Հայերեն   English   Русский  

​Տերովին տերն է տանում, անտերին` գելը


  
դիտումներ: 15959

Օրերս մեր բակի տղաներից մեկը՝ Վահագնը, սովորական՝ «ո՞նց ես, գործերդ ո՞նց են» հարցիս պատասխանեց.

- էս երկիրը երկիր չի, ստեղ մի վայրկյան անգամ ավելի մնալ պետք չի, էս քանի օրը կգնամ Ռուսաստան:

Ու ահա այս երկխոսությունը ծայր առավ.

- Վահագ ջան, եթե աշխատանք չես գտնում, ինչո՞ւ ձեր բոստանները չես մշակում, ողորմած հոգի հայրդ ամբողջ տարին էդ բոստաններից դուրս չէր գալիս ու ձեր ընտանիքի հացը հենց այդպես էր վաստակում: Համենայն դեպս, երբեք հորդ չէինք տեսնի Կինոյի դեմը պարապ նստած կամ այլ պարապների հետ նարդի, շաշկի կամ թղթախաղ խաղալիս, միշտ աշխատում էր ու երբեք էլ դժգոհ չէր երկրից, ժամանակներից կամ որևէ մեկից:

- Ձեններդ տաք տեղից է դուրս գալիս, դուք օֆիսներում եք աշխատում, ես էլ պիտի առավոտից իրիկուն բոստանից դուրս չգամ…

- Խոսքը մեր օֆիսներից դուրս գալ-չգալու մասին չի, Վահագ ջան, պարապ կանգնած ես, ոչինչ չես անում, բայց եթե ձեր 2000-3000 մետր հողակտորը մշակես՝ գոնե էնքան փող կաշխատես, ինչքան մենք աշխատավարձ՝ ամբողջ տարում: Դեռ մի բան էլ տարվա կեսը ազատ կլինես, գլխիդ էլ շեֆ չի լինի, ինչ, երբ ու ոնց կուզես` կանես: Լավ, բոստան չես ուզում մշակես, մի բան մտածիր, մի գործ դիր, օրինակ` չիր պատրաստիր կամ գոնե խոզ պահիր, բայց պարապ մի մնա, Ռուսաստանը չի փախչի, եթե չստացվի՝ էլի կգնաս:

- Հեռանկար չկա, ապրանքը գին չունի, մարդիկ փող չունեն, ինչ գործ էլ դնեմ՝ տակ կտամ, ո՞վ պիտի առնի: Բայց էդ ի՞նչով գործ դնեմ…

Եթե մինչև վերջին արտահայտությունը հիմնականում համաձայն չէի Վահագնի հետ, ապա վերջին՝ «ինչո՞վ գործ դնեմ» հարցադրմանը չկարողացա հակափաստարկ բերել: Մարդը գումար չունի, վարկ չի ուզում վերցնել, քանի որ պայմանները գրավիչ չեն, օգնող չունի, մի նորմալ խորհուրդ էլ չես կարող տալ:

Ասել, որ Հայաստանում գործազրկությունը սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրներից է, նշանակում է ոչինչ չասել: Մեջբերել այն փաստը, որ գործազրկության խնդիրն առավել զգայուն է մարզերում՝ դարձյալ հնարավոր չի լինի պատկերացնել հարյուրհազարավոր քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը: Մնում է միայն սառնասրտորեն փաստել, որ Հայաստանում գործազուրկների ճնշող մեծամասնությունը 16-45 տարեկան քաղաքացիներն են (ըստ վիճակագրական տվյալների):

Ահա թե ինչու ենք տարբեր քաղաքներում, գյուղերում տեսնում այդքան շատ պարապ երիտասարդություն: Ի՞նչը փոխվեց, որ մեր երիտասարդները սկսեցին ավելի պասիվ կեցվածք ընդունել, քիչ նախաձեռնել: Որոշ մարդիկ, գուցեև արդարացիորեն, սա անվանում են «թամբալություն»: Ակամա հիշեցի «Անկախի» հարցազրույցներից մեկը, երբ հայ հաջողակ գործարար, «քարից ամրան քամող» Էդիկ Հակոբյանը պնդում էր, որ ժամանակակից հայ երիտասարդությունը հետ վարժվեց գործարաններում` հաստոցների առջև աշխատելուց, և հիմա մատների վրա կարելի է հաշվել այն երիտասարդներին, որոնք կհամաձայնեն ինչ-որ գործարանում բանվորություն անել: Այսուհանդերձ, միշտ արդիական է այն հարցը, որ յուրաքանչյուր գյուղում, քաղաքում մարդիկ բողոքում են աշխատատեղերի բացակայությունից ու որպես իրենց երիտասարդների արտագաղթի պատճառ նշում հենց այդ հանգամանքը: Բայց մյուս կողմից էլ գործարար համայնքի շատ ներկայացուցիչներ բողոքում են, որ օրըստօրե ավելի դժվար է դառնում աշխատող գտնելը:

Սովորաբար ամենուրեք ու բոլոր ժամանակներում երիտասարդությունն ամենաակտիվը, ամենանախաձեռնողն է լինում, ամենաշատ աշխատողը: Ու երբ պետությունը ինչ-ինչ հարցեր չի կարողանում լուծել, հենց երիտասարդությունն է, որ իր ճակատագիրը փորձում է վերցնել իր ձեռքն ու իր խնդիրներն ինքնուրույն լուծել: Մինչդեռ, Վահագնից բացի, մեկ ուրիշ երիտասարդ` Արմանը, ասում է. «Հողից արդեն նորմալ բերք չի էլ ստացվում, դրանով գոյատևել միգուցե հնարավոր է, բայց հարստանալ` երբեք»: Իսկ այն դիտարկմանն էլ, թե ուրեմն պիտի նոր տեխնոլոգիա ներդնել, մեզ հանդիպած բոլոր գյուղացիները, կարծես խոսքները մեկ արած, պնդում են` դրա համար լուրջ գումարներ են պետք, որոնք իրենք չունեն:

Եվ այսպես, ինչո՞վ բիզնես սկսել: Սա Հայաստանում տնտեսական հիմնական գլուխկոտրուկներից է` հատկապես սկսնակ բիզնեսների դեպքում: Իհարկե, կարելի է մատնանշել դեպքեր, երբ մարդիկ սկսել են չնչին բանից ու հասել լուրջ հաջողությունների: Բայց դա չի կարելի մեխանիկորեն տարածել բոլորի վրա: Անգամ ինչ-որ փոքր բան սկսելու համար բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում չեն իրականացնում. բոլորը պահանջում են գոնե 6 ամսվա գործունեություն: Պետությունն է մեկ-երկու ծրագիր իրականացնում, բայց դա մի ուրիշ նյութի թեմա է: Միգուցե որոշ «երջանիկների» էլ բախտը ժպտա ու միջազգային կամ օտարերկրյա հումանիտար կազմակերպության հատկացրած միջոցներ հասանելի դառնան: Իսկ մնացածն ի՞նչ անեն, թեկուզ 6 ամիս ինչ-որ բան սկսել ու պահել կարողանալուց հետո գնան ու տարեկան 14-16 տոկոսով վա՞րկ վերցնեն: Այդ ի՞նչ բիզնես պետք է սկսեն, ի՞նչ եկամտաբերությամբ, որ գոնե վարկը սպասարկեն:

Ազգականիս ասում եմ՝ մի ծանոթ ունեմ, որ բավականին որակով, նորաոճ ու մատչելի հագուստ է արտադրում: Միգուցե փորձենք մեր ծննդավայր քաղաքում խանութ բացել, մարդկանց գրպանին էլ հարմար կլինի: Ասում է` արի հաշվենք. ամսական 30-50 հազար դրամ տեղի վարձակալության գումար, 70-100 հազար դրամ` աշխատողի աշխատավարձ, հաշվապահի աշխատավարձ, կոմունալ ծախսեր և այլն: Փաստորեն, ամսական մոտ 250-300 հազար դրամ պետք է միայն բացած խանութը պահելու համար, սա դեռ չհաշված հարկերն ու տուրքերը:

«Տեղի բնակչությունն էլ փող չունի, մենակ «նայոմնիկներն» են առևտուր անելու, գալու են պարտքով վերցնեն` աշխատավարձին տալու պայմանով, էն էլ արդեն էնքան պարտքեր են կուտակում էդ խեղճ աշխատավարձի հաշվով, որ քո պարտքը հետ տալու հերթը հազիվ մեկ տարում հասնի: Իսկ դու էդ ինչքա՞ն հագուստ պիտի վաճառես, որ ծախսերդ հանես, դեռ մի բան էլ քեզ մնա: Եթե տեղը քո սեփականը լիներ, դու էլ վաճառեիր, հաշվապահությունը անեիր, միգուցե, թեկուզ պարտքով աշխատելով, մի բան ստացվեր: Բայց այսպես հույս չունենաս»,- նշում է ազգականս ու հենց այս «ուրախ» նոտայի վրա էլ` դեռ չսկսված, փակվում է իմ ձեռներեցության հարցը:

Բայց մի բան պետք է արվի, չէ՞, ինչքա՞ն պետք է խոպաններին էժան աշխատուժ մատակարարենք: Ի՞նչ է, ուրիշ երկրներում մի հաջող փորձ չկա՞: Իհարկե կա: Իսրայելում, օրինակ, բանակից զորացրվելիս պետությունը գումար է տալիս նախկին զինվորին կա՛մ կրթության, կա՛մ բիզնես սկսելու համար, էլ չասենք, թե ինչ «ջերմոցային» պայմաններ են ստեղծվում սկսնակ բիզնեսի համար: ԱՄՆ-ում էլ յուրաքանչյուր զինծառայող, կախված ծառայության ընդհանուր տևողությունից և կոչումից, զորացրման պահին ստանում է 13 390-ից մինչև 161 857 դոլար միանվագ նպաստ, որը լիովին բավարար է ինչ-որ բիզնես սկսելու համար: Սինգապուրը ողջունում է յուրաքանչյուր ներդրողի: Ինչպես իր հուշերում գրում է Սինգապուրի տնտեսական հրաշքի ճարտարապետ, այդ երկրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն. «Մենք պարզապես մաշկից դուրս էինք գալիս, որպեսզի օգնեինք ներդրողին արտադրություն սկսել»: Իսկ Հարավային Կորեայում ընդհանրապես բոլոր մեծ ընկերությունները, օրինակ՝ «Սամսունգը», արհեստական են ստեղծվել և սկզբում օգնություն են ստացել պետությունից, բայց այնտեղ պետությունը երբեք չի թողնում, որ նրանք մանր ու միջին բիզնեսին խանգարեն, բոլորին էլ աճելու հավասար հնարավորություն է տալիս:

Դառնանք նորարարություններին: Օրինակ՝ եթե Նիդեռլանդներում ինչ-որ ձեռներեց ցանկանում է նորարարական լուծումներ ու նոր տեխնոլոգիաներ ներդնել իր բիզնեսում, ապա երկրի օրենսդրությունը հատուկ տեխնոլոգիաների ու նորարարության զարգացման համար նախատեսում է մի շարք արտոնություններ, օրինակ՝ հարկային մի շարք արտոնություններ, որոնցով փոխհատուցվում է արդիականացման ծախսերի մի զգալի մասը: Կամ սուբսիդիաներ են նախատեսված աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում, հատուկ սուբսիդիաներ են նախատեսված էներգաարդյունավետ համակարգեր ներդնել ցանկացող տնտեսությունների համար և այլն: Մի խոսքով՝ օրինակները շատ են:

Իսկ մեր սկսնակ բիզնեսները մեն-մենակ են, երկիր պահող ու կերակրող գյուղատնտեսության դեպքում էլ հույսը միայն բնությունն է ու այդ բնությունն արարող Աստված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: