Հայերեն   English   Русский  

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. Բուլղարացի լրագրող


  
դիտումներ: 8869

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը:

Այս մասին «Հայ ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիևան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, եւ այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:

Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, և այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաև Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, ևայս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետեւում էր իմ աշխատանքին:

Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

Այս բացահայտումները հրապարակելուց հետո որևէ ճնշման ենթարկվեցի՞ք:

Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչև այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցևայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարևոր արժեքներից է:

Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի և երրորդ պետության միջև, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունը ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում: Գոյություն ունի մի երրորդ կողմ, որը բուլղարական զենքերը հասցրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին: Սա է պատճառը, որ մեր երկրի կառավարությունը տարբեր առիթներով հերքեց իմ հրապարակումները՝ նշելով, որ այդ մասին որևէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ ինչպես է բուլղարական զենքերը հասել Սիրիա: Նաև տեղեկացա, որ երկրի հատուկ ծառայությունները այս թղթածրարի վերաբերյալ հետախուզում են իրականացրել, սակայն այս մասին հստակ ոչինչ չասվեց, միայն հայտնի դարձավ, որ իրենք մերժում են իմ հրապարակումները: Այստեղ որոշ նրբություններ կան. եթե Բուլղարիայի կառավարության ներկայացրած տեսակետը քննենք, կտեսնենք, որ նրանք զենք են վաճառել այլ պետության, և տեղյակ չեն եղել, թե խաղաղ բնակչությանը սպանող զենքերը դեպի ո՞ւր են տարվում: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Բուլղարիան, ըստ էության, այս ամեն ինչ մեջ կողմ է, բայց այն գլխավոր կողմը չէ, Բուլղարիան դա արել է միջնորդների օգնությամբ:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Բաքուն այս քայլին դիմել, ահաբեկիչներին զենք վաճառելու դրդապատճառը ո՞րն է:

Դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ Ադրբեջանը ոչ թե ընկերությունների միջոցով է զենք վաճառել, այլ, իմ հիմնավոր տեղեկությունների համաձայն, պարզ է դառնում, որ Բաքուն զենքի այդ գործարքները կատարել է՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Իսկ զենքի փոխադրումն արվել է Silk Way ավիափոխադրողի միջոցով, որը պետական հովանավորչություն է վայելում: Բաքվին հաջողվել է զենքի փոխադրումն իրականացնել իր դեսպանատներին տրված արտոնություններով: Հայտնի է, որ գոյություն ունի այսպես ասած «դիվանագիտական թռիչք», որը զերծ է խուզարկումներից: Դա է պատճառը, որ Բաքուն խուզարկումներից զերծ եղող ավիաթռիչքներից է օգտվել ու զենք փոխադրել: Սա ամրագրում է այն տեսակետը, որ Բաքվի արած այս գործողությունները պետական մակարդակով են արվել: Այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան ինձ մոտ, որոնք հրապարակված են: Պարզ է, որ կողմերը չպիտի ընդունեն իրենց ներկայացվող մեղադրանքները, սակայն զենքն օգտագործողը պատերազմելու համար, ենթակա է միջազգայնորեն դատապարտման:

Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Դուք հայտնվել եք Բաքվի «սև ցուցակում»…

Բաքվի իշխանությունների հետ ոչ մի կապ չունեմ.. Երևի թե հայտնվել եմ այդ ցուցակի գլխավոր տեղերից մեկում (քմծիծաղում է), բայց ցայսօր չունեմ տեղեկություն:

Ձեր հրապարակումները հայկական լրատվադաշտում մեծ արձագանք գտան: Մենք Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ, և այս տեղեկությունները ցույց են տալիս, թե ինչ տեսակի պետության հետ գործ ունենք: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Բնականաբար, հետևում եմ հրապարակումներին, լավ գիտեմ Արցախյան հակամարտության մասին և վստահ եմ, որ այս ապօրինի գործարքներից ստացված զենքից նաև հայերի դեմ է օգտագործել Ղարաբաղի սահմանի վրա:

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ Բաքուն բոլոր դիվանագիտական միջոցները գործադրում է՝ զենքի ապօրինի գործարքներ կատարելու համար, և զենքն էլ հաճախ հայերի դեմ է կիրառվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: