Հայերեն   English   Русский  

​Կալավանը ՝ հնագիտական վայր. Ինչու՞ են նոր միայն բացահայտվում գյուղի հնարավորությունները


  
դիտումներ: 9715

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ, հնագետ, կենդանաբան, 36-ամյա Ռոբերտ Ղուկասյանն անցած տարի վաճառել է կովը, այդ գումարով ուղևորվել Ալյասկա և այնտեղ արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովում ներկայացրել հարազատ Կալավանը:

2013-ին կալավանցի մի քանի երիտասարդներ որոշեցին ու ընդամենը 20 դոլար ներդրումով գյուղը դարձրին արկածային զբոսաշրջության կենտրոն: Հենց առաջին տարին գյուղն ընդունեց 1000 զբոսաշրջիկ: Հայաստանյան այս փոքրիկ գյուղի զբոսաշրջային ներուժը Time Land գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է համաժողովին մասնակցած 80 երկրների 800 պատվիրակություններին: Կալավանով հետաքրքրվել են Պերուից, Չիլիից, Ավստրալիայից:

Վերջին շրջանում միջազգային հնչեղություն է ստացել այն գաղափարը, որ Կալավանը կարող է էկոտուրիզմի և արկածային տուրիզմի, նաև հնագիտական տուրիզմի լավագույն վայր դառնալ: Այս թեմայի շուրջ է զրույցը Time Land գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի և Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, ի՞նչ գործոնների շնորհիվ է այս փոքրիկ գյուղը հայտնվել օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս որոշեցիք մի օր ձեռնարկել գյուղի զարգացման ծրագիրը:

- Այսօր ընդամենը 260 բնակիչ ունեցող այս գյուղում իրականացվում է արկածային զբոսաշրջության ծրագիր: Գյուղը հայտնի է օրգանական գյուղմթերքի արտադրությամբ և հնագիտական պեղումներով:

Գյուղը սկսեց հետաքրքրել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև արտասահմանցի գիտնականներին: Միշտ սիրել եմ զբաղվել հնագիտությամբ, գյուղից հեռանալուց հետո միշտ ցանկանում էի նորից վերադառնալ ու շենացնել այն: Չէի սպասում, որ մի օր մարզի այս փոքրիկ համայնքը հայտնի կդառնա աշխարհին և կհետաքրքրի զբոսաշրջիկին որպես հնագիտական վայր, որտեղ զարկ է տրվում էկոտուրիզմի զարգացմանը:

Արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում են շրջակա միջավայրը, պատմության և բնության հուշարձանները, գյուղի մարդկանց կենցաղն ու մշակույթը, բուսական ու կենդանական աշխարհը և առավելապես քարեդարյան մարդու կյանքի վերարտադրությունը, երբ այցելուներին հնարավորություն է տրվում ժամանակավորապես ապրել քարեդարյան մարդու կենցաղով.

Դեպքերի այսպիսի արագ զարգացումը մեզ համար անակնկալ է, բայց ապացուցում է, որ մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհին, Գեղարքունիքի մարզը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային զբոսաշրջության ոլորտում:

- Հնագիտական ի՞նչ պեղումներ են այսօր իրականացվում և ի՞նչ գտածոներ կան:

- Պեղումներն ընթանում են Կալավանի քարեդարյան հնագույն բնակատեղիի բացօթյա կայանում և Բարեպատ բնակավայրի տարածքում գտնվող քարայրում, որի շրջակայքում գտնվել են նեանդերթալյան մարդկանց ժամանակաշրջանին հատուկ աշխատանքային քարե գործիքներ:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաև կենդանիների ոսկրերի մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների և բիզոնների ոսկրերի մնացորդները: Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թևում, հնագույն ամրոցի և դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն և կենդանիների ոսկորներ: Վստահ եմ, որ պեղումների ընթացքում արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել ևս, եթե հաջողվի գտնել անհետացած նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի ևս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութի հետ գործ ունենք:

Կալավան

Գյուղում տապալված ուռենուց կառուցված կամրջից այն կողմ քարե դարն է: Այստեղ զբոսաշրջիկները պետք է պատրաստեն քարե գործիքներ, նետ ու աղեղ և ապրեն նախամարդու կյանքով, ստանան կրակ, չորացած ճյուղերից պատրաստեն նմանատիպ կացարաններ, սնվեն միայն այն ամենով, ինչ հնարավոր է գտնել բնության մեջ

Նախամարդու կյանքով ապրելու համար ամեն տարի զբոսաշրջիկների թիվը գրեթե կրկնապատկվում է: Առաջին տարին՝ 1000, հետո 2500 և 4000:

- Այսպիսի սրընթաց զարգացման համար հավանաբար գյուղում անհրաժեշտ ռեսուրսներ են պետք, գիշերակաց, հյուրատներ, վերանորոգված ճանապարհներ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

- Որոշեցինք մեկ տարի դադար տալ` որպեսզի կարգի բերենք գիշերակացի համար նախատեսված կացարանները: Գյուղում բացառված է խոշոր հյուրանոցի կամ ռեստորանի կառուցումը: Զբոսաշրջիկները պետք է գիշերեն կա՛մ գյուղացիների տանը, կա՛մ էլ նրանց պատկանող էկոքոթեջներում:

- Պարոն Ծատուրյան, ինչքան հասկացա, ծրագրի նպատակը համայնքի զարգացումն է՝ որպես խթան օգտագործելով տուրիզմի նախադրյալը: Իսկ ինչպե՞ս է զարկ տրվում օրգանական գյուղատնտեսութան զարգացմանը:

- Ավստրիական զարգացման հիմնադրամի աջակցությամբ գյուղում զարգանում են օրգանական մեղրի, ազնվամորու արտադրությունը և այգեգործությունը: Առաջիկայում կսկսվի նաև մթեքների երկրորդական մշակման գործընթացը:Համադրելով տեղի բնական ու մարդկային ռեսուրսները և շեշտը դնելով էկոլոգիապես մաքուր միջավայրի պահպանման վրա՝ գյուղում մեծ արագությամբ զարգացնում է էկոտուրիզմը:

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնապահությունն է: Բացի այդ, գյուղում որպես տնտեսության զարգացման նոր ազդակ վաղուց զարկ է տրվել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:

2012-ից այստեղ արտադրվում է օրգանական ազնվամորի, իսկ վերջին 1-2 տարում արդեն մի քանի լիցենզավորված տնտեսություններ զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ: Ոլորտի զարգացման համար մշակվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսությունների ցանկը՝ ըստ հողերի գտնվելու վայրերի և դրանց սեփականատերերի: Սահմանվում են այդ հողերի նկատմամբ բուֆերային գոտիները, միջոցներ են ձեռնարկվում առանձնացված հողերի սերթիֆիկացման համար:

- Իսկ մոտ հեռանկարում ինչպե՞ս է լուծվելու գիշերակացի խնդիրը:

- Հյուրատների խնդիրն այս պահին համարվում է մեր համայնքի հրատապ խնդիրներից մեկը: Գիշերակացի համար կարողանում ենք ապահովել հազիվ մի քանի տեղ, իսկ մնացածները հարկադրված են լինում գիշերել վրաններում: Կալավան այցելել ցանկացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է գյուղի հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում գյուղում հյուրատների կառուցման ուղղությամբ: Համայնքում տարբեր ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ նաև հյուրատների ստեղծման ուղղությամբ: Եվ գյուղաբնակների ու անհատ նեդրողների կողմից ներկայացվում են հյուրատների կառուցման և վարկավորման ծրագրեր: Մինչև 2018 թվականը նախատեսվում է գյուղում կառուցել 9 հյուրատուն:

Կալավան համայնքը ներառում է նաև Բարեպատ գյուղը, որի հեռավորությունը 3,5-4 կմ է: Համայնքում միջնակարգ դպրոց հիմնադրվել է 1992-ից, և այս տարի պատրաստվում ենք նշել դպրոցի հիմնադրման 25-ամյակը:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: