Հայերեն   English   Русский  

​Բիզնեսում հաջողությունը բերկրանք է, բայց բիզնեսը նաև զոհաբերություն է


  
դիտումներ: 14895

Բիզնեսմենի հաջողության հիմնական գաղտնիքն իր գործին լավ տրապետելն է, երբ նա իր գործից հասկանում է ու գիտի, թե ինչ պետք է անի, ինչպես անի, երբ, որտեղ և այլն: Ամեն դեպքում բիզնեսմենը, եթե ինչ-որ բան խոսք տվեց, ուրեմն պետք է անի, պետք է իր խոսքի տերը լինի: Հակառակը՝ նշանակում է վստահության կորուստ ու ձախողում:

Այս սկզբունքով էլ 2014 թվականից հայկական շուկայում գործում է բիզնեսի ավտոմատացման ոլորտում ծառայություններ մատուցող «Մակիչյան քընսալթինգ» ընկերությունը, և այս սկզբունքներն են օգնել, որ ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Մակիչյանը սկսի միայնակ, 100 դոլարով ու 3 տարի անց մոտ 300 հաճախորդ ունենա, ծրագրեր իրականացնի Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Իրանում, ԱՄԷ-ում, Վրաստանում և այլուր: Իսկ գրասենյակն էլ, ինչպես կատակելով նշում է Մակիչյանը, եղբոր մեքենայից կամաց-կամաց տեղափոխվել ու հիմա արդեն Հյուսիսային պողոտայում է:

«Սկսելիս ունեի 100 դոլար, որն ուղարկել էր քույրս, լիքը պարտքեր ու ֆինանսական շատ լուրջ խնդիրներ: Պարտքերը մարելու, ընտանիքը պահելու և շատ ու շատ այլ հարցեր կային: Այդ 100 դոլարը շատ արագ ծախսվեց սեփական գործը սկսելիս. 10 հազար դրամ տվեցի կանոնադրական կապիտալի համար, 12 հազար դրամ` կնիքի համար, 1500 դրամով շամպայն գնեցի, որ այդ օրը նշենք, մնացածը մնաց տրանսպորտի, գնալ-գալու, ընդմիջման ու նման ծախսերի համար: Առաջին հաճախորդը եկավ, հետո երկրորդը, երրորդը, մյուսները, ու այդ հարցում շատ էին օգնում ընկերներս, բացի այդ, 5 տարի աշխատել էի այս ոլորտում, ճանաչում էին ինձ որպես այս ոլորտի մասնագետ, ու դա օգնեց, որ իմ գործն առաջ գնա»,- «Անկախի» հետ զրույցում ժպիտը դեմքին վերհիշեց Գրիգոր Մակիչյանը: Ներդրված գումարներն էլ վերադարձվեցին 1-2 ամսվա ընթացքում: Մակիչյանը հիշում է` առաջին եկամուտը, որ ստացել է, երբ դեռ միայնակ էր աշխատում, 145 հազար դրամ էր, իսկ հիմա արդեն հույս ունի, որ եկող տարի իր հիմնած ընկերությունը կհատի 100 միլիոն դրամի շրջանառության շեմը:

Համալսարանն ավարտելուց հետո Գրիգոր Մակիչյանն աշխատանքի է անցնում «Հայկական ծրագրերում»: Այստեղ 5 տարի աշխատելուց և բիզնեսի ավտոմատացման գործը սիրելուց հետո որոշում է, որ պետք է հիմնի սեփական ընկերությունը: 2014 թվականին արդեն հիմնադրում է «Մակիչյան քընսալթինգ» կազմակերպությունը, որի ուղղվածությունն էլ «Հայկական ծրագրերի» արտադրանքի շարունակությունն էր շուկայում: Կային ծառայություններ, որոնք «Հայկական ծրագրերը» չէր մատուցում, բայց այնտեղ աշխատելու ընթացքում Մակիչյանը հասկանում էր, որ այդ ծառայությունների պահանջարկը կա շուկայում:

«Սկզբում ամեն ինչ հիմնված էր հետևյալ սկզբունքի վրա. «Հայկական ծրագրերը»՝ ՀԾ-ն, տալիս էր մի շարք ավտոմատացման գործիքներ, մենք վերցնում էինք նրա հաշվապահական ու առևտրային լուծումները ՓՄՁ-ների համար: Նրանք վաճառում էին այդ լուծումները, իսկ թե այդ պրոդուկտն ինչպես կներդրվեր՝ գնորդի խնդիրն էր: Որպեսզի այդ պրոդուկտը ճիշտ ներդրվեր, նախ պետք էր տվյալ կազմակերպության բիզնես պրոցեսները վերլուծել ու ճիշտ հերթականությամբ տեղափոխել համակարգ, բացի այդ էլ սովորեցնել ու հետևողական լինել, որ դրանք գործեին: Այս ծառայությունները ՀԾ-ն՝ որպես պրոդուկտ վաճառող, չէր մատուցում: Այդ ծառայությունները մենք սկսեցինք մատուցել, սկզբում՝ ես միայնակ, հետո արդեն իմ թիմը»,- պատմեց ընկերության հիմնադիրը:

Առաջին աշխատողին Մակիչյանը ներգրավում է հիմնադրումից 2-3 ամիս հետո, և այս առնչությամբ էլ մի հետաքրիքր հիշողություն կա: Այդ աշխատողը ընտրության երկու տարբերակ ուներ. կա՛մ բարձր աշխատավարձով աշխատել խոշոր ու կայացած ընկերությունում, կա՛մ առանց աշխատավարձի, էնտուզիազմով, որոշ ժամանակ հետո ցածր աշխատավարձով «Մակիչյան քընսալթինգում»: Եվ նա ընտրեց Գրիգոր Մակիչյանի հետ աշխատանքը: Այս երեք տարիներին աշխատողների թիվը աճեց, ու «Մակիչյան քընսալթինգում» պլանավորում են մինչև տարեվերջ աշխատողների թիվը հասցնել 20-ի, իսկ ընկերության ծառայություններից օգտվում է արդեն 300-ից ավելի կազմակերպություն:

«Մեր առաջիկա տասը տարվա ծրագրերի մեջ է մտնում ոչ միայն դրսի շուկա մտնելը, այլև այդ շուկայում հայտնի ու ճանաչված ապրանքանիշ լինելը: Մեր կազմակերպության առջև երկու նպատակ ենք դրել` դառնալ համաշխարհային խոշորագույն կազմակերպություն, երկրորդ` ստեղծել արժեքներ, որոնք նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանը: Այս երկու մեծ գաղափարներն էլ ստեղծում են մոտիվացիա այդ նպատակին հասնելու համար: Դրանք պարզապես երազանք կամ խոսքեր չեն, այլ հստակ դրված նպատակ: Մենք հավատում ու ձգտում ենք դրան: Մեզ չի վախեցնում այն կարծիքը, թե Հայաստանում ոչինչ հեշտ չէ: Ամեն էլ տեղ էլ ամեն ինչ միանշանակ ու հեշտ չէ: Բայց դա ինձ չի վախեցնում, որովհետև նպատակին հասնելու համար պետք է համակարգին դեմ չգնաս: Քո նպատակին հասիր բոլոր հնարավոր արդար, խելացի միջոցներով: Ես չեմ մտածում, որ երբ սկսեմ խոշորանալ՝ ինչ-որ խնդիրներ կունենամ: Որովհետև մտածում եմ` իսկ մնացածն ինչպե՞ս են դարձել խոշոր, չէ՞ որ ժամանակին սկսել են որպես փոքր ընկերություն, ու նրանց ճանապարհին եղել են միգուցե ավելի դժվարին խոչընդոտներ ու հիմա էլ կան: Բայց նրանք սկսել են ու դարձել խոշոր, որովհետև ճիշտ ուղին գտել են,- նշում է մեր զրուցակիցը և հավելում,- պետք է կարողանալ պահը ճիշտ օգտագործել»:

Առհասարակ պահը ճիշտ որսալու ունակությունը Գրիգոր Մակիչյանը կարևոր հատկանիշ է համարում բիզնեսմենի համար: Բացի այդ, ըստ նրա, որպեսզի բիզնեսը հաջողություն ունենա, կարևոր են նաև ոչ ստանդարտ` ստեղծագործական մոտեցումներն ու քայլերը: Մակիչյանը կարևորում է նաև համառությունը, բայց այս առումով հստակեցնում է. «Հեշտ է ասել, թե չպետք է հիասթափվես: Դա լինում է ինքնըստինքյան, անկախ քեզնից, ու ինձ չի թվում, թե կա մի մարդ, որ ընդհանրապես չի հիասթափվում ու մի ինչ-որ պահի չի կասկածում իր ուժերին: Այո, լինում են նաև այդպիսի պահեր, բայց կարևոր է, թե ինչքան շուտ այդ հոգեվիճակը կհաղթահարես: Երեք տարվա ընթացքում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, և դրանք հաղթահարելու համար արագ ու ճիշտ կողմնորոշվելու ձիրք ու «հոտառություն» պետք է ունենաս: Պետք է նաև շրջահայաց լինես, որպեսզի խնդիրը քո դռանը չհասնի, այլ նախապես զգաս, թե որ ուղղությամբ է ընթանում ամեն ինչ, ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկես: Նաև կարևոր է հեռուն տեսնելու և երկարաժամկետ պլանավորելու ունակությունը, չպետք է պահի ազդեցությամբ տրվես գայթակղություններին»:

Գրիգոր Մակիչյանն իր օրինակով վստահեցնում է, որ իր անձնական, մասնագիտական ու բիզնեսի աճին օգնել են այն խնդիրները, որոնց ինքը բախվել է, քանի որ դրանցից չի փախել, այլ մտածել է, թե ինչպես պետք է լուծել: «Այսինքն` պետք է խնդիր ունենամ, որպեսզի դա հաղթահարելով էլ աճեմ,- շեշտում է Մակիչյանը:- Հաջողության չեն հասնում այն մարդիկ, որոնք ընդհանրապես չեն փորձում: Բայց և սխալ կլինի ասել, թե մտքովդ ինչ անցավ՝ պետք է փորձես: Եթե կան որոշակի հաշվարկներ, որոնք ավելի շատ դրականին են միտված, բայց դրանց զուգահեռ կան նաև ռիսկային գործոններ, ապա պետք է փորձել: Բայց եթե ունես հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բոլոր առումներով տվյալ քայլը քեզ անհաջողության է հանգեցնելու՝ ավելի լավ է չփորձել: Բայց դա էլ բացարձակ չէ, որովհետև ես գիտեմ նաև որոշ դեպքեր, երբ ամեն ինչ սկզբում ի վնաս նախագծի է երևացել, բայց մարդը հավատացել է դրան, փորձել է և ամեն ինչ ստացվել է»:

Իհարկե, բիզնեսի հաջողությունը բերկրանք է, ինքնավստահություն, նաև բարեկեցություն, քանի որ բիզնեսի հաջողության հետ նաև մարդու սոցիալական կարգավիճակն է փոխվում: Բայց բիզնեսը, հիշեցնում է Գրիգոր Մակիչյանը, նաև զոհաբերություն է: «Օրինակ` շատ ընկերների հետ շփվելու ժամանակ չունեմ, ու դա ցավոտ կողմերից մեկն է: Անձնական կյանքին գրեթե ժամանակ չի մնում: Երբ հարցնում են` անձնական կյանքդ ինչպե՞ս է, ասում եմ` գործերս լավ են: Բայց ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի»,- ծիծաղելով եզրափակում է «Մակիչյան քընսալթինգի» հիմնադիր տնօրենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: