Հայերեն   English   Русский  

Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է. Շարմազանով


  
դիտումներ: 512

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ և ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և համայնքների ղեկավարներ:

Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է կատարված աշխատանքները, մանրամասնորեն պատմել պեղումների արդյունքները:

Միքայել Բադալյանի ղեկավարած արշավախմբի իրականացրած պեղումներն առաջին հերթին կարևոր են նրանով, որ Սևանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, որի նվաճումը և վերակառուցումը կապված է քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ուրարտական և հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ուսումնասիրելով հնագետների կատարած պեղումները, նշել է, որ ամբողջ աշխարհում հնագիտական վայրերը դարձել են զբոսաշրջիկների նախընտրած այցելությունների վայրեր: Օձաբերդը Ռուսա I-ի հիմնած բացառիկ ամրոց է, որը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն:

«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է»,- նշել է Էդուարդ Շարմազանովը և պատրաստակամություն հայտնել օժանդակել արշավախմբին պեղումները շարունակելու և ավարտելու հարցում:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լիահույս է, որ Օձաբերդ ուրարտական հնավայրը հետագայում կդառնա Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության կարևոր վայրերից մեկը:

Արշավախմբի անդամները հետագայում նպատակ ունեն պեղել ամրոց-բնակավայրի, ինչպես նաև ամրոցից հարավ-արևմուտք տեղակայված բլրի տարածքը, որի գագաթին նկատել են դամբարանների խցեր, իսկ ներքևում` մինչև ստորոտը, պատերի հետքեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: