Հայերեն   English   Русский  

​Հայկական քարե դարն ու հրեաների գերզարգացած տնտեսությունը. բիզնես այց Իսրայել


  
դիտումներ: 7460

Մենք հաճախ ենք մեզ համեմատում Իսրայելի ու նրա ժողովրդի հետ, ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշում նրանց հաջողությունները, հրեաներին ֆետիշացնում կամ հակառակը՝ դարձնում սատանաներ՝ մեր բոլոր անհաջողությունները կապելով նրանց հետ: Մինչդեռ այդ ամենի փոխարեն պարզապես հարկավոր է ուսումնասիրել Իսրայելի փորձը (և ոչ միայն Իսրայելի), վերցնել հաջողված օրինակները և փորձել կիրառել մեր երկրում:

Նման մի գործնական քայլ օրերս կատարեց «Չոր մարքեթինգ» ընկերությունը «Էյ Էմ թրեվլ» տուրիստական ընկերության հետ: Կազմակերպվեց գործարար խմբի բիզնես այց Իսրայել, ինչը միջազգային գործարար աշխարհում ընդունված գործելակերպ է, իսկ Հայաստանում առաջինն էր:

«Չոր մարքեթինգի» հիմնադիր Վահրամ Միրաքյանը օգոստոսի 21-27-ը տևած այցի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով ներկայացնում էր մանրամասներ խմբի հանդիպումների մասին, որոնք դառնում էին քննարկման թեմա:

«Այնքան բան կա գրելու Իսրայելի մասին, որ չգիտեմ, թե ոնց եմ հասցնելու»,- գրել էր Վահրամը՝ ներկայացնելով իսրայելական տնտեսության հաջողությունները:

«Ամբողջ քաղաքի ջրելու համակարգը կաթիլային է, ավտոմատ, ըստ ծրագրի՝ որոշվում է ջրելու ժամկետն ու չափը։ Բոլոր ծառերը հաշվառված են, ամեն տարի ստաբիլ ավելացնում են ծառերը կաթիլային համակարգով։ Էս տարի մեկ միլիոն ծառ են ավելացրել։ Ծաղիկներն էլ են կաթիլայինով ջրվում։ Սովորելու բան ունենք»,- գրել էր Վահրամը։

Image may contain: one or more people, people standing and outdoorԻսրայելում հայ գործարարների խումբը զարմացել էր փողոցների տարբեր հատվածներում տեղադրված աղբի տեսակավորման սարքավորումներից, որոնք հենց տեղում, օրինակ, վերամշակում էին թղթե թափոնը: «Իսրայելում վերամշակվում է աղբի մոտ 75%-ը, աշխարհում երկրորդ տեղում Գերմանիան է՝ մոտ 60%-ով»։

Իսրայելն առաջատար է նաև օգտագործված ջրի երկրորդային օգտագործման ոլորտում: Ողջ օգտագործված ջրի 85%-ը երկրորդային օգտագործման է անցնում։ Երկրորդ տեղում Իսպանիան է մոտ 45%-ով։ «Ամբողջ կոյուղաջրերը 100 տոկոսով ֆիլտրվում և վերածվում են խմելու ջրի, ուղղակի հոգեբանական պատճառով մարդիկ չեն խմում, և դրանով ոռոգում են անում»,- ասում է Վահրամը:

Իսրայելում, սկսած 1960-ականներից, ջուրն արևով են տաքացնում: «Պատկերացնո՞ւմ եք, բոլոր բնակարաններն անհատական ջրատաքացման արևային համակարգ ունեն։ Դե, բնականաբար, շատ մեծ արևային պանելների դաշտեր էլ ունեն։ Այս թեմայի մեջ շատ չեմ խորացել, բայց մեր երկիրն էլ արագ զարգանում է այդ ուղղությամբ, և Իսրայելի տասնամյակների փորձը հաստատ շատ օգտակար կլինի»։

Image may contain: tree, plant, bicycle, outdoor and natureԲիզնես տուրի հիմնական բաղադրիչներից մեկը գյուղատնտեսությունն էր: «Եթե համեմատենք մեր գյուղատնտեսությունը Իսրայելի հետ, մենք դեռ քարե դարում ենք: Այստեղ գյուղացիները մի քանի ֆորմատով են միավորված՝ կոոպերացիա և կիբուց։ Փոքրիկ կոոպերացիա գնացինք։ 3.5 հեկտար նռան այգի ուներ, ամերիկյան վանդրֆուլ տեսակի նուռ էր աճեցնում, մեկ նուռը՝ մոտ 1 կգ, մի քիչ ավելի, 3.5 հեկտարից 130-150 տոննա բերք էր ստանում։ Աշխատում է առանց քիմիկատների, ստանում է բարձրակարգ նռան գինի ու վաճառում է ներքին շուկայում։ Ասում էր, որ հիմա Իսրայելում նռան գինու բում է, շատերն են սկսել արտադրել։ Նաև տուրիստներին էր ծանոթացնում ու դրանից գումար աշխատում։ Էստեղ շատերն են իրենց բիզնեսն ու արտադրությունն էնպես կառուցում, որ տուրիզմի ենթակառուցվածքների հետ համագործակցեն։ Առանց թափոնների արտադրություն էր, կեղևը գնում էր անասնակեր, կորիզից էլ յուղ էր քամում ու թանկ վաճառում: Բնականաբար, կաթիլային համակարգ էր, ավտոմատ։ Պատմեց, որ ծառերն էտելուց հետո ճյուղերը ոչ թե այրում է, այլ հենց էդպես թաղում հողի տակ, որ հումուս դառնա։ 80 տարեկան էր, Լեհաստանից գաղթել ու անապատում այգի էր հիմնել»:

Հայ գործարարների խումբը հիացել է նաև իսրայելական կիբուցներով: «Այսօր Սդե Էլիյագու կիբուց էինք գնացել. շատ տպավորված եմ։ Կիբուցները գյուղատնտեսական համայնքներ են Իսրայելում՝ միավորված սոցիալիստական ու սիոնիստական գաղափարների շուրջ։ Առաջին կիբուցները ստեղծվել են Ռուսաստանի 1905 թվականի հեղափոխության փորձից հետո, Ռուսաստանից սոցիալիստական գաղափարներով տարված հրեաների կողմից։ Իսրայելում 200-ից ավելի կիբուց կա, որոնք ապահովում են տնտեսության 7%-ը, իսկ գյուղատնտեսության՝ 40%-ը»։

No automatic alt text available.Վահրամ Միրաքյանը պատմում է, որ կիբուցը, ուր այցելել էին, 1974 թվականից կենտրոնացած է օրգանական գյուղատնտեսության վրա։ «Պատմում էին, որ մի շրջան մկներին ոչնչացնում էին թույնով, հետո որոշեցին չթունավորել բնությունն ու Բրիտանիայից ներկրեցին բուի հատուկ տեսակ, որը տարին 3-5 հազար մուկ է ուտում։ Ամբողջ դաշտերում այդ բուերի բներից էին։ Բազեներ էլ էին բազմացնում։ Նույն տրամաբանությամբ ցանկանում էին առանց պեստիցիդների ազատվել միջատներից. սկսեցին գիշատիչ միջատներ բազմացնել։ Հիմա այդ գիշատիչ միջատներին արտահանում են 32 երկիր»։

Բիզնես այցի ընթացքում խումբը հանդիպել է նաև Իսրայելի որոշ հայ գործարարների, Հայ-իսրայելական գործարար միության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հետաքրքիր մանրամասներ են պարզել Իսրայելի բիզնեսի մասին։

Օրինակ՝

1. Իսրայելում արգելված է ներմուծել այնպիսի ապրանք, որից երկրում արտադրվում է և ապահովում ամբողջ պահանջարկը։ Արգելվում է և վերջ։

2. Իսրայելում բիզնեսի համար վարկերը 0% են։ «Ավելի ճիշտ՝ ոչ թե 0% են, այլ պետությունն է սուբսիդավորում, իսկ գումարը ժամանակին վճարելու դեպքում էլ վերջին 20%-ը նույնպես պետությունն է ֆինանսավորում,- պարզաբանում է Վահրամը,- միայն թե սուբսիդավորման համար անհրաժեշտ է բիզնես պլան և փաստաթղթեր այն մասին, որ մասնակցել եք բիզնեսի, մարքեթինգի, վաճառքների դասընթացների։ Ինչո՞ւ է պետությունը սուբսիդավորում, որովհետև գիտեն, որ առաջին մի քանի տարիների ընթացքում, միևնույն է, հարկերի տեսքով այդ գումարը հետ է գալու պետությանը, իսկ դրանից հետո բիզնեսը շարունակելու է հարկեր տալ։ Ուստի մասնավոր բիզնեսը ծաղկում է։ Ճիշտ է, խաբողներ, գումարը վերցնելուց հետո սնանկ ճանաչվողներ էլ կան, բայց ընդհանուր առմամբ բիզնեսը ծաղկում է»։

3. Բիզնեսի համար թղթաբանությունն ավելի շատ է, քան Հայաստանում։

4. Արտասահմանի հրեական համայնքի հիման վրա կառույց կա, որի միջոցով լուծվում են արտասահամանի հետ կապված բազմաթիվ բիզնես հարցեր։

5. Մեծ հարկային արտոնություններ կան արտասահմանյան ընկերությունների համար, որոնք մասնաճուղ կբացեն իրենց մոտ։ Արդյունքում ՏՏ ոլորտի բոլոր համաշխարհային գիգանտները բարձր աշխատավարձերով մասնաճյուղեր ու աշխատակիցներ ունեն այնտեղ՝ Google, Facebook, Microsoft և այլն։

Խումբն այցելել է նաև Թել Ավիվի համալսարան, որը Իսրայելի ամենամեծ համալսարանն է, ունի շուրջ 30 հազար ուսանող։ «Մեր հայրենակից Արտյոմ Խաչատրյանն այնտեղ նանոտեխնոլոգիաների ամբիոնի պատասխանատուն է ու մեզ համար շատ հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպեց»,- պատմում է Վահրամը:

Բիզնես այց Իսրայել

Պարզվում է՝ Իսրայելում համալսարան ընդունվելու համար ինչ-որ առարկաներից քննություն չեն հանձնում, այլ հոգեբանական թեստ է լրացվում, որից հետո, ըստ բալերի, համապատասխան բաժին են ընդունվում։ Օրինակ՝ 750 բալի դեպքում գրեթե ցանկացած տեղ հնարավոր է ընդունվել։ «Ըստ այս համակարգի՝ կարևորը ինֆորմացիան չէ, ինչպես մեզ մոտ է արվում, այլ մարդկանց ունակությունների մակարդակը, մնացածն ընթացքում կսովորեցնեն: Կրթության համար ստանդարտ տարիներ չկան, մասնագիտություն կա՝ 3 տարի է, մյուսները՝ 4, 5 կամ 7 տարի։ Դպրոցից էլ հասունության ատեստատ են ստանում, որը գումարվում է պսիխոտիպի արդյունքներին»։

Ընդհանրացնելով Իսրայել կատարած այցի արդյունքները՝ Վահրամ Միրաքյանն ասում է, որ այդ երկրի հաջողության բաղադրատոմսը գիտահենք տնտեսությունն է, կրթական բարձր մակարդակը, ինչպես նաև չափազանց մեծ հայրենասիրությունը, հստակ գաղափարախոսությունն ու ապագային միտված նպատակների առկայությունը: «Շատ-շատ են դրսի բարձրակարգ համալսարաններում սովորածները: Իսրայելն աշխարհում առաջին տեղում է գիտությամբ զբաղվողների թվով: Ընդ որում, իրենց մոտ գիտությունը հիմնականում կիրառական է և սերտ համագործակցում է բիզնեսի հետ»:

Վահրամն ասում է, որ ի տարբերություն մեր գիտնականների, որոնք ամբողջ օրը նստած բողոքում են և պահանջում, որ պետությունն իրենց ֆինանսավորի, Իսրայելում գիտնականն ինքն է նախաձեռնում որևէ գաղափար, գյուտ ու առաջարկում բիզնեսմենին իր բիզնեսի առավել արդյունավետ գործունեության համար: Արդյունքում գիտնականը լավ վարձատրվում է, բիզնեսը՝ ծաղկում, իսկ տնտեսությունը՝ զարգանում:

Ինչ վերաբերում է հայրենասիրությանն ու գաղափարախոսությանը, Վահրամն ասում է, որ նրանք, ի տարբերություն մեզ, ունեն ներկային ու ապագային միտված գաղափարախոսություն: «Իսկ ո՞րն է մեր ամենատարածված գաղափարախոսությունը, «Հիշում և պահանջում եմ»: Ամբողջ մեր սփյուռքը կենտրոնացած է այդ հարցի վրա: Այսինքն՝ մենք կենտրոնացել ենք անցյալի վրա, իրենք՝ ապագայի: Իրենք ունեն հստակ կարգախոսներ և իրականացնում են դրանք: Տաղանդով, ռեսուրսով մենք իրենց չենք զիջում, բայց կազմակերպվածությամբ ու գաղափարախոսությամբ զիջում ենք»:

Զրուցակիցս նշում է, որ չպետք է մտածել, թե Իսրայելը դրախտ է և խնդիրներ ու թերություններ չունի: Թերություններ էլ շատ կան, բայց պետք է ոչ թե թերությունները ներկայացնել, այլ առավելություններն ու դրանց հասնելու եղանակները և ամենակարևորը՝ պետք է այդ ամենից սովորել:

Իսրայել կատարած այս բիզնես այցն առաջինն էր, բայց ոչ վերջինը: Վահրամ Միրաքյանը պատրաստվում է այն շարունակական դարձնել՝ ընդգրկելով այլ երկրներ, որոնց հաջողված փորձից մեր գործարարները կարող են դասեր քաղել և զարգացնել իրենց բիզնեսը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը:






Մեկնաբանություններ - 1

Արմեն     02.09.2017 Որպեսզի երկրում ինչ որ բան զարգանա,պետք է որ երկրի ղեկավարը ոնենա բարոյական ինքնագիտակցություն,այլապես ամեն,անգամ հանճարեղ միտք փշրվելու է նյութապաշտ անզգամության բետոնե պատին
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: