Հայերեն   English   Русский  

​Երբ ցորենը ջրի գին է ունենում


  
դիտումներ: 9642

Հացահատիկի զտիչից չորսբոլորը տարածվող փոշու ամպի միջից երևում են երկու երիտասարդ ու երկու միջին տարիքի տղամարդ, որոնք քրտնաթաթախ ու մարմնի վրայի փոշու հաստ շերտն անընդհատ թափ տալով, ծանր աշխատանքից հևալով՝ նոր հնձած ցորենի մեծ կույտը փորձում են արագ-արագ բահերով ու թիակներով լցնել զտիչի բերանը:

Ամեն ինչից երևում է, որ չեն հասցնում զտիչի ամենակուլ երախը լցնել, մի քանի տոննա ցորենը բահով ու թիակներով առաջ բրթելը հեշտ գործ չէ, հատկապես երբ զտիչի տարբեր մասերից կախված են նաև տարբեր պարկեր (խոշոր հատիկները, կուտը, թեփը հավաքելու համար), և պարբերաբար պետք է նաև պարկերը փոխվեն, որ չլցվեն ու չթափվեն: Չհաշված նաև զտիչի դիմաց կանգնած բեռնատարի թափքը, որտեղ զտիչի առբերող խողովակից արագ թափվող ցորենը պետք է հետ տարվի, որպեսզի չփակի խողովակի բերանը:

Մի խոսքով, փոշու, ցորենի մարդու ու տեխնիկայի այդ իրարանցումը իսկական պատերազմի թատերաբեմ է հիշեցնում, որտեղ մարդը` շարքային գյուղացին, փորձում է, շուրջբոլորն իր արդար քրտինքը շաղ տալով, իր ապրուստը, իր տարվա բերքը «կորզել» բնությունից ու տեխնիկայից: Մի պահ բոլորի ուժերը տեղի են տալիս, ու որոշում են պարզապես անջատել զտիչն ու մի քիչ շունչ առնել: Հենց այդ ժամանակ էլ երիտասարդներից մեկը՝ Հայկը, թեքվում է մեր կողմը: «էդ ցորենի գինը որոշողներին պիտի բերես, մի ժամ էստեղ կանգնեն, ցորեն զտեն, մի ժամ է՜, շատ պետք չի, հետո հարցնես` ցորենի գինն ինչքա՞ն է: Եթե էլի ասացին՝ կիլոն 90 կամ 95 դրամ, ուրեմն դրանք անուղղելի սրիկաներ են, պետք է դրանց գլուխը հենց էստեղ, այ էն քարով ծեծես»,- գլխով նշան է անում դեպի զտիչի անիվների տակ դրված բազալտի մեծ կտորը:

Հարցնում եմ.

- Հայկ ջան, 95 դրամը քիչ չի՞ ցորենի համար:

- 95 դրամը նվեր է, 95 դրամով ցորեն ծախելը նշանակում է գյուղացին տարին բոլոր էշութուն անի, վերջում տանի իր բերքը թափի ջուրը: Մի քիչ օգնում եմ աշխատողներին իմ կարեցածի, իմ ուժերի ներածի չափով, այսպես ասենք` սեփական կաշվի վրա ցորենի բերքի ստացման ամենավերջին փուլի ամբողջ բերկրանքն ու դժվարությունը զգալու համար:

Որպեսզի պարզ լինի, թե դա ինչ տաժանակիր աշխատանք է, ասենք, որ զտիչները դեռ ԽՍՀՄ-ից մեզ ժառանգություն հասած հնամաշ տեխնիկա են, միանալուց 5 րոպե հետո արդեն պատրաստ ես ամեն ինչ հենց տեղում շպրտել ու հեռանալ, միայն թե դրա հռնդյունն ու շվոցն էլ ուղեղդ չփորի: Ու թե հազիվ աշխատող մեքենայի ձայնային-հոգեբանական գրոհների ներքո աշխատող գյուղացին քանի անգամ պետք է թափահարի ձեռքի բահը կամ թիակը, քանի հազար անգամ ցորենի ահռելի սարից մի աննշան թվացող բուռ լցնի մեքենայի բերանը, ոչ ոք չի կարող հաշվել: Մի խոսքով, աշխատելու առաջին 5-10 րոպեներից հետո մարմնիդ յուրաքանչյուր բջիջով զգում ես, թե ինչպես է մկանային լարվածությունդ վերաճում սկզբում բութ, հետո աստիճանաբար սրացող ցավի, ինչպես ես սկսում կամաց-կամաց հոգնել, փորձում ես ուղղել մեջքդ, բայց պրկված մկաններդ քեզ նորից վերադարձնում են նախկին դիրքին, ձեռքերիդ մեջ բահի փայտե կոթն ինչպես է կամաց-կամաց դառնում սուր ածելու պես անտանելի… Այսինքն` արդեն Հայկի խոսքերը շատ մեղմ դատավճիռ են թվում ու սկսում ես անկախ քեզնից մտածել, որ ցորենի կիլոգրամի համար 90-95 դրամ գին որոշողի գլուխն էն բազալտի կտորով ծեծելն էլ քիչ է:

Կասեք` շուկան է որոշում ցորենի գինը: Ախր Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ շուկան հայրենի մեկ-երկու օլիգարխների մոտ ուղղակի ոչինչ է, որ ինչ-որ բան էլ որոշի: Գաղտնիք չէ, որ երկու-երեք հոգով նստում ու որոշում են. «Այս տարի ցորենի գինը պետք է լինի 90-95 դրամ»: Ու գնա, խեղճ գյուղացի, գլուխդ որ քարին ուզում ես՝ խփիր, ում ուզում ես` բողոքիր, մեկ է, ցորենի գինը 90-95 դրամ է` համարյա ինքնարժեքի չափ:

Մեկ հեկտար ցորեն մշակելու համար գյուղացին ծախսում է մոտ 200-250 հազար դրամ (վարի, կուլտիվացիայի, ցանքի, պարարտանյութի և այլ կարիքների համար): Ու եթե բերքն էլ Աստծո հույսին է, երաշտ եղավ` կփչանա, կարկուտ եղավ` ամեն ինչ կկորցնի, իսկ չոռոգվող դաշտից լավագույն դեպքում կստանա մոտ 3 տոննա ցորեն, որը 95 դրամով եթե հաշվենք՝ տարվա եկամուտը մեկ հեկտար դաշտից կկազմի 270-280 հազար դրամ կամ ծախսած գումարից չնչին ավելի: Արդյունքում մնում են տաժանակիր չարչարանքը, քայքայված առողջությունն ու ոչ մի կերպ լուծվել չցանկացող առօրյա հոգսերը: Բայց ցորենի ու ալյուրի շուկայի «շնաձկների» ինչ հոգսն է, թե գյուղացին ինչ գնով է ստեղծել այդ ցորենը. որոշում են, որ պետք է գնել ինքնարժեքով ու այդպես էլ անում են: Գյուղացին էլ չվաճառելու տարբերակ գրեթե չունի. պարտքեր, վարկեր կան, տան հոգսեր, երեխաներին, տնեցիներին պահելու խնդիր, ու հենց վարկային կազմակերպությունից կամ բանկից առաջին ծանուցումը հասնի վարկի ուշացման մասին, 95 դրամով չէ, 80 դրամով էլ կվաճառի, միայն թե հոգսից ու տաժանակիր աշխատանքից ճկված մեջքին հիմա էլ ժամկետանց վարկի բեռը չավելանա:

Հասկացանք, որ Հայաստանը ցորեն ներկրող երկիր է, Հայաստանին անհրաժեշտ ցորենի մոտ երկու երրորդը ներկրվում է, միգուցե նաև բավականին էժան գներով: Չնայած վերջին տարիներին ասում են՝ ներմուծումը մի քիչ անկում է ապրել: Ախր ալրաղացները գնալով թանկացնում են ալյուրի գները, հացը նույնպես չի էժանացել, իսկ ցորենը, չգիտես թե որ տրամաբանությամբ, չի թանկանում ու չի թանկանում: Իհարկե, ոչ ոք գյուղացուն չի ասի` ցորեն մի ցանեք, քանի որ տուժելու եք: Անընդհատ պատերազմական վիճակի սպառնալիքի տակ գտնվող երկիրը իրավունք չունի սեփական հացը չունենալ, և ով նման կոչ անի գյուղացիներին՝ միանգամից կդառնա «հայրենիքի դավաճան»: Բայց ոչ ոք նաև համարձակություն չունի մի քանի օլիգարխի ասելու` բավական է, գյուղացին արդեն հոգնել է և պարզապես չի ցանում իր դաշտը, մենք արդեն հացի` անվտանգության խնդիր ենք ունենալու, հերիք է գրպաններդ լցնես:

Իսկ Հայկն ու նրա նմանները դեռ երկար պետք է ամբողջ տարին տառապեն, չարչարվեն, կաշիները արևին տված խանձեն, կարկուտի, երաշտի դեմ մեն-մենակ կռիվ տան, ցորենի զտիչի երախը փորձեն բահերով լցնել, հողի յուրաքանչյուր սանտիմետրը ցողեն իրենց քրտինքով ու կալերում դժգոհեն ցորենի գին սահմանողների որոշումներից: Մի օր նրանք էլ կհոգնեն մի կտոր հացի համար այդ անդադար կռվից ու կորոշեն, որ ուրիշ երկրներում չի կարող այսպես լինել…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: