Հայերեն   English   Русский  

«Խնդիրները բացառապես կապված են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ». փաստաբանները գործադուլ հայտարարելու պատճառների մասին


  
դիտումներ: 6823

«Հաշվի առնելով, որ ո´չ դատական դեպարտամենտը, ո´չ փաստաբանների պալատը, ո´չ պատկան այլ մարմին չփորձեց իրավական լուծում տալ խնդրին, մենք փաստաբաններով՝ մոտ 150 հոգի, նախաձեռնում ենք հայտարարել գործադուլ, որի միջոցով փարձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան, Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա ընդգծեց, որ գործադուլը թեև ենթադրում է, որ իրենք չեն ներկայանալու նիստերին, բոլոր այն դեպքերում, երբ իրենց վստահորդի կամ պաշտպանյալի շահերից կբխի փաստաբանի մասնակցությունը նիստին, իրենք չեն լքի նրանց ու կմասնակցեն գործընթացին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով փաստաբանները հանդես էին եկել բաց հայտարարությամբ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին կդիմեմ գործադուլի հրաժարվգելով մասնակցել դատական բոլոր նիստերին: Հայտարարության միացել են 100-ից ավել փաստաբաններ: Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկներում և դատարաններ մուտք գործելիս խուզարկման ենթարկվելու դեմ:

Ըստ պարոն Պապիկյանի՝ խնդիրներն առաջացել էին ոչ թե դատական գործընթացի սկսելու ընթացքում այլ դրանից ամիսներ առաջ. «Քրեակատարողական հիմնարկներում հաճախակի էին դարձել նաև ապօրինի գործողությունները՝ խուզարկությունների և մեր պաշտպանյալների հետ առանձնազրույցներին միջամտելու ձևով: Ամիսներ շարունակ մենք այս խնդիրները լրատվամիջոցներով բարձրաձայնել ենք, բայց լուծում չկար»:

Փաստաբանի խոսքով՝ գործադուլ հայտարարելն ամենևին այն չէր, ինչ իրենք ցանականում էին, պարզապես դա են ընտրել որպես բողոքի ձև. «Մեր մասնագիտական պարտքը կատարելու համար բոլոր փաստաբանները պատշաճ կերպով ներկայանում էին նիստերին և ամբողջ աշխատանքային օրը անցկացնում էին կա´մ դատարանի միջանցքում, կա´մ շենքի մոտ: Այդ ամբողջ ընթացքում անհասկանալի արձանագրությունների հիման վրա փաստաբանները ստանում էին սանկցիաներ, ընդ որում՝ իմ գործընկերներից շատերը և ես մեկ տասնյակից ավելի դատական սանկցիաների ենթարկվեցինք»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը ձեռնամուխ եղավ կարգապահական վարույթներ սկելու և ուսումնասիրելու իր և իր գործընկերների խախտումները:

Պապիկյանը հույս ունի, որ պատկան մարմինները համապատասխան հետևուններ կանեն և հրատապ միջոցներ կձեռնարկեն խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Ըստ փաստաբան, Վարուժան Ավետիսյանի և ԱրեգԿյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝ իրավունքների խախտումները սկսվել էր «Սասնա ծռերի» գործի նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում սահմանափակել փաստաբանների տեսակցություններն իրենց պաշտպանյալների հետ: Այդպես, փետրվարին փաստաբանին մի քանի անգամ արգելվեց տեսակցել իր պաշտպանյալների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. «Այս խնդիրները բացառապես կապված են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործով մեր պաշտպանյալների պաշտպանությունը իրականացնելու հետ: Որևէ այլ գործով երբևէ նման խնդրի փաստաբանները չեն բախվել : Ես մասնակցել եմ տարբեր դատավարությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով նիստերին, սակայն երբևէ նման իրավիճակ չի եղել: Չի եղել դեպք, որ փորձեն դատարան մտնելիս կամ քրեակատարողական հիմնարկում փաստաբանին խուզարկել»,- ասաց պարոն Շուշանյանը:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: