Հայերեն   English   Русский  

​«Հայլանդզ». ամերիկահայ ամուսինների դրախտը Գեղադիրում


  
դիտումներ: 25706

Գունագեղ լանդշաֆտ, հրաշալի բնություն, գյուղական համայնապատկեր և, իհարկե, էկոլոգիապես մաքուր, համեղ ու օգտակար սնունդ, առողջ ապրելակերպ բնական միջավայրում: Այս ամենի համադրությունն է «Հայլանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթը։

Այն հիմնել են ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Արթուր և Քերոլայն Զաքարյանները: Ամուսինները 10 տարի առաջ, Միացյալ Նահանգներում թողնելով ակտիվ ու եռուն կյանքը, Հայաստանի այս գողտրիկ անկյունում ոչ միայն բիզնես են ծավալում, այլև ապրում: Հենց այստեղ՝ Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա գտնվող Գեղադիր գյուղում, որտեղ մեքենայով կարելի է հասնել ընդամենը 25 րոպեում, ամերիկահայ ամուսինները գտել են երջանկության իրենց բանաձևը:

Հայլանդզ

«Հայլանդզի» բացօթյա ռեստորանում վայելում էինք լիբանանահայ խոհանոցի համեղ ուտեստները, երբ մի մարդ մոտեցավ աշխատողներին, զրուցեց ու հեռացավ: Այգեպանի հագուստով էր: «Հավանաբար այգեպանն է»,-մտածեցի: Քիչ անց աշխատակիցներին խնդրեցի, որ «Հայլանդզի» հիմնադրի հետ ծանոթացնեն, որպեսզի հարցազրույց վարեմ: Եվ մեծ էր զարամանքս, երբ մոտեցավ նույն «այգեպանը»: Այո, Արթուր Զաքարյանն էր, ամերիկահայ գործարարը, որը դեռ 90-ականների սկզբից Հայաստանում նախ բարեգործական, ապա բիզնես գործունեություն է ծավալում:

«Այն մարդը, որ սար ու ձոր սիրող է՝ էս երկրում շատ լավ կարող է իրեն զգալ: Բացի այդ, Ամերիկայում չես կարող գնալ որևէ գյուղ, մտերմանալ ժողովրդի հետ, նստել, զրուցել: Էստեղ, որ գյուղը մտնես, ասես՝ քույր ջան, եղբայր ջան, ես եկել եմ ձեր գյուղում մի շաբաթ մնամ, միանգամից մթնոլորտը կփոխվի, բոլորը դռները կբացեն քո առաջ»,- ասում է Արթուր Զաքարյանը ու պատմում, թե ինչպես ստեղծվեց «Հայլանդզը»:

Հայլանդզ

1994 թվականին հերթական անգամ եկել էր Հայաստան: Ընկերներից մեկի առաջարկով գալիս են Գեղադիր գյուղ, որտեղ նաև մի ընտանիքի պետք է օգներ, որը սոցիալական լուրջ խնդիրներ ուներ: Ընտանիքի ամուսինը Հայաստանից փախել էր մեծ պարտքեր ունենալու պատճառով՝ մորը, կնոջն ու երեք զավակներին թողնելով գյուղում: Պարտատերը պարտքով գումարն այնքան մեծ տոկոսով էր տվել, որ չէին կարողացել վճարել: Հիմա տան անդամներն ուզում էին տունը վաճառել, որ պարտքը մարեին: Արթուր Զաքարյանը տան գնից երկու անգամ բարձր գին է վճարում, որպեսզի կարողանան և՛ պարտքը տալ, և՛ մեկ այլ տուն գնել գյուղում: Հետո այդ ընտանիքին իր մոտ աշխատանքի է վերցնում: Նրանք ոտքի են կանգնում: Գյուղացու հաջողված պատմության լուրը շատ արագ տարածվում է գյուղում, և հարևանները շտապում են դիմել ամերիկահայ գործարարին, որպեսզի իրենց տներն էլ գնի և իրենք կարողանան ավելի էժան տուն գնել գյուղի մեկ այլ մասում, արանքում էլ օգտվեն: Այդպես Արթուր Զաքարյանը նաև հարևան մի քանի տներն է գնում: Խոստովանում է, որ գյուղ կատարած առաջին իսկ այցի ժամանակ արդեն զգում էր, որ ուզում է այնտեղ ապրել, քանի որ գյուղն իր հրաշալի բնությամբ, խաղաղությամբ ասես դրախտավայր լիներ: Գեղադիրը դառնում է նրա հարազատ գյուղը: Հետո մտածում է գյուղում աշխատատեղեր հիմնելու մասին, սակայն գյուղն այդքան ռեսուրս չուներ որևէ գործարան հիմնելու համար: Որոշում է շինարարություն սկսել և գյուղացիներին այդպես աշխատանքով ապահովել: Նախ իր գնած տներն է վերանորոգում ու վերակառուցում, ապա իր համար է սկսում տուն կառուցել: Արթուր Զաքարյանը հույս ուներ, որ երեխաներն էլ կտեղափոխվեն ու կապրեն իրենց հետ: Սակայն երեխաներն այնքան էլ ոգևորված չէին ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելու գաղափարով: Ինչևէ, տները պատրաստ էին, բայց դատարկ: Սկզբում այդ տներում հյուրընկալում էին դրսից հյուր եկած ընկերներին: Այդպես կամաց-կամաց ծնվում է էկոհյուրատուն հիմնելու գաղափարը:

Image may contain: flower, plant, table, outdoor and natureՄենք առաջին էկո վիլիջ ռեզորթն ենք Հայաստանում և ուրախ ենք, որ հիմա շատ այլ տեղեր էլ են բացվում նման վայրեր»,- ասում է Քերոլայնը, որը, կարելի է ասել, նաև հյուրատան գլխավոր խոհարարն է:

Եթե չեք ուզում մեկ կամ մի քանի օր անցկացնել այս յուրօրինակ վայրում, գոնե մեկ անգամ պետք է հնարավորություն գտնեք այցելելու «Հայլանդզի» բացօթյա ռեստորան: Այստեղ խոհանոցի վրա մեծ ուշադրություն է դարձվում. սնունդը պետք է լինի բարձրակարգ, մատուցումը՝ նույնպես, և Քերոլայնն անձամբ է հետևում ուտեստի պատրաստման ողջ ընթացքին ու անդադար սովորեցնում իրենց խոհարարներին լիբանանահայ խոհանոցի բոլոր նրբություններն ու գաղտնիքները: Ցավով է արձանագրում, որ Հայաստանում խոհանոցային լուրջ դպրոց չկա: «Կան կարճատև դասընթացներ, բայց լուրջ դպրոց չկա: Հայաստանում հիմնականում լավ խոհարարներին դրսից են բերում»:

Խոստովանում են, որ սկզբում էկո հասկացությունը տեղացիներին խորթ էր, մարդիկ դրան մեծ ուշադրություն չէին էլ դարձնում, հիմա այդպես չէ. «Ամեն տարի 20-25 տոկոսով մեր այցելուների թիվն աճում է, ընդ որում, կեսը տեղացիներ են, կեսը՝ սփյուռքահայեր ու արտասահմանցիներ»:

Image may contain: sky, mountain, nature and outdoorԱյս հրաշք միջավայրի կերտողները չէին կարող անգամ պատկերացնել, որ ամերիկյան ու անգլիական ակտիվ կյանքից հետո կարող են մշտապես հանգրվանել այստեղ և զբաղվել գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: «Այն հեռվում երևացող դաշտը, որ տեսնում եք, էնտեղ մեր ցորենն ու գարին են աճում,-մատնացույց է անում Արթուրը,- իսկ այն ամենավերևում մեր այգիներն են: 160 այծ ունենք, այծի կաթը շատ օգտակար է և դրա վրա ենք շեշտը դրել ու կաթնամթերք ենք ստանում: Կով ունենք, ձի, ոչխար, 200-250 հավ, բադ, հնդկահավ, շուն ու կատու, նապաստակ, աղավնիներ, թութակներ, անգամ սիրամարգ»,- ծիծաղելով թվարկում է զրուցակիցս: Ամռան սեզոնին աշխատողների թիվը հասնում է մոտ 45-ի: Ձմռան սեզոնին՝ 20-22, մեծ մասը՝ Գեղադիրից և հարևան գյուղերից:

Էկոլոգիապես մաքուր միջավայր ապահովելու և ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հանգստավայրի տարածքում տեղադրվել են արևային համակարգեր: Ի դեպ, ժամանակին Արթուր Զաքարյանը Հայաստանում նաև այս ոլորտում է ներդրումներ արել:

Հայլանդզ

Նա ուզում է փոխել նաև Հայաստանում գործատու-աշխատող հարաբերություններում առկա կարծրատիպերը. «Եթե դու բիզնեսի տերն ես, չի նշանակում՝ ձեռքը դնես մեջքիդ ու սկսես հրամաններ տալ: Դու էլ պետք է հավասար աշխատես: Այստեղ նկատած կլինեք՝ 2-3 հոգի ճանապարհը սարքում է, 4-5 հոգի գլխներին կանգնած հրամաններ է տալիս»:

Արթուր և Քերոլայն Զաքարյանները, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, սիրում են Հայաստանը և հատկապես իրենց գյուղը՝ Գեղադիրը: «Այո, Հայաստանում վատ սովորություններ էլ կան, թերություններ էլ կան,- ասում է Արթուր Զաքարյանը,- օրինակ՝ մտածելակերպը, որ եթե ես տղամարդ եմ, ուրեմն կանայք ոչինչ են իմ մոտ կամ թե տղա զավակն ավելի լավն է, քան աղջիկ զավակը: Ի դեպ, հենց Հայաստանում հակառակն է ապացուցված: Եթե սրտանց ես գալիս Հայաստան, սխալ է ամեն բանից հիասթափվելը: Պետք է պարզապես ներողամիտ լինես, որից հետո ջանաս ուղղություն տալ, փոխել այն տեղերում, որտեղ դա հնարավոր է: Ես, օրինակ, այստեղ ամեն օր սովորեցնում եմ «հա»-ի փոխարեն «այո» ասել: Մի օրում չի փոխվում, բայց հիմա նկատել եմ, որ իմ շրջապատում շատերն արդեն «այո» են ասում: 25 տարին մի երկրի համար շատ քիչ է, Հայաստանը դեռ մանուկ է, պետք է բոլորս օգնենք»:

Image may contain: outdoor

Image may contain: bird and outdoor

Image may contain: dog, outdoor and nature

Image may contain: flower, plant, nature and outdoor





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: