Հայերեն   English   Русский  

​Եթե ընկճվեին` իրենց բիզնեսը չէր լինի


  
դիտումներ: 9396

Հաջողության պատմություն, որը սկսվեց 10 կգ ալյուրի, օրվա հացի խնդիրը լուծելու և վճռականության շաղախից

«Բազիկյանների արիշտայի» պատմությունը սկսվել է 1998 թվականից ու այն ժամանակ բավականին հեռու էր «հաջողության պատմություն» դառնալու հավակնությունից:

Այնպես չի եղել, որ Բազիկյանների ընտանիքը նստել մտածել, հաշվել, հաշվարկել ու որոշել է հիմնել արիշտայի արտադրություն, բիզնես հիմնելու նպատակ չի էղել: Պարզապես ճակատագրի բերումով ընտանիքի մայրը փորձել է առօրյա խնդիրներ լուծելու համար տանը ձեռքով արիշտա պատրաստել ու փորձել վաճառել: Կոնկրետ մտահղացում չի եղել, թե ինչ անեն ու ինչպես անեն:

«1998 թվականին մայրս սկսեց տնային պայմաններում ձեռքով մենակ արիշտա պատրաստել մեր ընտանիքի օրվա հացը վաստակելու համար, քանի որ հայրս առողջական խնդիրներ ուներ: Այն ժամանակ գավառցիները՝ գրեթե բոլորը, տանը արիշտա էին պատրաստում: Սկզբում բացարձակ պահանջարկ չկար, ու շատերի համար խորթ էր, երբ զանգում ու հարցնում էինք, թե արդյոք արիշտա հարկավոր չէ՞, չե՞ն ուզում գնել: Ասում էին՝ ի՞նչ եք ասում, մենք ինքներս էլ տանը կարող ենք պատրաստել, մենք հավաքվում ենք տատով-պապով, անում ենք: Հետո քիչ-քիչ փոխվեց»,- «Անկախին» պատմեց «Բազիկյանների արիշտա» ապրանքանիշի ու արտադրության համահիմնադիր Վիգեն Բազիկյանը:

Հետո այնպես է ստացվում, որ ընտանիքի մեծ զավակը, որն այդ ժամանակ ծառայում էր բանակում, վերադառնում է ծառայությունից, այնուհետև երկու տարով ուսանողական ծրագրով մեկնում է Մեծ Բրիտանիա, աշխատելու: Այդ ընթացքում էլ մոր առողջությունն է տեղի տվել ծանր գործից, քանի որ արիշտա պատրաստելը տնային պայմաններում բավականին աշխատատար, բարդ ու ծանր պրոցես է, մանավանդ երբ ամեն ինչ ձեռքով է արվում: Այդ ժամանակ էլ երկու տարի ընդմիջում եղավ, էլ չէին պատրաստում:

Այդ ընթացքում Գավառում շատերն այնպես էին սովորել Բազիկյանների պատրաստած արիշտային, որ զանգում ու փորձում էին համոզել, որ իրենց համար արիշտա պատրաստեն: Մեծ Բրիտանիայից հետո Բազիկյանների ավագ որդին մեկնում է Ռուսաստան աշխատելու, բայց գործերը չեն ստացվում, ու վերադառնում է: Եվ քանի որ ամբողջ ընթացքում շատ համաքաղաքացիների զանգերն ու խնդրանքը` իրենց համար արիշտա պատրաստել, չէին դադարում, միանգամից մտածում են` եթե զանգում են, պահանջարկը կա, փորձեն արտադրել: Այդպես ահա սկսվում է բուն արտադրության փուլը: Սեփական տան երկրորդ հարկը, որտեղ չէին բնակվում և տան առջևի հատվածի ավտոտնակը հարմարեցնելով արտադրություն կազմակերպելուն՝ արդեն հիմնում են «Բազիկյանների արիշտայի» արտադրամասը: Սկզբում միայն Գավառում էր կատարվում իրացումը, և ինչպես նշում է Վիգեն Բազիկյանը, այնքան շատ էին պատվերները, որ անգամ չէին հասցնում Գավառի պատվերները կատարել:

Այդպես քիչ-քիչ արտադրությունը մեծացավ ու արդեն մոտ 3 տարի է, ինչ աշխատում են նաև Երևանի շուկայի համար: Հատկանշական է, որ տնային պայմաններում, ձեռքով պատրաստելու փուլում Կարինե Բազիկյանը արտադրում էր օրական 5-10 կգ արիշտա, իսկ արտադրությունը հիմնվելու սկզբնական փուլում Բազիկյաններն արտադրում էին օրական շուրջ 20 կգ արիշտա: Հիմա սկզբնական 20 կգ արտադրողականությունը մոտ տասնապատկվել է, ու ավելի ընդլայնվելու հեռանկարներ կան: Եվ որ ավելի ուշագրավ է, «Բազիկյանների արիշտայի» բիզնես-պատմության ամենասկզբում` ձեռքով պատրաստելու փուլում, բնական է, որևէ ներդրում պետք չի եղել, բացի 10 կգ ալյուրից, ինչպես ժպտալով ասում է Վիգեն Բազիկյանը:Ամեն ինչ սկսվել է հենց այդպես` կամքի, նպատակասլացության ու խնդիր լուծելու կարիքից:

«Հենց պրոբլեմը լուծելու խնդիրն է քեզ ստիպում, որ առաջ գնաս, թե չէ օրվա հացի խնդիրը եթե չունենայինք, հետ կկանգնեինք, քանի որ զուտ այդ ծանրության պատճառով շատերը հետ էին կանգնելու ճանապարհից ու մտածեին գումար աշխատելու ավելի հեշտ տարբերակ գտնելու մասին: Բայց մաման կարողացավ այդ ամբողջ ծանրությունը տանել մինչև վերջ»,- նշում է «Բազիկյանների արիշտայի» համահիմնադիրը:

Բազիկյանների արիշտա

Ու հիմա էլ այն դարձել է ընտանեկան բիզնես, «Բազիկյանների արիշտա» արտադրում են Բազիկյանների ամբողջ ընտանիքի անդամներով` մեծից փոքր, յուրաքանչյուրն իր կարեցածի, իր բաժին աշխատանքը հաջողությամբ կատարելու շնորհիվ:

«2014-15 թվականներին որոշեցինք մտնել Երևանի շուկա, ինչը բավականին դժվար էր, ծանոթ-բարեկամների, անձնական ծանոթությունների, կապերի միջոցով էինք կարողանում ինչ-որ բան իրացնել: Հետաքրքիրն այն է, որ կարելի է ասել, Հայաստանում ամենաճանաչված ցանցերում կարողացել ենք «Բազիկյանների արիշտան» վաճառքի մտցնել 5-6 փորձից հետո, պատահաբար: 5-6 անգամ փորձելուց ու մերժում ստանալուց, նաև այդ ցանց մտնելու հույսը կորցնելուց հետո պատահաբար արդեն հենց նույն ցանցի կողմից ենք առաջարկ ստանում: Զանգեցին, գնացի, ու այդ գնումների մասնագետը երբ ինձ տեսավ, զգացի, որ նաև նեղվեց, քանի որ մի քանի անգամ ինձ անձամբ մերժել էր ու մեկ էլ հիմա իրենք էին ինձ առաջարկում մեր ապրանքն իրենց ցանցին ևս մատակարարել»,- ժպտալով հիշում է Վիգեն Բազիկյանը:

Հիմա փորձում են նաև զարգանալ արիշտայի տեսակներ ստեղծելու ուղղությամբ: Հաջողված փորձեր էլ ունեն, բայց չեն շտապում արտադրական փուլի վերածել, դեռ հզորությունները չեն հերիքում իրենց արտադրած մեկ տեսակի արիշտայի պատվերները հասցնելու համար, բայց ապագայում հույս ունեն, որ կընդլայնվեն: Բիզնեսում ամենակարևոր հանգամանքն առաջինը լինելն է, նշում է Վիգեն Բազիկյանը, իհարկե կարևոր է նաև, որ ամենալավը դու լինես, բայց ամենակարևորը առաջինը լինելն է, որովհետև ամենաառաջինն է բոլորի համար չափանիշ դառնում:

«Ես ավելի շատ կողմնակից եմ առանց ստանդարտ չափանիշներով առաջնորդվող բիզնեսին, այսինքն` խնդիրներին լուծում տաս ըստ անհրաժեշտության, ըստ իրադրության, յուրաքանչյուրին յուրովի մոտեցումներ տաս, ոչ թե մի ինչ-որ գրված բանաձևով: Բիզնեսում, ի դեպ, այդպես չի էլ լինում: Այսինքն՝ եթե դեմ ես առնում պատին, գուցե մի պատը կողքից շրջանցես, միգուցե մյուսը աստիճանով բարձրանաս կամ թռչես վրայից: Այնպես չէ, որ պատը ցանկացած դեպքում պետք է կողքով շրջանցես, այդպես չի լինում: Մեր դեպքում չկան գրված օրենքներ, որ բիզնեսը այսպիսին պետք է լինի. անում ենք այն, ինչ կարողանում ենք, ինչը մեզ լավ է հաջողվում»,- մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Բազիկյանը և հավելեց, որ ամեն դեպքում բիզնեսմենը պետք է համառություն ու մինչև վերջ առաջ գնալու ցանկություն ունենա, իսկ մեթոդներն ու սկզբունքները յուրաքանչյուր բիզնեսմենի անձնական ու անհատական ընտրության հարցն են: Ամեն դեպքում, ըստ նրա, բիզնեսմենը պետք է նպատակասլացություն ու համառություն ունենա, երբեմն էլ, այսպես ասած, «չորկողություն»:

Վիգեն Բազիկյանի կարծիքով՝ բիզնեսմենը ոչ բիզնեսմենից տարբերվում է ժամանակի մեջ ճիշտ ու շուտ կողմնորոշվելու և միշտ քայլ անելուն պատրաստ լինելու հատկություններով, ռիսկի գնալու ունակությամբ:

«Միշտ չէ, որ պետք է շատ խորանաս մտքերի մեջ, պահը պետք է ճիշտ որսաս ու քայլն անես: Ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ ուրիշ անգամ կանես կամ եթե զգաս, որ քոնը չէր, մի ուրիշ բան կանես: Բայց ամեն դեպքում չստացվելուց չպետք է ընկճվել ու մեծ ողբերգություն դարձնել»,- ասում է Վիգեն Բազիկյանը ու նորից հիշեցնում, որ եթե 1998 թվականին իրենք` հատկապես մայրը, ընկճվեին, թևաթափ լինեին, երբ մարդիկ չէին ուզում գնել իրենց արիշտան, ապա այսօր չէր լինի «Բազիկյանների արիշտան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: