Հայերեն   English   Русский  

​Զբոսաշրջային Աթենքը. այնքան նման ու այնքան տարբեր հայերն ու հույները


  
դիտումներ: 8777

Շոգից չորացած բնություն և անտանելի տապ, հատուկենտ ծառեր, մշտապես լիքը և «բուրումնավետ» աղբամաններ, անկանոն դասավորված ու ընդհանուր ձեռագիր չունեցող շենքեր, լուսացույցի կանաչ լույսին չսպասող ու իրենց հարմար վայրում ճանապարհն անցնող մարդիկ, տուրիստից գումար շորթող տաքսիստներ...

Նկարագրությունը, որ այդքան համապատասխանում է Երևանին, իրականում Աթենքինն է: Հունաստանի մայրաքաղաքը, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է գրավում, իրականում բազում ընդհանրություններ ունի Երևանի հետ: Ընդհանրությունները, սակայն, միայն երկու մայրաքաղաքների միջև չեն: Երկուսն էլ՝ հայերն ու հույները, հնագույն ժողովուրդներ են, որոնք անցել են պատմության խրթին ոլորաններով` շատ բան կորցնելով այդ ճանապարհին, երկու երկրներն էլ համարվում են թանգարան բաց երկնքի տակ, երկուսն էլ ներկայում տնտեսական խնդիրներ ունեն և համարվում են ծերացող: Բայց, չնայած թվարկված ու բազմաթիվ այլ ընդհանրություններին, հույներն ու Հունաստանը նաև տարբերվում են մեզնից: Այդ տարբերությունների թվում կան մեզ համար ուսանելի ու ընդօրինակելի հատկանիշներ:

Զբոսաշրջիկների համար գրավիչ Հունաստանը

Ամեն տարի Հունաստան է այցելում շուրջ 20-30 մլն զբոսաշրջիկ: Իհարկե, զբոսաշրջային գրավչության գործում մեծ դերակատարություն ունի ծովային երկիր լինելու հանգամանքը: Սակայն զբոսաշրջիկների համար պակաս գրավիչ չեն նաև հունաստանյան հնությունները, որոնցով, ի դեպ, նաև Հայաստանն է հարուստ:

Զբոսաշրջային երկիր լինելն այստեղ որոշակի մշակույթ է ձևավորել: Յուրաքանչյուր հույն գիտակցում է, որ իր երկրի ապրուստի հիմնական միջոցը զբոսաշրջությունից ստացված գումարներն են, ուստի ամեն ոք անում է իրենից կախված ամեն բան, որպեսզի որևէ զբոսաշրջիկ իրենց երկրից վատ տպավորությամբ կամ դժգոհ չհեռանա:

Փողոցում զբոսաշրջիկին օգնելու համար այստեղ կարող են իրենց ճանապարհից շեղվել, բավականին երկար քայլել` ցույց տալու համար անհրաժեշտ ուղղությունը, անգլերեն չիմացողը անցորդներին հարցուփորձ կանի, մինչև անգլերեն խոսող մեկին գտնի և առաջարկի օգնել հարց ունեցող զբոսաշրջիկներին: Փողոցում, սրճարանում միշտ կգտնվի մի տատիկ կամ պապիկ, որը կժպտա ու կսկսի հարցուփորձ անել, թե որտեղից ես եկել, հավանել ես արդյոք իրենց երկիրը, ապա կսկսի հունարենով հիացական տոնով ինչ-որ բան պատմել` քաջ իմանալով, որ չես հասկանում:

Հունաստանն առաջին հայացքից տատիկ-պապիկների երկիր է: Փողոցում, ծովափին, սրճարաններում հիմնականում տատիկ-պապիկներ են, իսկ այլ տարիքի մարդիկ զբոսաշրջիկներ են: Սպասարկման ոլորտում աշխատող մարդիկ էլ մեծ մասամբ միջին տարիքի մարդիկ են: Եթե որևէ տեղ աշխատող երիտասարդ ես նկատում, ապա մեծ մասամբ արտաքինը հուշում է, որ նա միգրանտ է: Ենթադրաբար, տնտեսական խնդիրները և աշխատատեղերի անբավարարությունը երիտասարդ աշխատուժի միգրացիայի պատճառ են դարձել:

Զբոսաշրջային գումարներով ապրող Հունաստանում արված է ամեն ինչ, որ իրենց երկիր այցելող օտարերկրացին իրեն լավ զգա:

Աթենք

Հասարակական տրանսպորտը

Ենթակառուցվածքներն այստեղ լավ են զարգացած, ինչպես և բոլոր եվրոպական երկրներում: Ճիշտ է, Հունաստանը Գերմանիա չէ. այստեղ հաճախ չեն աշխատում կանգառներում տեղադրված տոմսավաճառ սարքերը, ավտոբուսներում առկա երթուղին ցույց տվող էկրանները երբեմն չեն աշխատում, բայց միևնույն է, հասարակական տրանսպորտի աշխատանքը լավ է կազմակերպված: Քաղաքի ցանկացած անկյուն կարելի է հասնել հասարակական տրանսպորտով, որն աշխատում է ֆիքսված չվացուցակով, 5-10 րոպե պարբերականությամբ: Ամեն օր տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար գործում է զեղչային համակարգ, օրինակ` 5-օրյա տոմսեր, որով անսահմանափակ կարելի է օգտվել քաղաքում գործող հասարակական բոլոր տրանսպորտային միջոցներից` մետրո, ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս: Զարմացնում է նաև վստահությունը քաղաքացիների նկատմամբ. որևէ մեկը չի ստուգում` տոմսով ես երթևեկում, թե ոչ: Անգամ մետրո մտնելիս տոմսի առկայությունը չեն ստուգում: Դժվար է ասել` չարաշահո՞ւմ են, արդյոք, մարդիկ վստահությունը: Բայց փաստ է` կանոնավոր գործող հասարակական տրանսպորտը, միասնական տոմսային համակարգը և վստահությունը սեփական քաղաքացու հանդեպ գովելի ու ընդօրինակելի են: Երջանիկ կլինեինք, եթե Երևանում հասարակական տրանսպորտը գեթ մի փոքր աղերսներ ունենար եվրոպականի հետ:

Սպասարկումը հունական ձևով

Աթենք

Իրար կողքի գտնվող հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները յուրովի են փորձում դիմանալ մրցակցությանը: Սրճարաններում, ռեստորաններում, օրինակ, ներս մտնող հյուրին անմիջապես սառը ջուր են մատուցում` հաշվի առնելով փողոցի տապը: Որոշ տեղերում հաշիվը բերելուց առաջ իրենց հաշվին քաղցրեղեն են մատուցում: Տարօրինակ կերպով XXI դար է հասել «էստի համեցեք» գիքորյան տարբերակով հաճախորդներին գրավելը: Գրեթե բոլոր օբյեկտների առջև կանգնած է աշխատողը, որը մենյուն ձեռքին մոտենում է անցորդներին, ներկայացնում իրենց սրճարանը կամ ռեստորանը, գովերգում ուտեստները, առաջարկում իրենց մոտ համեղ ուտել: Եթե Հայաստանում նման երևույթ լիներ, հաստատ բոլորս չարչիություն կանվանեինք ու կամաչեինք, որ «քաղաքակիրթ» աշխարհից եկած մարդիկ մեզ մոտ նման բան կտեսնեն: Բայց Հունաստանում, փաստորեն, «չարչիությունից» չեն ամաչում. այստեղ հաճախորդ գրավելու համար արդարացված են բոլոր միջոցները, բացի այդ, մշակույթ է, որն իրենց տարբերում է մյուսներից:

Վերաբերմունքը պատմական ժառանգությանը

Հիացնում է հատկապես հույների վերաբերմունքն իրենց պատմական ժառանգությանը: Ժամանակակից Աթենքն ինքնին անշուք ու տգեղ քաղաք է: Եթե չլինեին հնությունները՝ Աթենքը տուրիստական գրավչություն չէր ունենա: Հույներն էլ սա լավ գիտակցում են: Ու չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հարյուրամյակների պատմություն ունեցող ամեն քար այստեղ պարսպապատել են ու տեսարժան վայրի վերածել` բնականաբար համապատասխան վճարի դիմաց:

Աթենք

Ամենահայտնին Աթենքում, թերևս, Ակրոպոլիսն է: Այստեղ մտնելու համար հարկավոր է օրվա կեսը հերթի մեջ անցկացնել. տոմս գնողների հերթը փողոցում երկու խաչմերուկ է ձգվում: Իսկ ներսում հանգիստ, առանց շտապելու սպասարկում է ընդամենը մեկ տոմսավաճառ: Այս պարագայում ծաղկում է միջնորդների բիզնեսը: Օրվա կեսը ծայրը չերևացող հերթում չանցկացնելու համար մարդիկ 10 եվրո ավելի են վճարում` տոմս գնելով միջնորդից, որը նաև զբոսավարի ծառայություն է ապահովում: Զբոսավարի մեկնաբանությունները, սակայն, ավելի շատ ձևական են. նա հնարավորինս կարճ է կապում` շտապելով կլորիկ գումարի դիմաց հաջորդ խմբին արտահերթ ներս անցկացնել:

Ակրոպոլիսում ու այլ հնավայրերում հանկարծ հասկանում ես, որ նման ժառանգություն մենք էլ ունենք: Ու հույների պատմական ժառանգությունից ավելի սկսում ես հիանալ նրանց վերաբերմունքով իրենց ունեցածի հանդեպ. մարդիկ սրտացավ են անգամ պատմական փոշու նկատմամբ, միլիոնավոր եվրոների ներդրումներ են իրականացրել` ունեցածը պահելու ու աշխարհին ցույց տալու համար: Ու ներդրումները, վստահաբար, բազմապատիկ հետ են ստացել. թանգարաններում տուրիստների հերթերը դրա վկայությունն են: Իհարկե, այստեղ կարող ենք ասել, որ մեր պատմական հուշարձանները մեզ շատ վատ վիճակում են հասել, որ մենք հույների պես ցույց տալու շատ բան չունենք: Սակայն դա ընդամենը արդարացում է. հույները ցույց տալու բան ունեն, որովհետև վերականգնել են: Բազմաթիվ են արվեստի գործերը, պատմական կոթողները, որոնցում բնօրինակը մի փոքր հատված է կազմում, մնացածը վերարտադրությունն է: Բայց դա չի խանգարում, որ զբոսաշրջիկները հազարավոր կիլոմետրեր անցնեն, գումար վճարեն ներս մտնելու համար ու հիանան վերականգնված հնությամբ: Այս առումով հույներից հայերս սովորելու շատ բան ունենք: Առաջին` հնություն քարն ու անգամ քարի փոշին արժեքավոր են, դրանք պետք է պահպանել, ճիշտ մոտեցման դեպքում էլ դրանցով կարելի է նաև գումար վաստակել: Երկրորդ` զբոսաշրջիկ գրավելու, դրա միջոցով գումար ստանալու համար նախ պետք է ներդրում անել: Առանց ներդրումների ու համապատասխան աշխատանքի, անգամ եթե թանգարան եք բաց երկնքի տակ, գրավիչ չեք դառնա:

Հայերիս համար ուսանելի է նաև հույների վերաբերմունքը կյանքին: Չնայած տնտեսական դժվարություններին և տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ ջանքերին` այստեղ ամեն ոք իր հանգստի տերն է: Օրինակ` ժամը 2-ից հետո Աթենքում շատ քիչ գործող խանութ կգտնեք (խոշոր սուպերմարկետները չհաշված): Իսկ կիրակի օրերին անգամ սուպերմարկետները և որոշ սրճարաններ չեն գործում: Այստեղ աշխատանքը, իհարկե, իր տեղն ունի, բայց հանգիստն ու կյանքի վայելքը վեր են ամեն ինչից:

Ուշագրավ է նաև հույների համեստությունը: Աթենքում մարդիկ մեծ մասամբ խնայող, փոքր մեքենաներ են վարում: Իսկ եթե որևէ շքեղ մեքենա էլ տեսնում ես, ապա ղեկին այլազգի է:

Բայց հատկապես գովելի է հույների հարգանքն իրենց լեզվի հանդեպ: Այստեղ միայն անգլերենով որևէ գրություն կամ անվանում չեք հանդիպի, խանութների ու օբյեկտների անունները օտարալեզու չեն, եթե որևէ տեղ անգլերեն բառ կամ տառ կա, ապա դրանից ավելի տեսանելի ու ավելի մեծ հունարեն բնօրինակն է: Ու այստեղ սեփական լեզուն ոչ ոք չի ստորադասում` պատճառաբանելով, թե զբոսաշրջիկներին գրավելու միջոց է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: