Հայերեն   English   Русский  

​Հայաստանը չի կարող Հայաստան լինել առանց գիտության. Լենսեր Աղալովյան


  
դիտումներ: 6969

«Գիտնականի գործունեությունը տարիքով չի կարելի սահմանափակել»,- կարծում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը` մեկնաբանելով Գիտության պետական կոմիտեի որոշումը, ըստ որի` այսուհետ 70 տարեկանից բարձր գիտնականները չեն կարող ղեկավարել ԳՊԿ դրամաշնորհային ծրագրերը:

«Գիտնականի վրա տարիքային սահմանափակում դնել չի կարելի: Մենք ունենք 30 տարեկան, որը գիտական իմաստով վաղուց ծեր է, և ունենք 80-90 տարեկան ակադեմիկոսներ, որոնք ակտիվ աշխատում են: Եթե մարդու ուղեղն աշխատում է, ապա չի կարելի նրան սահմանափակել»,- ասում է նա:

Աղալովյանը նշում է, որ բուհերում էլ այդ մոտեցումը կա, 70-80 տարեկաններին պարտադրաբար թոշակի են ուղարկում` որպես հիմնավորում մեջբերելով նաև արևմտյան փորձը: «Եթե արևմտյան մոտեցմամբ ենք առաջնորդվում, ապա ամեն հարցում այդպես պետք է անենք. այնտեղ թոշակի անցնելուց հետո դասախոսները, գիտնականները թոշակ են ստանում իրենց աշխատավարձի 70-80 տոկոսի չափով, ինչը ճամփորդելու, կյանքը վայելելու հնարավորություն է տալիս: Մեզ մոտ թոշակառուն, եթե երեխաներ չունենա, որոնք կօգնեն, սովի կմատնվի»,- ասում է նա:

Աղալովյանը կարծում է, որ ԳՊԿ որոշումը կհանգեցնի որակի որոշակի անկման: Իսկ պատճառները, ըստ նրա, մի քանիսն են: Նախ` միջազգային գիտական շրջանակներում ճանաչելի են տարեց գիտնականները, որոնք հաճախ իրենց հեղինակության շնորհիվ որոշակի հարցեր են լուծում: Բացի այդ, առկա է նաև միջին տարիքի գիտնականների պակաս, իսկ երիտասարդ գիտնականներից քչերն են, որ կարող են ծրագրեր ղեկավարել: «Այստեղ կոնկրետ, ըստ իրավիճակի պետք է հարցը լուծվի: Բայց ասել, որ 70-ից հետո արդեն պառավ ես ու իրավունք չունես՝ կամայականություն է: Այդպիսի բան գիտությունը չի ընդունում»,- ասում է նա:

Աղալովյանը նշում է, որ միջին տարիքի կադրերի պակասը հայաստանյան գիտությունում սուր զգացվում է, և վաղ թե ուշ այն բացասական ազդեցություն կունենա գիտության մակարդակի վրա: «Մեր գիտությունը դեռևս միջազգային մակարդակով մրցունակ է. մեր գիտնականների հոդվածները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում, մենագրությունները հրատարակվում են գիտական շրջանակներում հեղինակություն վայելող հրատարակչությունների կողմից, մասնակցում ենք միջազգային գիտաժողովների և այլն: Բայց երբ ներկայիս ավագ սերունդն այլևս գիտությամբ չզբաղվի՝ գիտության մակարդակն էապես անկում կապրի»,- ասում է Աղալովյանը` հավելելով, որ այդ պարագայում գիտություն մուտք գործող երիտասարդներին ուղղորդող, ուսուցանող մասնագետներ չեն լինի: Աղալովյանի կարծիքով` միջին տարիքի գիտնականների պակասը հետևանք է ցածր վարձատրության ու գիտնականի, մտավորականի հանդեպ առկա վերաբերմունքի:

Գիտության խնդիրների թվում Աղալովյանն առաջնային է համարում ֆինանսավորումը: Ասում է, որ պատերազմական վիճակում գտնվելու պատճառով տարիներ շարունակ կարևորվել է միայն պաշտպանությունը, սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ առանց գիտության լավ պաշտպանություն լինել չի կարող: «Այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են, բայց դա վաղուց պետք է արվեր»,- ասում է նա` հավելելով, որ առկա վիճակի պատճառը նաև այն մտայնությունն է, որ գիտական ինստիտուտները պետք է հանձնել համալսարաններին: «90-ականներից պայքարում ենք ակադեմիայի լինել-չլինելու համար»,- ասում է նա ու նշում, որ մինչ այս դրա դեմն առնելու արդյունավետ հակափաստարկ է եղել Վրաստանի օրինակը, որտեղ ամերիկյան մոդելին անցնելուց հետո միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկայի ինստիտուտից ոչինչ չմնաց. գիտաշխատողների թիվը կրճատվեց շուրջ տասն անգամ:

Աղալովյանի կարծիքով` բուհերի և գիտական ինստիտուտների համագործակցությունը սերտացնելու համար այլ տարբերակներ կան: Օրինակ` ներկայումս որոշ բուհեր ամբիոններ են բացել ակադեմիայում, ակադեմիան էլ իր հերթին է ամբիոններ բացել որոշ բուհերում:

«Այդ կապը կա, ուղղակի պետք է ուժեղացվի: Ակադեմիան մեր հնարածը չէ, դա եվրոպական մոդել է, որտեղ լրջորեն զբաղվում են գիտությամբ»,- ասում է նա:

Աղալովյանը նաև նշում է, որ բուհերում առկա դրվածքի պատճառով մասնագետները ընտրության առաջ են կանգնում` կա՛մ զբաղվել գիտությամբ, կա՛մ միայն դասախոսել. «Բուհում այնքան են ծանրաբեռնում դասախոսին, որ նա պարզապես ի վիճակի չի լինում գիտությամբ զբաղվել: Մինչդեռ արևմտյան երկրներում պրոֆեսորը շաբաթական մի քանի ժամ է դասախոսում` մնացած ժամանակը հատկացնելով գիտությանը»:

Անդրադառնալով առաջիկայում գիտության ֆինանսավորման կրճատմանը` Աղալովյանն ասում է, որ հերթական անգամ գիտությունում կմնան միայն այն մասնագետները, որոնք առանց գիտության պարզապես չեն կարող ապրել: «Մարդիկ կան, որ նույնիսկ կիսաքաղց վիճակում գիտությամբ կզբաղվեն, նրանք էնտուզիաստներն են, դեռ կան,- ասում է նա:- Նրանց հաշվին գիտություն զարգացնել հնարավոր չէ, բայց ինչ-որ մի ժամանակահատված մակարդակը կարելի է պահպանել»:

Աղալովյանը նշում է, որ հայաստանյան գիտությունը զարգացման պոտենցիալ ունի, դրա համար ճիշտ քայլեր են հարկավոր. «Պետք է աշխատել նոր ուղղություններով, որոնք քիչ ծախսատար են, բայց մեծ եկամուտներ ապահովող: Այդ ուղղություններով աշխատանքներ տարվում են»:

Խոսելով երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու, նրանց գիտություն բերելու և ոլորտում պահելու տարբերակների մասին` Աղալովյանն ասում է, որ պարզապես երիտասարդ գիտնականը պետք է այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա դրանով ընտանիք պահել: «Չեմ ասում` բնակարան կարողանա ձեռք բերել, չնայած լավ կլիներ, որ կարողանար, բայց գոնե կարողանա ընտանիքի առօրյա հոգսը հոգալ»,- ասում է Աղալովյանը` հիշեցնելով, որ Հայաստանում գիտնականի աշխատավարձը լավագույն դեպքում հանրապետության միջին աշխատավարձի կեսն է:

Իսկ քանի դեռ պատշաճ ֆինանսավորում և աշխատավարձ չկա, Աղալովյանի կարծիքով, գիտությունում հիմնականում կմնան այն երիտասարդները, որոնք նոր զարգացող ուղղություններում են ընդգրկված և հաջողության են հասել, մինչդեռ հիմնական մասն ինչ-որ փուլում կտեղափոխվի մասնավոր սեկտոր, որտեղ վարձատրությունն ավելի բարձր է:

«Կառավարությունում, իհարկե, մտածում են երիտասարդներին շահագրգռելու մասին: Բայց դա քիչ է: Պետք է կարևոր դեր խաղան նաև մեր բիզնեսմենները: Արտասահմանում, օրինակ, ընդունված է, որ բիզնեսմենները խոշոր հատկացումներ են անում գիտությանը: Մեզ մոտ ինչպե՞ս է Ծառուկյանն աջակցում սպորտին. լավ կլիներ, որ այդպիսի մարդիկ գտնվեին, որոնք այդպես կկանգնեին գիտության կողքին` աջակցելով կոնկրետ ուղղությունների իրենց ընտրությամբ»:

Աղալովյանը նշում է, որ ազգովի պետք է գիտակցենք, որ առանց գիտության չի կարող պետություն լինել. «Բոլոր հայերը պետք է իմանան, որ այս հողակտորն է, որ հայությանը պահում է: Եթե Հայաստանը վաղը չլինի, ապա 1-2 սերունդ հետո հայությունն ընդհանրապես կվերանա: Դրա համար պետք է միավորվել. կա Իսրայելի փայլուն օրինակը»:

Ակադեմիկոսը սխալ է համարում նաև այն մտայնությունը, թե հնարավոր է զարգացնել միայն կիրառական գիտությունը: «Առանց հիմնարար գիտության իսկական գիտություն չի լինում: Ուստի, որպեսզի զարգանա հիմնարար գիտությունը, այլ տեղերից անգամ պետք է միջոցներ կրճատեն ու հատկացնեն գիտությանը»: Նա նշում է, որ վերջերս ակադեմիան կառավարությանն է ներկայացրել հիմնարար գիտության արդյունքների վրա մշակած կիրառական առաջարկների փաթեթ: Այժմ սպասում են կառավարության գործողություններին. «Կիրառական ուղղության զարգացման համար ֆինանսներ են հարկավոր: Այդ տիպի առաջարկներ ու ծրագրեր կան, մնում է ֆինանսներ գտնել»:

Գիտության զարգացման համար Աղալովյանը կարևորում է նաև գիտություն-պետություն երկխոսության կայացումը: Ասում է, որ պետությունը պետք է գիտության առջև խնդիրներ դնի, մրցույթ հայտարարի` ընտրելով գիտական խմբերի լուծումներից լավագույնը: Մինչդեռ այդ երկխոսությունը ներկայում, ըստ նրա, չկա, քանի որ չկա նաև հստակություն, թե ինչի կարիք ունի պետությունը: «Յուրաքանչյուր բնագավառի համար պետք է հստակեցվի, թե մեզ ինչ է պետք, ովքեր կարող են անել այդ գործը: Երբ այդ շրջանակը լինի, կլինի նաև մրցույթը և արդյունքը»:

Չնայած առկա խնդիրներին` գիտության ապագայի առումով Աղալովյանը լավատես է տրամադրված: Ասում է, որ Հայաստանը չի կարող Հայաստան լինել առանց գիտության: Ուստի յուրաքանչյուր հայ պետք է լծվի այդ նպատակին և հնարավորության սահմաններում իր լուման ունենա երկրի զարգացման գործում: «Ապրիլյան պատերազմի օրերին դրսևորված միակամությունը պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում»,- ասում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: