Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է պարգև վճարելու հրապարակային խոստումը


  
դիտումներ: 10846

Հաճախ հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով լինում են հայտարարություններ, թե օրինակ՝ կորել է մեկի դրամապանակը, և վերադարձնողին խոստանում են խոշոր դրամական պարգև:

Հարց է ծագում, արդյոք նման պարգև խոստացողը, բացի բարոյական պատասխանատվությունից, այլ կերպ կաշկանդվա՞ծ է իր խոստումով: Օրենսդիրը կարգավորել է հաճախ հանդիպող այս հարաբերությունները:

Այսպես, օրենքը հստակ սահմանում է, որ այն անձը, որը հրապարակայնորեն խոստացել է որոշակի օրինաչափ գործողություն կատարելու համար վարձատրել կամ պարգև տալ (պարգև վճարելու), պարտավոր է խոստացած պարգևը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին, որը, մասնավորապես, գտել է հայտարարություն արած անձի կորցրած գույքը կամ տեղեկություններ է հայտնել դրա վերաբերյալ:

Ի՞նչ է պետք իմանալ, եթե դուք, ասենք, գտել եք որևէ մեկի կորցրած գույքը, որի սեփականատիրոջ անունից այն վերադարձնելու դեպքում պարգև վճարելու հրապարակային խոստում է հնչել: Օրենքը սահմանում է պարգև վճարելու և ըստ այդմ, պարգև վճարելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու պարտադիր պայման: Պարգև վճարելու պարտականությունը ծագում է, եթե պարգև վճարելու խոստումը հնարավորություն է ընձեռում պարզելու, թե ով է այն խոստացել: Խոստմանն արձագանքած անձն իրավունք ունի պահանջելու խոստման գրավոր հավաստում և կրում է նման պահանջը չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե պարզվում է, որ պարգևի մասին հայտարարությունն իրականում չի արել նրանում նշված անձը: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, այն դեպքում երբ պարգև վճարելու խոստումը հնչում է ոչ առաջին դեմքով և հնարավոր չէ կոնկրետ նույնականացնել հրապարակային խոստում տվողին (շատ հաճախ հենց այդպես էլ լինում է նմանատիպ հրապարակային հայտարարություններում), ապա պարգև ստանալու պահանջի իրավունք ձեռք բերելու կամ նման իրավունքը ապահովագրելու նպատակով անհրաժեշտ է նախապես ստանալ գույքը կորցրած անձի (սեփականատիրոջ) գրավոր հավաստումն այն մասին, որ ինքն է իրականում նման խոստում տվողը:

Ինչպե՞ս է որոշվում պարգևի չափը, եթե հայտարարության մեջ այդ չափը նշված չէ: Եթե պարգևի հրապարակային խոստման մեջ դրա չափը նշված չէ, այն որոշվում է պարգև խոստացած անձի հետ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով:

Արդյոք կարո՞ղ է հրապարակային խոստում տված անձը վերացնել այն: Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: