Հայերեն   English   Русский  

​Ոջիլ


  
դիտումներ: 2920

Սեպտեմբերն աշխույժ, ուսումնական տարվա սկիզբ ազդարարող ամիս է: Սեպտեմբերը նաև երեխաների, աշակերտների հետ կապված որոշ խնդիրների առաջացման մասին է հուշում, խնդիրներ, որոնք շփումների հետևանքով են ծագում ու հոգս պատճառում նաև ծնողներին:

Պեդիկուլյոզ. սա մի տհաճ երևույթ է, որը սխալմամբ ոչ մաքուր կենսակերպի, սխալ հիգիենայի հետևանք է ընկալվում: Դրա պատճառով թյուրըմբռնում է ծագում, փոխադարձ վիրավորանք ու մեղադրանքներ են հնչում: Ցավոք, դրանում քիչ չէ նաև մանկավարժի սխալ պատկերացմամբ պայմանավորված վերաբերմունքը, ինչը ստիպում է ծնողներին ու նաև պայմանական՝ «տուժածին» թաքցնել այդ փաստը: Հետևանքը լինում է այն, որ բոլորից ծածուկ հաճախ ոջիլից ազատվելու այնպիսի միջոցներ են փորձարկվում, որոնք վնաս են հասցնում՝ ոչ միայն ժամանակավոր խանգարման հանգեցնելով, այլև հաշմանդամության, հազվադեպ՝ նաև մահվան:

Տարիներ առաջ Ռուսաստանում հայրը որոշել էր իր դուստրերին ազատել ոջիլներից: Երեխաների մայրը վաղուց էր մահացել, ու փոքրիկներին մեծացնում էր հոգատար հայրը: Սակայն գիտելիքների պակասն ու անհեռատեսությունը ողբերգական ավարտ ունեցան. տղամարդը որոշել էր դուստրերին բուժել ոչխարների համար նախատեսված միջոցով: Հետևանքը եղավ այն, որ փոքրիկներից մեկի կյանքը թունավորումից փրկել չհաջողվեց:

Բազում միջոցներ են հայտնի: Շատ ընտանիքներում, օրինակ, սպիրտը գործածվում է որպես համադարման՝ բոլոր հիվանդություններից ապաքինման միակ ու ընդունելի միջոց, այդ թվում՝ նաև պեդիկուլյոզից: Հաճախ համացանցում հանդիպում է չնոսրացված՝ 96%-անոց սպիրտով մազերի դիմակ: Այս միջոցը գուցե օգնում է ազատվել ոջիլից, սակայն գլխամաշկի այրվածք ստանալու վտանգը խիստ մեծ է, մազերի որակն էլ դրանից շատ է տուժում:

Նույնքան վտանգավոր է քացախաբուժությունը, գլխամաշկի այրվածքի հավանականությունը կրկին մեծ է, էլ չասած քորի ու թեփի մասին:

Նավթով բուժման մասին շատերը լսած կլինեն: Թե որքանով է դա արդյունավետ միջոց, այլ հարց է: Բայց պետք է զգուշանալ այդ նավթամթերքից, քանի որ այն թունավոր է ու, ամեն դեպքում, ոչ կիրառելի հիվանդություններ բուժելու համար:

Շատ ու շատ միջոցներ է առաջարկում ժողովրդական բժշկությունը, ընդ որում՝ նաև անվնաս:

Իսկ այս դեպքում առաջին հերթին չմոռանանք տանն ունենալ մետաղական, մանրատամ սանր. կանոնավոր սանրվելը մեծ քանակությամբ ոջիլներից ազատվելու լավագույն միջոցն է ու նոր ոջիլների հայտնվելու կանխարգելիչ հնարավորություն:

Հասկանալի է, որ ոչ բոլորը կցանկանան ոջիլի դեպքում դիմել պոլիկլինիկա, սակայն չմոռանանք, որ բուժման մասնագիտական մոտեցումը շատ ավելի արդյունավետ է:

Առաջին՝ չպետք է խուճապի մատնվել ոջիլ հայտնաբերելու դեպքում: Փորձեք հասկանալ ոջիլի հայտնվելու «տրամաբանությունը»: Մի քանի փաստեր ներկայացնենք, որոնք, հետաքրքիր լինելուց բացի, գուցե ուղղորդեն ձեզ ոջիլի դեմ պայքարում:

Ոջիլից մարդիկ արդեն հազարամյակներ են տուժում. չորացած ոջիլներ են հայտնաբերվել եգիպտական ու հնդկացիական մումիաներում, իսկ դրանց մասին առաջին հիշատակումները հանդիպում են Արիստոտելի մոտ ( մոտ 2500 տարի առաջ):

Ի դեպ, երբեմն երեխաները ծնողներին բողոքում են, որ ընկերոջ գլխից է ոջիլը թռել իր մազերի մեջ, մեծահասակների ճնշող մեծամասնությունը նույնպես համոզված է, որ ոջիլը նման եղանակով է «փոխադրվում»: Կարծիք կա նաև, որ ոջիլը մաշկի տակից է դուրս գալիս նյարդային խանգարումների ժամանակ կամ, ասենք, ծառից է ընկնում: Իրականում գլխի ոջիները փոխանցվում են գլխից գլուխ դիպչելու ճանապարհով, ոջիլ ունեցողի իրերից (գլխարկ, բարձ, սանր սրբիչ, խաղալիք ևն):

Երբեք չի կարելի դրանից ամաչել ու նույնը բացատրեք ձեր երեխային, քանի որ ոջլակրությունն անապահովության ցուցիչ չէ: Ի դեպ, ոջիլները նախապատվությունը տալիս են «առողջ» գլուխներին:

Տնային կենդանիները նույնպես ոջիլներ փոխանցողներ չեն:

Էգ ոջիլի իրանի երկարությունը 2.1-3,5 մմ է, իսկ որձինը՝ 2,0-3,0:

Գլխի մազածածկույթի ոջիլները շատ զգայուն են օդի ջերմաստիճանի ու խոնավության հանդեպ. նրանց կենսագործունեության համար լավագույն ջերմաստիճանը 26-28 աստիճանն է: Ջերմաստիճանի անկման հետ նրանց զարգացումը դանդաղում է ու 20 աստիճանի պայմաններում ոջիլը չի ձվադրում:

Հասուն էգերը հաճախակի են սնվում (օրական 6-12 անգամ), արյան ոչ մեծ չափաբաժիններով (0,5-0,65 մգ): Առանց սնունդի ոջիլները սատկում են 48 ժամում:

Էգի կյանքի տևողությունը 38 օր է, որձինը՝ 27:

Անիծը թեփից տարբերելու հասարակ եղանակ կա՝ մազերը թափահարելու դեպքում թեփը թափվում է, իսկ անիծը՝ ոչ:

Ձվից դուրս եկած թրթուրն առանց արյան սատկում է 45 րոպեում: Ոջիլների դեմ շամպունները, չնայած պարունակած պեստիցիդներին, միևնույն է, 100%-անոց արդյունք չեն ապահովում, քանի որ ոջիլները շատ արագ իմունիտետ են մշակում յուրաքանչյուր քիմիական նյութի դեմ:

Ի դեպ, ոջլակրության դեմ պայքարի ժամանակաշրջանում մի մոռացեք անկողնային սպիտակեղենի ու հագուստի ջերմամշակման մասին (60 աստիճան): Իսկ այն հագուստը, որը լվացման ենթակա չէ, կարելի է դնել տոպրակի մեջ ու տեղավորել սառցախցիկում 48 ժամով: Բազմոց, բազկաթոռ-մահճակալը, մի խոսքով՝ կահույքը կարելի է մշակել գոլորշիով:

Հակառակ տարածված կարծիքին, ոջիլները, ի տարբերություն լվերի, թռչել չգիտեն:

Ոջիլների ենթախմբի ավելի քան 500 միջատ է հայտնի, որոնցից միայն 3-ն են, որ մարդու մակաբույծ են համարվում:

Ի դեպ, այն սոսինձը, որով անիծը կպչում է մազերին, երկաթ պարունակող ցեմենտ է, որով էգը ձուն ամրացնում է դժվարհասանելի տեղերում: Փաստորեն, եթե մոռանանք, թե ինչի մասին է խոսքը, ապա ստացվում է, որ մայրն իր սերնդի մասին հոգ է տանում տեղը տեղին:

Ոջիլը ձվից դուրս գալուց հետո 3 փուլ է անցնում, ամցումային 3 փուլ է ունենում մինչև վերջնականապես ձևավորվելն ու բազմացման պատրաստ լինելը:

Անտանելի քորը պայմանավորված է ոչ թե միջատների տեղաշարժով, այլ նրանց խայթոցով:

Ոջիլն ունի շնչափող, բայց ոչ աչքեր: Ոջիլները գրեթե թափանցիկ են ու գունավորվում են միայն արյուն խմելու հետևանքով:

Ոջիլը ջրում չի սատկում, չնայած լողալու համար որևէ օրգան ու ջրի տակ շնչելու հարմարանք չունի:

Աշխարհի արարման վերաբերյալ չինական լեգենդի համաձայն՝ առաջին մարդիկ հայտնվել են հսկաների մարմնի վրայի ոջիլներից, իսկ լեհական բանահյուսության մեջ մի լեգենդ կա, ըստ որի՝ ոջիներին ինքը՝ Հիսուսն է նվիրել՝ պարապ-սարապներին գործով զբաղեցնելու նպատակով:

Բերթրան Ռասելի «Արևմտյան փիլիսոփայության պատմության» մեջ մի հիշատակում կա, ըստ որի՝ միջին դարերում քրիստոնյաներին արգելված էր սատկացնել ոջիլներին: Դրա պատճառն իբր քրիստոնյայի արյունն էր, որը, հայտնվելով մակաբույծի օրգանիզմում, նրան «արյունակից եղբայր» էր դարձնում, իսկ եղբայրակցի սպանությունը սպառնում էր դժոխքի հավերժական տառապանքով: XIX դարի անգլիացի հայտնի մտածող Գիլբերտ Չեսթերտոնը մի էսսե ունի՝ «Ոջիլների, մազերի ու իշխանությունների մասին» վերնագրով:

XIX և XX դարերի սահմանագծին Անգլիայում մի պայման էր գործում աղքատ ընտանիքների աղջիկների մազերը անպայման կտրելու վերաբերյալ, ինչը ենթադրում էր ոջիլների համաճարակի կանխում:

Հին սլավոնները կարծում էին, որ կար անելու ընթացքում չի կարելի հաց ուտել, որ ոջիլներ չհայտնվեն:

Ցարական Ռուսաստանի որոշ նահանգներում տիրող հավատալիքի համաձայն՝ հացով ոջիլ ուտելը կնոջն օգնում է ծանր ծննդաբերության ժամանակ, օգնում է նաև դողէրոցքով ու դեղնուկով հիվանդներին:

Հին ռուսական բանահյուսության մեջ նաև ամպրոպի ժամանակ ոջիլ գտնելու արգելքի մասին հավատալիք է հանդիպում: Ով կհամարձակվեր մազերն ամպրոպի ժամանակ սանրել, նա իրեն կայծակնահարության կամ էլ խլության կդատապարտեր:

Արևելյան սլավոններն էլ հավատում էին, որ եթե ոջիլը ականջ է մտնում, ուրեմն անձրևելու է, իսկ եթե երկու ոջիլ իրար են հանդիպում, ուրեմն կարկուտ է տեղալու:

XVII դարում ֆրանսիայում պեդիկուլյոզը շատ տարածված էր, ինչը վրդովված ֆրանսիացիներին հարկադրեց սափրել գլուխներն ու զանգվածեղ կեղծամներ կրել: Նույն պատճառով էլ սափրեց գլուխը եգիպտական ազնվականությունը:

Հռոմեացի դիկտատոր Կոռնելիուս Սուլլայի մահվան պատճառը ողջ մարմնով մեկ տարածված պեդիկուլյոզն էր:

Հնում պեդիկուլյոզն էր պատճառը, որ չինական մետաքսի գները բարձր էին, քանի որ եվրոպացիները համոզված էին՝ ոջիլը մետաքսի մեջ չի ապրում:

Մեծ Հայրենականի տարիներին գերմանական բանակում չափազանց տարածված էր պեդիկուլյոզը: Նույնիսկ մի արձանագրության համաձայն՝ զինվորական հոսպիտալում 12 զինվորականի վրայից մեկուկես կգ ոջիլ էր հավաքվել (մեկ ոջիլի միջին քաշը 1 մգ է):

1919 թ. Խորհրդային Ռուսաստանում այնքան տարածված էր պեդիկուլյոզը, որ բոլշևիկները համառուսաստանյան խնդիր էին համարում ոջիլների համաճարակի վտանգը: Իսկ Վ.Ի. Լենինը մի առիթով ասել է.«Կա՛մ ոջիլները կհաղթեն սոցիալիզմին, կա՛մ սոցիալիզմը՝ ոջիլներին»:

Ի դեպ, ոջիլները գլխի վրա նախընտրում են ամենատաք տեղերը, օրինակ՝ ականջների հետևը կամ էլ ծոծրակի ստորին հատվածը:

Ծիծաղելի է, բայց ամեն ոջիլ «հավատարիմ» է իր տիրոջը: Ընտրության դեպքում միշտ վերդառնում է իր ելման կետ: Ավելի քան 100 տարի առաջ շվեդները Գրդենբուրգում քաղաքապետ էին ընտրում ոջիլների օգնությամբ: Բոլոր թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու մորուքները փռում սեղանի վրա: Կենտրոնում ոջիլ էին դնում ու հետևում, թե ում մորուքի վրա է միջատը բարձրանում: Այդ երջանիկն էլ դառնում էր քաղաքապետ:

Ճապոնական գրականության դասական Ակուտագավա Ռյունոսկեն մի պատմվածք ունի՝ «Ոջիլներ», որում պատմվում է պեդիկուլյոզով տառապող սամուրայների նավի մասին:

Համենայն դեպս, սա ծանր խնդիր չէ ու գրագետ բուժման պարագայում շատ արագ կարելի է ազատվել այդ հոգսից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: