Հայերեն   English   Русский  

Չեզոք, ոչ քաղաքականացված անուններ պետք է լինեն. մասնագետները` փողոցների անվանափոխության մասին


  
դիտումներ: 9365

Պե՞տք է իրականացնել կոմունիստական անցյալը խորհրդանշող փողոցների անվանափոխություն, թե ոչ. այս հարցը վերջին ամիսներին ամենաշատ քննարկվող թեմաներից է Հայաստանում:

Պատմաբան Համո Սուքիասյանը կարծում է, որ բնակավայրերը, փողոցները պետք է անվանակոչվեն տեղանքը բնորոշող անվանումներով կամ էլ պատմական անունները պետք է վերականգնվեն, եթե դրանք հայկական են: Նա նպատակահարմար չի համարում բնակավայրերի անվանակոչությունը քաղաքական, պատմական գործիչների պատվին: Փողոցների դեպքում, ըստ Սուքիասյանի, կարելի է բացառություններ անել, բայց նախապատվությունը ցանկալի է տալ հենց այդտեղ բնակված հայտնի, որոշակի վաստակ ունեցած բնակիչներին:

Սուքիասյանը նաև նշում է, որ տեղանուն ընտրելը բավականին բարդ գործընթաց է. երբեմն, անգամ եթե պատմական տեսանկյունից անունն արդարացված է, այն չի ընդունվում ու չի գոյատևում: Որպես օրինակ նա մատնանշում է խորհրդային տարիներին Երևանի հարակից 4 գյուղերի անվանակոչությունը: Եթե առաջին գյուղի անունը՝ Դավիթաշեն, որն ընտրվել էր ի պատիվ «Սասունցի Դավիթ» էպոսի, ընդունվեց ու դարձավ սիրելի, ապա մյուս գյուղերի դեպքում այդպես չեղավ: Մինչ օրս բոլորը Երևանի թաղամասերի վերածված 3-րդ և 4-րդ գյուղերը ճանաչում են թվերով, ոչ թե անուններով: Սուքիասյանը նշում է, որ 90-ականներին` անկախանալուց հետո կատարված որոշ անվանափոխություններ այդպես էլ չեն ընդունվել հասարակության կողմից: Օրինակ` Կասյան, Հակոբ Հակոբյան, Ամիրյան փողոցներն ի վերջո վերանվանվել են նախկին անուններով նորերի գործածություն չգտնելու պատճառով:

Նման իրավիճակից խուսափելու համար Սուքիասյանն առաջարկում է որևէ տեղանուն որոշելիս մասնագիտական խումբ ձևավորել, որը մանրակրկիտ կքննարկի ու համապատասխան առաջարկ կներկայացնի: Պատմաբանը նշում է, որ մասնագիտական խմբում չպետք է լինեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ շահագրգիռ կողմեր: Անունը որոշելու հարցում, սակայն, վերջնական խոսքը պետք է լինի տեղանքի բնակիչներինը: Չէ՞ որ ամենից շատ հենց նրանք են օգտագործելու իրենց փողոցի կամ բնակավայրի անունը:

Սուքիասյանը նշում է, որ 1920-30-ականներին, երբ Խորհրդային Հայաստանում լայնամասշտաբ անվանափոխություններ իրականացվեցին, գործը վստահվել էր հատուկ մասնագիտական հանձնաժողովին, որում ընդգրկված էին գիտության ու կրթության ոլորտների ականավոր ներկայացուցիչներ: Նրանք նախ անվանակոչության սկզբունքներ էին մշակել, որով և առաջնորդվում էին նոր անուններ ընտրելիս:

Սուքիասյանը ներկայումս շրջանառվող երկու մոտեցումները, այն է` պետք է նոր փողոցներ ու բնակավայրեր ստեղծել` նոր անուններով անվանակոչելու համար, կամ պետք է վերագնահատել պատմությունն ու ըստ այդմ համապատասխան անվանափոխություններ անել, ծայրահեղական է համարում: «Ամեն փոփոխություն չէ, որ պետք է սվիններով ընդունել: Կան տեղանուններ, որոնք ժամանակավրեպ են»,- ասում է նա:

Պատմաբանը նշում է, որ ներկայումս էլ տարածված սկզբունք է այն, որ տեղանուն որոշում են ելնելով տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից: Նման տեղանունները, սակայն, որոշ ժամանակ անց երբեմն ոչ նպատակահարմար են դառնում, իսկ փոխելը քաղաքական աղմուկի առումով խնդրահարույց է: Նման իրավիճակներից խուսափելու համար Սուքիասյանը կոչ է անում յուրաքանչյուր անուն ընտրելիս երկար մտածել ու հնարավորինս խուսափել քաղաքական անվանակոչություններից:

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը ևս դեմ չէ անվանափոխություններին: Սակայն սխալ է համարում մի քաղաքական գործչի անունով փողոցը մեկ այլ քաղաքական գործչի անունով կոչելը: Ասում է, որ յուրաքանչյուր գործչի կենսագրությունում կարելի է վիճելի կետեր գտնել, հետևաբար, նոր անվանումները նույնքան վիճելի կլինեն, որքան հները:

Լևոն Աբրահամյան

Ազգագրագետն առաջարկում է տեղանունների համար ընտրել չեզոք անվանումներ: Նա նշում է, որ հնում հայերը տեղանունների հանդեպ մեծ հարգանք են ունեցել, չեն փոխել դրանք, ինչը նաև մեծապես նպաստել է հետազոտողների աշխատանքներին: Իսկ զանգվածային վերանվանումները նա կոմունիզմի շրջանից սկսված հեղափոխական մոտեցում է համարում, երբ հաղթողը ռևանշիզմի սկզբունքով իր անուններն է հաստատում:

«Դա համակարգ է, եթե փոխում ես՝ պետք է ընդհանրապես փոխել»,- ասում է Աբրահամյանը` հավելելով, որ եթե որևէ գործչի ժամանակն անցել է, ապա կարելի է և նրա անունով փողոցն անվանափոխել: Նա դեմ է այն մոտեցմանը, որ եթե որևէ կոմունիստական գործչի անունով փողոցը 90-ականներին չի անվանափոխվել, ուրեմն հիմա էլ պետք է պահպանվի:

Նա առաջարկում է անվանափոխել և ընտրել հնարավորինս չեզոք անուններ: Օրինակ` փողոցներն անվանակոչել հայոց մայրաքաղաքների անուններով, ինչը նաև փողոցներին դեմք կհաղորդի ու հետագա ճարտարապետական լուծումների հիմքը կդառնա:

Ազգագրագետը կարևորում է, որ անվանափոխության յուրաքանչյուր փորձ հասարակությունում քննարկումների տեղիք է տալիս, մարդիկ սկսում են պատմությունը փորփրել, քննարկել: Նրա համոզմամբ` դա կհանգեցնի պատմության գնահատման, այլապես մինչ այժմ ոչ մի ուժ իր սխալները չի ընդունել:

«Պետք է պատմությանը գնահատական տալ: Մինչև հիմա կոմունիստական անցյալի մեղանչումները չեն գնահատվել, դաշնակցականներն էլ իրենց սխալները չեն ընդունել, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Բայց եթե երկուսն էլ իրենց սխալներն ընդունեին՝ կարող էինք լավ հուշարձան կառուցել, որտեղ կարող էին տեղ գտնել թե՛ Գայը, թե՛ Նժդեհը»,- ասում է նա:

Աբրահամյանի կարծիքով`պատմության ոչ օբյեկտիվ գնահատականի հետևանք էր նաև ժամանակին Միկոյանի արձանը տեղադրելու փորձը: Ասում է, որ նման գործիչներին պետք է ներկայացնել բոլոր կողմերից` թե՛ լավ, թե՛ վատ արարքները: Ինքն, օրինակ, ժամանակին առաջարկել է Միկոյանի արձանը հետևյալ կերպ ձևավորել. Միկոյանը կանգնած է մեկ ոտքը հրթիռի վրա` ի նշան հաղթանակի երրորդ համաշխարհային պատերազմը կասեցնելու գործում, ձախ ձեռքում երշիկ ու պաղպաղակ` ի նշան սննդի արտադրութան ոլորտում նրա ներդրումների, իսկ աջ ձեռքում ատրճանակ` հետևում պահած, ինչը խորհրդանշում է հազարավոր մարդկանց մահվան դատավճիռները, որ նա ստորագրել է: «Եթե ներկայացնում ես գործչին, ապա այս ձևով պետք է անես: Նույնն էլ այս վերանվանումներն են. եթե ճիշտ չարվեն, ապա ավելի լավ է՝ չարվեն»,- ասում է նա:

Նշենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը 6 փողոցների անվանափոխության առաջարկ է ներկայացրել ավագանու օրակարգում ընդգրկելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցը` Ապրիլյան հերոսների փողոց, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը` Լեոնիդ Ազգալդյանի անունով, իսկ Իսակովի պողոտան և Լենինգրադյան փողոցը միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անունով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: