Հայերեն   English   Русский  

Առաջիկայում մանրամասն կճշտվի կենդանական և բուսական աշխարհի վնասի չափը. Նախարարներ


  
դիտումներ: 616

Ըստ մեկ արբանյակային տվյալի, 1600 հա ունեցող Խոսրովի արգելոցից վնասվել է 250 հեկտար անտառածածկ տարածք:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ դրանք նախնական տվյալներ են,հաղորդում է Պանորաման:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կան առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չի եղել և այդ հատվածում անտառը վերականգնվող է. «Ընդ որում՝ այս կղզյակները հնարավորություն են տվել նաև կենդանական աշխարհին պատսպարվելու համար: Առաջիկայում ավելի մանրամասն կճշտվեն կենդանական և բուսական աշխարհի վնասի չափը: Մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որ ունենանք առավելագույն ճշգրիտ պատկեր»:

Բնապահպանության նախարարը վստահեցրեց, որ որևէ բան չեն թաքցնելու, ավելին, ուզում են ավելի պարզ, տեսանելի, հասկանալի ևհրապարակային գնահատականներ հնչեցնել, որպեսզի հետագայում վերականգնողական աշխատանքները լինեն ավելի նպատակային և ողջ հասարակության ներգրավմամբ:

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ այդ օրերին հրդեհաշիջման աշխատանքները տարվում էին երկու ուղղությամբ՝ Արտավան և Խոսրովի արգելոց ուղղություններով: Ըստ նրա՝ օգոստոսի 10-ից սկսած, հրդեհին արձագանքումը շատ արագ էր՝ շնորհիվ ԱԻՆ, բնապահպանության նախարարության, «Հայանտառ»-ի պատասխանատու աշխատակիցների` նախարարների անմիջական մասնակցությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքների բնակիչները, հատկապես` Արտավանում, իսկ «Լիդիան-Արմենիա» ընկերությունը տրամադրել է հզոր տրակտորներ և տեխնիկական այլ միջոցներ։

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Տոնոյանին, որովհետև գլխավորելով ամբողջ գործընթացը մենք կարողացանք համախմբված աշխատել: Սա փորձառություն էր, քանի որ Հայաստանում նախադեպը չունեցող, մեծամասշտաբ հրդեհներ էին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ համատեղ գործողությունները հնարավորություն են տալիս առավել մեծ ուշադրություն դարձնելու հակահրդեհային միջոցառումներին, մշակելու ծրագրեր, հստակ գործողությունների պլան։

Հարցին՝ արդյոք պարգևատրե՞լ են հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ու հրշեջները, Դավիթ Տոնոյանն ասաց` դեռ ոչ, սակայն սեպտեմբերի 4-ին` փրկարարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում նրանք կպարգևատրվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: