Հայերեն   English   Русский  

​Եկել եմ ապացուցելու, որ հնարավոր է արդար քաղաքապետ լինել. Արմեն Ավետիսյան


  
դիտումներ: 7732

Հարցազրույց Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, անցած տարի Ձեր ընտրվելուց ի վեր Մարտունիում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:

- Փոփոխության մասին ժողովուրդը պետք է ասի: Միշտ ասել ու ասում եմ` մեր առջև դրված խնդիրները մեր հնարավորության սահմաններում միանշանակ լուծելու ենք: Ինձ համար երկրորդական ծրագրեր չկան: Բայց պետք է հասկանանք, որ ամեն մարդ իր հնարավորության սահմաններում է գործում: Շատ լավ գիտենք, որ սղության պատճառով բյուջեն թույլ է, ուստի մեր հույսը մեր սեփական ուժերի վրա ենք դնում: Երևի տեղյակ եք, որ հանրային լողափի բացումը եղել է սեփական միջոցներով, համայնքային բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել: Եվ ոչ միայն լողափը, նաև աղբարկղերը, որոնք տեղադրվել են բետոնապատված ու ցանցապատված տարածքներում, նույնպես արված է մեր ուժերով:

- Մեր, այսինքն ո՞ւմ:

- Քաղաքապետի և բարի ցանկացող քաղաքացիների: Բյուջեն շատ սուղ է: Նշեմ, որ տարեկան 230 մլն դրամ դոտացիա ենք ստանում պետբյուջեից, բայց 250 մլն աշխատավարձ ենք տալիս: Ուռճացված հաստիքներ չունենք: Պարզապես չորս մանկապարտեզ, նկարչական, երաժշտական և սպորտդպրոց ենք պահում: Չնչին կոպեկներ ենք վարձատրում ու դրանով իսկ 20 մլն ավելի գումար ենք տալիս: Այս պայմաններում բյուջեի վրա հույս դնել չի կարելի: Տարվա կտրվածքով գումարը հազիվ է հերիքում: Եվ եթե ուզենանք ինչ-որ մի փողոց ասֆալտապատել կամ որևէ մեծ գործ անել, որ երևա, չենք կարող, մեր բյուջեն դա թույլ չի տալիս:

Մենք աղբահանությունն այսօր հնարավորության սահմաններում կազմակերպում ենք: Այդ տրանսպորտը սար բարձրանալու և աղբը տեղ հասցնելու հնարավորություն չունի, օրը երկու անգամ տեխզննում է անցկացվում, վերանորոգվում է, որ կարողանանք աշխատանքներն իրականացնել:

Մոտ ապագայում սպասում ենք վարչապետի այցին: Արդեն նախապատրաստել ենք, թե ինչ ծրագրեր պետք է ներկայացնենք: Խնդրել չեմ սիրում, բայց հիմա խնդրելու եմ: Կուզենայի, որ թեկուզ լիզինգով, ցածր տոկոսով մեզ գումար տրամադրեն, որ կարողանանք աղբատար մեքենա և աղբամաններ ձեռք բերել: Մեր ունեցածը շատ հին է:

Մենք, մարզպետարանը, կառավարությունը պետք է կարողանանք ձեռք ձեռքի տալ ու համայնքը զարգացնել, այլ տարբերակ չունենք:

Այնպես չէ, որ ամեն հանդիպածին ասում ենք՝ տուր, տուր: Ամեն մեկին ուզում ենք մեր արածը ցույց տալ, որ ոգևորություն մտցնենք ու վաղը մարդիկ գան ու կանգնեն մեր կողքին:

- Ասացիք, որ բյուջեն սուղ է ու այդ միջոցներով որևէ ծրագիր իրագործել հնարավոր չէ: Բայց միաժամանակ մշակել եք քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը, որում 10 խոշոր նախագծեր եք ներառել, դրանց իրագործման համար հարյուրավոր միլիոններ են հարկավոր: Այդ դեպքում ինչպե՞ս եք իրագործելու, մի՞թե ծրագիրը գրվել է ուղղակի գրելու համար:

- Առանց նպատակի ապրելս ո՞րն է: Երբ մարդ ու կին պսակվում են, պլանավորում են երեխա ունենալ, պահելու մասին դեռ չեն մտածում չէ՞: Հիմա մտածում ենք, որ վաղը պետք է զարգացնենք քաղաքը: Եթե զարգացնենք, 10 չէ, 20 խոշոր ծրագիր կիրականացնենք: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք: Այսօր արդեն ունեմ դրսից եկած մարդիկ, որոնք պատրաստ են սպանդանոցի հարցը լուծել, ասում են՝ հողատարածք տվեք, մենք կկառուցենք: Երկրորդ մարդը պատրաստակամ է իր ուժերով սպորտային համալիր կառուցել: Մարդիկ իրենց պատրաստակամությունը հայտնել են, պետությունից ո՛չ վարկ են ուզում, ո՛չ աջակցություն: Դա իրենց բիզնեսն է:

Ես իմ հույսը դրել եմ ներդրողների վրա: Եվ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ ամեն վայրկյան է աշխատանք տարվում:

- Քաղաքը բազում խնդիրներ ունի: Ձեր կարծիքով ո՞ր խնդիրներն առաջնահերթ ու շտապ լուծման կարիք ունեն: Որո՞նց լուծման ուղղությամբ եք աշխատանքներ իրականացնում:

- Առաջինն այն է, որ համայքնում չունենք էքսկավատոր: Ամեն առավոտյան համակարգիչս միացնելիս այդ էքսկավատորի պատկերն է բերում, որ մտածեմ դրա ձեռքբերման ուղղությամբ: Եթե որևէ կերպ կարողանանք էքսկավատոր ձեռք բերել, օրեցօր կտեսնեք, թե Մարտունին ինչպես է փոխվում. փողոցները կհարթեցվեն, մայթերը կկառուցվեն: Եթե վարձակալենք, տեխնիկան օրական աշխատում է 130-150 հազար դրամով:

Երկրորդը մեծ, գեղեցիկ պուրակ կառուցելն է և դրան հարակից փողոցն ասֆալտապատելը: Ներդրողներ կան, որոնք միջոցներ են հատկացնելու: Աշխատանքներն արդեն իրականացվում են: Մեզ համար առաջնահերթություն է համարվում ասֆալտապատումը, բայց այդ մասին դեռ չենք կարող խոսել, որովհետև քաջ գիտենք, թե ասֆալտն ինչ արժի: Մեծ խնդիր է:

Աղբահանությունը ևս մեծ խնդիր է: Չէի ասի, որ կաղում ենք, բայց զոռով ենք դա իրականացնում: Լավ կլիներ, որ կարողանայինք տեխնիկա ձեռք բերել, որ հավաքելուց հետո կարողանայինք այն նորմալ տեղափոխել: Ասֆալտն ու աղբահանությունը առաջնային խնդիրներ եմ համարում:

- Տեխնիկայի պակասից խոսեցիք: Քաղաքի բնակչության 40 տոկոսը գյուղատնտեսությամբ է զբաղվում, սակայն քաղաքը գյուղտեխնիկա չունի: Գյուղտեխնիկայի ձեռքբերումն ընդգրկված չէ նաև քաղաքի զարգացման ծրագրում: Ինչո՞ւ: Մի՞թե բնակավայրին գյուղտեխնիկա հարկավոր չէ:

- Մենք անհրաժեշտ գյուղտեխնիկայի համարյա 60-70 տոկոսն ունենք: Օրինակ՝ խոտ քաղող տեխնիկա ունենք` սկսած փոքրից մինչև մեծ տրակտորներ: Մենք ունենք խուրձ կապող մեկ մեքենա, որ հասցրել է բոլորի խոտերը հավաքել: Ունեինք նախկինում ձեռք բերված կոմբայն, որը, առանց չափազանցնելու, նախորդ 6-7 տարիներին կանգնած է եղել: Մենք այս տարի այդ կոմբյանը վերանորոգել ենք ու հենց հիմա դաշում աշխատում է: Դա էլ սեփական ներդրումների հաշվին է արվել:

Երբ սկսվի վարը, կարտոֆիլի ցանքսը, այդ ժամանակ խնդիր կունենանք: Գյուղնախարարը խոստացել է, որ այդ հարցն էլ առաջիկայում լուծվելու է: Մինչև վարի սեզոնն այդ տեխնիկան էլ կունենանք:

- Դեռ նախորդ քաղաքապետը խոստացել էր հանրային տրանսպորտի հարցը լուծել ու անգամ ժամկետներ էր սահմանել: Խնդիրը մինչ օրս լուծված չէ: Ձեր նախընտրական ծրագրում Դուք էլ էիք հարցի լուծում խոստացել, այն ընդգրկված է նաև քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում: Մարտունին երբևէ հանրային տրանսպորտ կունենա՞: Որքանո՞վ է դա իրատեսական:

- Շատ ենք քննարկել այդ հարցը: Առաջարկել եմ, որ փորձնական անենք: Ըստ հին աշխատողների` փորձել են, իրեն չի արդարացրել: Հոգեբանությունս մի քիչ ուրիշ է: Պետք է ձեռքով բռնեմ, շոշափեմ, նոր հավատամ: Անպայման ստեղծելու եմ դա, որպեսզի հասկանամ` օգտվելու են, թե ոչ, արդարացնելու է, թե ոչ: Գոնե մի միկրոավտոբուս պետք է ներդնեմ, տեսնեմ արդյունքը: Բայց դա էլ հնարավորության բան է, ներդրողներ եմ փնտրում, որ մի միկրոավտոբուսի ու մի աշխատողի հարցը լուծեմ:

- Քաղաքը զբոսաշրջիկների գրավելու պոտենցիալ ունի, սակայն այն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում: Այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվո՞ւմ են:

- Այնպես չէ, որ մեզ մոտ չեն գալիս: Մեր հանրային լողափը շատ բան փոխեց մեր կյանքում, համոզվեցինք, որ մեզ մոտ էլ կարող են գալ: Բայց այո, երթուղիներում դեռ չկանք ընդգրկված: Աշխատանքներ տանում ենք, բայց այդ ծրագրերը դեռ կյանքի չեն կոչվել, թույլ հիմքերի վրա են: Մի քիչ հյուրանոցային պայմաններից ենք թույլ: Ներկայումս այդ ուղղությամբ էլ ներդրում կա: Նախկին սերմնակայանի տարածքն արդեն քանդվում է, ներդրողներ կան, որոնք ուզում են գեղեցիկ ու ժամանակակից չափանիշներով հյուրանոցային համալիր կառուցել այդ տեղում:

- Համայնքների խոշորացման խնդիրը ենթադրաբար չի շրջանցի նաև Մարտունին: Խոշորացումն ինչպե՞ս կանդրադառնա համայնքի վրա:

- Մարտունիում համայնքներն առանց այդ էլ խոշոր են, և գուցե ոչ մի բան էլ չլինի: Խոշորացումը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի: Բացասականն այն է, որ խոշորացած համայնքը համայնքապետի համար քիչ հասանելի է դառնում, անհասանելի անկյունները կշատանան ու չգիտեմ, թե ինչ սրտացավ մարդ պետք է լինի, որ ոչինչ աչքաթող չանի:

Բայց կա նաև լավ կողմը: Համայնքի բյուջեն կենտրոնանում է ու մեկ դառնում: Հարևան համայնքները բյուջեի ավելցուկ ունեն, որովհետև ոչ մի մանկապարտեզ, դպրոց չեն պահում, ընդամենը մի քանի աշխատող են պահում համայնքապետարանում: Այդ դեպքում ավելցուկ գումարն ընդհանուր բյուջեում է լինելու ու հարկ եղած դեպքում գյուղտեխնիկան հնարավոր է այդ գումարներով ձեռք բերել: Բայց կարևոր է, թե ով կլինի համայնքապետը: Այնպիսի մարդ պետք է լինի, որ խոշորացված համայնքում մտքով չանցկացնի, թե սա իմ համայնքն է, այն մեկը` ոչ: Ինքս ասել եմ, որ հենց խոշորացում եղավ, ես հեռանալու եմ:

- Անընդհատ նշում եք մեր հաշվին, իմ միջոցներով: Ո՞րն է սեփական միջոցները ներդնելու նպատակը: Եվ ինչո՞ւ եք քաղաքապետ դարձել:

- Պարզապես ես ուզեցա ապացուցել, որ հնարավոր է մաքուր քաղաքապետ աշխատել, հնարավոր է բյուջեին չդիպչել: Եկել եմ ապացուցելու, որ հնարավոր է արդար քաղաքապետ լինել: Իմ սիրտն իմ քաղաքի վրա մրմռում է: Աշխարհի 60-70 տոկոս երկրներում ման եմ եկել, վերջում որոշել եմ ապրել Մարտունիում, որովհետև շատ եմ սիրում իմ քաղաքը:

- Սովորաբար ասում են, որ համակարգը թույլ չի տալիս մաքուր գործել:

- Սուտ է: Դա գալիս է յուրաքանչյուր անհատից: Ինձ մինչ օրս ոչ ոք չի ստիպել, թե կգողանաս, մի մասն էլ ինձ կտաս: Եթե ուզում ես մաքուր աշխատել, այդ հնարավորությունը կա: Մեզնից ոչ ոք «նալոգ» չի ուզում, ընդհակառակը, ուրախանում են մեր մաքուր աշխատանքի համար:






Մեկնաբանություններ - 1

Mr John Goodman     05.01.2018 Ես, պրն. Վիլսոն Գրեգ, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ջոն Գուդմանը, որ ինձ ստացել է իմ վարկը GLOBAL CREDIT FIRM- ից, դուք կարող եք ստանալ նաեւ ձեր վարկը, որը հաջողությամբ վստահում է ինձ: Դուք հեշտությամբ կարող եք գումար վաստակել 12-ից 360 ամիս ժամկետով `2% տոկոսադրույքով եւ, հետեւաբար, ոչ գրավադրություն, հեշտ քայլեր, արագ ֆինանսավորում: Եթե դուք հետաքրքրված եք վարկի առաջարկով, դիմեք արագ եւ հարմարավետ վարկի վճարման օրինագծերի համար, կամ ֆինանսավորում եք փնտրում ձեր բիզնեսը ստեղծելու համար: դիմեք պարոն Ջոն Գուդմանը այսօր էլեկտրոնային փոստով `globalloanfirm051@gmail.com կամ Whats App Number +1 (845) 731 5341 Կապվեք նրան, որպեսզի իսկական վարկ ստանալու համար
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: