Հայերեն   English   Русский  

«ՀԺ». «Ելք»-ը չի որոշել աշնանային նստաշրջանում բարձրացնելո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ


  
դիտումներ: 6795

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ որոշում են կայացրել:

«Դեռեւս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաեւ Հայաստանի շահերին դեմ լինելու, եւ երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵՏՄ-ն որեւէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին եւ հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Գորգիսյանի խոսքով`ՀՀ կառավարությունը, թեեւ ժամանակին նպաստել է, որ Հայաստանը անդամակցի այս կառույցին, ապա պետք է հիմա շտապ քայլեր ձեռնարկի կառույցից դուրս գալու համար:

«Էդմոն Մարուքյանի հայտարարությունը կոչ էր ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետեւ դրա մեջ կան օրենքներ, որոնք պետք է գործեն, իսկ եթե չեն գործում, ուրեմն իմաստ չկա մնալ նման կառույցի մեջ: Կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ջատագովն էր, բայց իրենք պետք է հիմա նախաձեռնեն այդտեղից դուրս գալը»,- նշեց Գորգիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նման նախագիծ ներկայացնել, պատգամավորն ասաց.

«Երբ ԱԺ-ում սկսենք մեր բնականոն աշխատանքները, նիստերը, այդ ժամանակ հստակ հայտարարություն կլինի, թե այս հարցի առումով որեւէ նախաձեռնություն լինելու, ինչ ձեւով է լինելու եւ երբ է լինելու: Դեռեւս չեմ կարող ասել, թե աշնանային նստաշրջանում հարցը կբարձրացվի, թե`ոչ»,- եզրափակեց Գորգիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: