյումրին դարձավ սպորտային մայրաքաղաք՛՛, - Գյումրու կենտրոնում հայատարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըմբշամարտի Շիրակի մարզային ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանն էլ Արթուրի հաղթանակների առթիվ նշեց.՛՛Մենք 3-րդ անգամ ենք տեսնում Արթուրին աշխարհի չեմպիոնի կարգավիճակում, բայց, Արթուր ջան,մեզ համար, կարծես, սովորական է դարձլ՝ հենց գնում ես, մեդալ ես բերում: Ու ես հույս ունեմ, որ քեզ Գյումրիում դիմավորելու ենք որպես օլիմպիական եռակի չեմպիոն՛՛:
Գյումրեցիներն Արթուր Ալեքսանյանին առավել շատ սիրում են նրա համար, որ չեմպիոնը, չնայած իր նվաճած բարձունքներին, շարունակում է ապրել Գյումրիում, նույնիսկ ոտքում շրջում է քաղաքում, շփվում մարդկանց հետ՝ մեծ թե փոքր: Ասում են՝ ՛՛ինչղ օր հեչ չեմպիոն չեղնի, շատ համեստ է՛՛: Հենց սա է նաև պատճառը, որ Արթուրի բոլոր հաղթանակներից հետո, նրա վերադարձը իսկական տոնի է վերածվում քաղաքում:
Գևորգ Ալեքսանյանը՝ Արթուրի հայրն ու անձնական մարզիչը այս կապակցությամբ նշում է՝ ՛՛Ինձ միշտ ասում են՝ աշխարհի ամենաերջանիկ ծնողն ես: Այո, ես ընդունում եմ դա: Եվ ամեն անգամ, երբ մեր վերադարձը նման ցնծությամբ եք նշում, որ այսքան սիրում եք Արթուրին... կներեք, չեմ կարող զգացողություններս արտահայտել: Մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր ազգաբնակչությանը, գյումրեցիներիս՝ էսպես մեզ դիմավորելու համար: Ժողովուրդ ջան, մենք էլ ձեզ ենք շատ սիրում և միշտ զգում ենք ձեր ուժը՛՛:
Ինչքը՝ չեմպիոնը, նորից փայլում է համեստությամբ, հասցնում նկարվել հրապարակում հավաքված գրեթե բոլոր

Արթուր Ալեքսանյան

երկրպագուների հետո ու շատ կարճ ասում՝ ՛՛Շնորհակալ եմ բոլորից, որ եկաք մեզ դիմավորելու, և ուզում եմ միշտ հիշեք՝ ես ձեզանով եմ ուժեղ՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: