Հայերեն   English   Русский  

​Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը պատրաստ է, այն կուղարկեն վարչապետին


  
դիտումներ: 8166

Խոսրովի անտառի աննախադեպ հրդեհից հետո հանրության լայն շերտերում ակտիվորեն քննարկում են արգելոցի տարածքում վնասների չափն ու որոշ բուսատեսակների վերականգնման հնարավորությունը:

Մասնավորապես քննարկումների թիրախում է գիհին, որը վնասվելու դեպքում այլևս չի վերակագնվում:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանիազգային ագրարարային համալսարանի անտառագիտության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը «Անկախի» հետ զրույցում նախ նեղսրտեց: «Բոլորը խոսում են անտառից ու գիհուց, բացի մասնագետներից»,-ասաց նա ու ցույց տվեց իր հեղինակած գրքերի շարքը, որոնք վերաբերում են ծառագիտությանը, այդ թվում և գիհուն: Պրոֆեսոր Վարդանյանը Հայաստանի ծառերն ու թփերն անգիր գիտի: «Իսկ գիհին ազգուտակով գիտեմ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ երկրագնդում»,-կեսկատակ ասում է նա:

Խոսրովի անտառ

Խոսրովի արգելոցի հրդեհից հետո ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում Ժիրայր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծվել է մասնագիտական խումբ, որը տեղում ուսումնասիրություններ է կատարել և հրդեհված տարածքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն պատրաստել: Շուտով փաստաթուղթը կներկայացվի հանրապետության վարչապետին: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտն էլ իր հերթին է նման ուսումնասիրություններ կատարել և համապատասխան փաստաթուղթ կազմել վարչապետին ներկայացնելու համար:

Ի՞նչ է արձանագրել բուսաբանների մասնագիտական խումբը

«Հրդեհն աննախադեպ էր թե՛ իր մասշտաբով (ընդգրկելով ընդհանուր տարածքի մոտ 9%-ը, շուրջ 2000 հա), թե՛ իր բնույթով,- ասում է Վարդանյանը,-հրդեհի արագ և լայնամասշտաբ բռնկմանը նպաստել է այս տարվա երկարատև շոգ եղանակը, ինչպես նաև տարիների ընթացքում կուտակված և չորացած խաշամային շերտի ու խոտածածկի առկայությունը»:

Խոսրովի անտառ

Միաժամանակ զրուցակիցս խորհուրդ է տալիս իրավիճակն արհեստականորեն չբարդացնել, քանի որ խնդիրն այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նրա խոսքով՝ խնդրահարույց է միայն գիհի ծառատեսակը, որը չվերականգնվող է: 2000 հա հրդեհված տարածքից 200 հա տարածքը գիհուտ է: Նշենք, որ աշխարհում գիհու 70 տեսակ կա, որից 5-ը տարածված է Հայաստանում: «Գիհին, ի տարբերություն մյուս ծառատեսակների, հիմնականում միաբուն ծառ է, վեգետատիվ ճանապարհով (մացառներով) բազմանալու և վերականգնվելու ունակությամբ օժտված չէ։ Բացի այդ, նրա ասեղանման տերևներում եթերայուղերի բարձր պարունակություն կա, որի շնորհիվ հրդեհի բռնկումն ավելի բուռն է ընթանում, ծառն այրվում է գրեթե ամբողջությամբ և հետագայում ինքնավերականգնման հավանականությունը գործնականում բացակայում է։Գիհիների վերականգնումն այս դեպքում հնարավոր է բացառապես շրջակա ծառերից սերմերի տարածմամբ և հրդեհված տարածքներում ծլելու ու աճելու միջոցով, որը կարող է տեղի ունենալ տևական ժամանակահատվածում՝ տասնյակ տարիների ընթացքում»։

Image result for գիհիՍակայն այստեղ մի խնդիր կա. մինչ գիհին կփորձի հարակից սերմերից տարիների ընթացքում ինքնավերականգնվել, մյուս ծառատեսակները (թխկի, նշենի, կաղնի և այլն) արագ կվերականգնվեն՝ զբաղեցնելով գիհու տարածքը: Այնուամենայնիվ Ժիրայր Վարդանյանն ասում է, որ դա սարսափելի չէ, բնության օրենք է, տասնամյակների ընթացքում միշտ էլ ծառատեսակների հարաբերակցությունը փոփոխվում է: «Դա բնական պրոցես է, տրագեդիա պետք չէ սարքել: Մենք գիտե՞նք, թե սրանից 5 հարյուր տարի առաջ գիհին որքան տարածք է զբաղեցրել: Բնական երևույթ է, մեկը գալիս է, պայմանները լավ են լինում՝ մնում է, մյուսի համար պայմանները վատ են՝ նվազում է: Մենք անգամ ուսանողներին թեմա ենք տալիս՝ ծառատեսակների հերթափոխությունը անտառում,- ասում է անտառագիտության ամբիոնի վարիչը՝ կարևորելով այն հանգամանքը, որ կենսաբազմազանության կորուստ չենք ունեցել,- այսինքն՝ հրդեհված տարածքում աճող բուսատեսակներից որևէ մեկը ՀՀ Կարմիր գրքում գրանցված չէ: Արգելոցի տարածքից Կարմիր գրքում գրանցված 14 բուսատեսակներից որևէ մեկի կորուստ տեղի չի ունեցել, քանի որ դրանք աճում են արգելոցի անտառային այլ հատվածներում»:

Առհասարակ հրդեհված տարածքն ընդգրկում է 2 տիպի բուսական համակեցություն՝մշտադալար արիդային նոսրանտառներ՝ բազմապտուղ գիհու գերակշռությամբ և ցածրաճ տերևավոր ծառուտներ՝ լայնատերև չորադիմացկուն ծառատեսակների (թխկի վրացական, փռշնի մերկատերև, նշենի ֆենցլի, կաղնի խոշորառէջ և ուրիշն) գերակշռությամբ: Ծառաթփային բուսատեսակների լայնատերև տեսակները, մեծ մասամբ ունենալով բազմաթիվ ցողուններ (բազմաբուն), չեն վնասվել ամբողջությամբ, դրանց կենտրոնական ցողունները կենսունակ են, որը առաջիկա տարիների ընթացքում ամբողջությամբ ինքնավերականգնվելու հնարավորություն կտա:

Խոսրովի անտառ

Անտառագետը հրդեհված տարածքը ծառատունկերի միջոցով վերականգնելու վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները համարում է ոչ պրոֆեսիոնալ. «Եթե արգելոց է, իրավունք չունես միջամտելու: Արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է, հո ինձնից շատ չե՞ք անհանգստանում այդ բույսերի համար: Օրինակ՝ բուսաբանական այգու դեպքում ուրիշ է, մենք ենք տնկում, և եթե վնասվում է, կարող ենք նորը տնկել, իսկ բնության պահպանվող տարածքում էվոլյուցիայի ընթացքում, հարյուրամյակների ընթացքում հրդեհներ էլ են լինում, արհավիրքներ են լինում, մենք պիտի միայն մոնիթորինգ անենք, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչպես է ինքնավերականգնվելու վնասված տարածքը»:

Այս դեպքում էլ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը համարում է, որ հաշվի առնելով հրդեհված տարածքի աննախադեպ մասշտաբը՝ անհրաժեշտ է բարձրորակ մասնագիտական խմբի ուժերով իրականացնել կանոնավոր հետազոտություններ և մշտադիտարկումներ՝ պարզելու բույսերի առանձին տեսակների կորստի իրական չափը և ինքնավերականգնման ընթացքը։

Այսպիսով, ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի մասնագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ վնասված էկոհամակարգերն ունակ են ինքնավերականգնվելու: Ընդ որում, տերևավոր նոսրուտների էկոհամակարգերը կարող են ինքնավերկանգնվել կարճ ժամկետներում, որին կնպաստի նշված տարածքներում քիչ կամ ընդհանրապես չվնասված ծառերի առկայությունը, ինչպես նաև դրանց ավելի հեշտ ընթացող սերմնային և բնաշիվայինվերականգնումը: Ինչ վերաբերում է գիհուն, ապա դրա վերականգնումը շատ ավելի դժվար է ընթանալու ծառերի մեծ վնասվածության, սերմերի դժվար ծլման և կպչողականության, ինչպես նաև վեգետատիվ բազմացման հնարավորության բացակայության պատճառով: Պրոֆեսոր Վարդանյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա գիհու և լայնատերև ծառատեսակների զբաղեցրած տարածքների հարաբերակցության փոփոխություն՝ լայնատերև նոսրանտառների տարածքների ավելացում գիհուտների հաշվին:

Related imageԲոլոր դեպքերում, ինչպես նշում է զրուցակիցս, հրդեհված տարածքների կրած կորուստների, կենսաբազմազանության ինքնավերականգնման հնարավորությունների մասին ներկայիս գնահատականը խիստ նախնական է։ «Տարբեր հատվածներում հրդեհվածության աստիճանը տարբեր է, կրած կորուստը՝ նույնպես։ Առավել իրատեսական գնահատական հնարավոր կլինի տալ 2018 թ. գարնանը»

Ինչ վերաբերում է հրդեհների պատճառներին ու մարդածին գործոնին, ապա Վարդանյանը խոստովանում է, որ իսկապես այստեղ լուրջ խնդիրներ կան. «Հիմնականում հրդեհների պատճառը մարդածին է: Պետք է փորձենք դա կանխել: Հիմա, որ ասում են՝ օգնենք, օգնությունը պետք է լինի ոչ թե ծառ տնկելը, այլ պահպանությունը, տեխնիկան, լուսավորությունը, հաղորդակցության միջոցները զարգացնելը: Այս պահին պահպանման համար տեխնիկան բավարար չէ: Այ դա ուրիշ հարց է»,- եզրափակում է անտառագետը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք, եզակի է ողջ Կովկասում։ Արգելոցի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 24 հազ. հա, որի ֆլորան ներառում է մոտ 1800 տեսակ։ Արգելոցի անտառբուսական պայմաններն առանձնանում են խիստ չորային (արիդային) կլիմայական ցուցանիշներով, ամառային սեզոնին խոնավության հաշվեկշիռը խիստ բացասական է, ծայրահեղ հրդեհավտանգ՝ ռիսկային և զգայուն թե՛ ջերմային գործոնի և թե՛ մարդածին ազդեցության նկատմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: