Հայերեն   English   Русский  

​Կանադահայ բժիշկ-քանդակագործը, որ անմահացրել է Քարշին Օտտավայի սրտում


  
դիտումներ: 11992

Քանդակագործների հետ առնչվել էի, բժիշկների հետ նույնպես, բայց բժիշկ-քանդակագործի հետ՝ առաջին անգամ: Հետաքրքիր համադրություն է, արտասովոր, բայց երբ խորանում ես, ընդհանրություններ շատ կան:

Ի վերջո, երկուսն էլ բժշկում են, մեկը՝ մարմինը, մյուսը՝ հոգին: «Արվեստը մարդու ստեղծագործական ներուժը դրսևորելու կողքին նաև բուժիչ գործոն է մարդկային կյանքի մեջ»,- համոզված է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանը:

yousuf ar bustsՄկրտիչ Տարագճյան անունը միգուցե շատերին հիշեցնի մի անվանի հայի անուն՝ Յուսուֆ Քարշ: Կանադահայ աշխարհահռչակ լուսանկարչի կիսանդրին, որը Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում հանգրվանեց վերջերս, քանդակել և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ նվիրել է քանդակագործ Մկրտիչ Տարագճյանը:

Քարշի քանդակը ստեղծելու առաջարկի հաջորդ օրն իսկ Տարագճյանը պատկերացնում էր այն կերպարը, որը կամբողջացներ հայտնի լուսանկարչին: Ներշնչանքի աղբյուրը Քարշի լուսանկարն էր, որտեղ նա պատկերված է իր հանրահայտ լուսանկարչական սարքով: Քանդակն էլ ստեղծվեց այդ լուսանկարի հիմքի վրա. լուսանկարչական սարքը կարծես ծառայում է իբրև պատվանդան, որի վրա Քարշի կիսանդրին է ու նրա ձեռքը՝ նկարահանման սեղմակն ափի մեջ և պատրաստ անմահացնելու պահը: Քանդակի վրա Տարագճյանը հատուկ հայերեն տառերով փորագրել է «Յուսուֆ Քարշ»: Ասում է՝ Կանադայում քչերը գիտեն, որ լուսանկարիչն ազգությամբ հայ է, իսկ հայերեն գրվածքը հաստատ կգրավի օտարների ուշադրությունը, և նրանք կկարդան նաև պատվանդանի անգլերեն գրառումով ցուցանակը, որտեղ գրված է՝ «Յուսուֆ Քարշ, կանադահայ լուսանկարիչ»:

Քարշի հուշարձանը Տարագճյանի միակ աշխատանքը չէ Կանադայում: Քանդակագործի «Ընթերցողը» 2016 թվականին տեղադրվեց Մոնրեալի հանրային գրադարանի առջև: Ի դեպ, Մոնրեալի քաղաքապետարանը շռայլ չէ քաղաքում արձանների տեղադրման թույլտվության հարցում: «Ընթերցողը» քաղաքում գոյություն ունեցող 4 արձաններից մեկն է:

Մկրտիչ Տարագճյան

Օգոստոսի 3-17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին Մկրտիչ Տարագճյանի քանդակները: Նրա համար անհատական ցուցահանդեսի բացումը Երևանում անչափ կարևոր էր, քանի որ ուզում էր զգալ հայրենակիցների արձագանքը: Իսկ արձագանքն իսկապես ոգևորիչ էր: Ոչ միայն հայաստանցիները, այլև օտարազգի զբոսաշրջիկներն այդ օրերին հիացան Տարագճյանի գերիրապաշտական ոճի քանդակներով, որտեղ խորը, հակասական կերպարներ են՝ մարդկային բազմաշերտ ու բազմածալք զգացումներով ու փոխհարաբերություններով:

Կերպարների մեջ գերիշխող է կինը՝ ուրույն դրսևորումներով՝ կին-սարդ, կին-թավջութակ, կին-սիրամարգ, կինը՝ երեխայի հետ, կինը՝ տղամարդու հետ և այլն: «Կինը մայր է, կինը ներշնչանքի աղբյուր է, կինը գեղեցկություն է»,- բացատրում է զրուցակիցս:

Տպավորիչ են սոցիալական թեմայով քանդակները՝ «Պատնեշանցում», «Փրկություն», «Ղեկավարը», «Առաջ», «Փրկություն» և այլն:

Անցնում ենք երևելիների կիսանդրիների կողքով՝ Չարենց, Սևակ, Սայաթ Նովա, Արշիլ Գորկի, Կոմիտաս ևo 1a1hlssq91sdudol1as81ssm90iqուրիշներ: Նրա քանդակներից մի քանիսն արդեն հայրենիքում մշտական հասցեներ ունեն՝ Չարենցի տուն-թանգարան, Երևանի պետական կոնսերվատորիա և այլն: Կոմիտասի քանդակի մոտ զրուցակիցս կանգ է առնում՝ ասելիք ունի: Կոմիտասի թանգարանի բացման առթիվ է այս կիսանդրին քանդակել և իբրև նվեր Կանադայից ուղարկել թանգարանին: Հետո, երբ եկել է Հայաստան, գնացել է թանգարան ու տեսել, որ քանդակն առանց պատվանդանի, առանց որևէ գրության սենյակներից մեկում ուղղակի դրված է: «Իսկապես վիրավորված զգացի և հետ վերցրի քանդակը»,- ասում է:

Ցուցահանդեսի ամենախոսուն աշխատանքներից մեկը «Սպասելով հատուցման» քանդակն է: Այն ամփոփում է Հայոց ցեղասպանության թեման ու այսօրվա իրավիճակը: Վերևից քանդակի կենտրոնին նայելիս երևում է արնագույն հատակը, որտեղ պատկերված է գերմանացի լուսանկարիչ և գրող, Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների՝ ցեղասպանության սարսափելի լուսանկարներից մեկը: Հատակը կոտրված է, այն խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ ավերված ու դատարկված: Վերևից սուր է կախված, որը խորհրդանշում է թուրքին՝ իբրև մշտական սպառնալիք հայ ազգի համար: Քանդակի գագաթին անշեջ կրակն է, որ հավերժացնում է զոհերի հիշատակը և խորհրդանշում մեր պահանջատիրությունը, որի շուրջ երեք սյուներն են՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը:

call arՔանդակագործն այս քանդակը ցանկացել է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, սակայն առաջարկն այնքան էլ ոգևորությամբ չեն ընդունել: Նա զարմացած է ու վիրավորված. եթե ոչ Ցեղասպանության թանգարանում, ապա որտե՞ղ պետք է հանգրվանի այս գործը: Ինչևէ, նա պատրաստ է քանդակը որևէ ներկայանալի կառույցի նվիրել, որտեղ այն այցելուներին կներկայացվի պատշաճ ձևով:

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված, Կանադայի Մոնրեալ քաղաքում մշտական բնակություն հաստատած բժիշկ-քանդակագործը Հայաստանի հետ սերտ կապի մեջ է դեռևս 1990-ականների սկզբից: Առաջին անգամ Հայաստան է եկել 1993 թվականին առողջապահության ժամանակի նախարար Արա Բաբլոյանի հրավերով: Այդ ժամանակ Տարագճյանը Կանադայում հայկական բժշկական միության ղեկավարն էր, և միությունը Սպիտակի երկրաշարժից ի վեր բժշկական օգնություն էր ուղարկում Հայաստան: Բաբլոյանը նրան առաջարկում է գալ Հայաստան և Հայաստանում ներդնել լապարասկոպիկ վիրահատության համակարգը: Համաձայնագիր են կնքում և «Մալաթիա» բժշկական կենտրոնում հիմնում են Հայաստանում լապարասկոպիկ վիրահատության առաջին կենտրոնը:

Այնուհետև նրա կապը հայրենիքի հետ ամրանում է մշակութային ճանապարհով: Հայաստան կատարած o 1a1hlssqa14nk1vaj1uk4i6nmqdsհերթական մասնագիտական այցի ժամանակ նա որոշում է իր հետ բերել նաև իր քանդակների պատկերագիրքը և այստեղ կատարել շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը հետաքրքրվում է, թե ինչու հայ մեծերի քանդակների կողքին Տարագճյանը չի ստեղծել Չարենցի կիսանդրին: Վերադառնալով Կանադա՝ քանդակագործն անմիջապես լրացնում է այդ բացը, և ահա մեկ տարի անց՝ 2012 թվականին, Չարենցի բրոնզե դիմաքանդակը նա նվիրում է մեծ պոետի տուն-թանգարանին:

Այսօր Հայաստանի հետ կապն ավելի է սերտացել: Տարագճյանը Երևանում արդեն իր բնակարանն ունի, և տարվա մեջ մեկ-երկու անգամ անպայման գալիս է: Առաջին այցի տպավորություններն այսօրվա հետ, իհարկե, համեմատելի չեն: 93-ին, երբ եկավ, իր հետ անգամ մոմ ու սնունդ էր բերել: Սակայն Հայաստանի ամենացավոտ խնդիրը՝ արտագաղթը, դեռևս օրակարգային է: Կարծում է, որ իշխանությունները չկարողացան ճիշտ օգտագործել նաև սիրիահայերի ներուժը, չկարողացան ստեղծել պայմաններ, որպեսզի կյանքի բերումով հայրենիք վերադարձած սիրիահայերը չտեղափոխվեն այլ երկրներ, մնան Հայաստանում: «Այս խնդիրը ցավալի է, շատ ցավալի, կարելի էր նրանց պահել»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, ապա քանդակագործը համարում է, որ չնայած սոցիալական դժվարություններին՝ Հայաստանում մշակութային կյանքը բավականին ակտիվ է, և ի տարբերություն աշխարհի շատ ու շատ զարգացած երկրների, Հայաստանի երիտասարդությունը շատ ավելի հետաքրքրված է մշակույթով:

Մկրտիչ Տարագճյան

«Մեզ մոտ, օրինակ, թատերական, երաժշտական ներկայացումներին դժվար թե երիտասարդներ տեսնեք. հիմնականում տարեցներ են, նամանավանդ՝ լուրջ, դասական համերգներին: Նույնն էլ ցուցահանդեսները և այլն: Այնտեղ ավելի նյութականն է տիրապետում, իսկ այստեղ, բարեբախտաբար, նյութականից բացի, մշակութային արժեքներն էլ տեղ ունեն: Երևանն աշխարհի այն հազվագյուտ քաղաքներից է, որոնք առավելագույնս ողողված են քանդակներով: Մանավանդ շենքերի ճակատների քանդակները, որոնց վրա գրված է, որ այստեղ այսինչ անվանի մարդն է ապրել: Որևէ այլ երկրում նման բան չեմ տեսել, դա շատ յուրահատուկ բան է»:

Քանդակագործի աշխատանքներն ամբողջությամբ կարող եք տեսնել նրա պաշտոնական կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: