Հայերեն   English   Русский  

​Ադիկ Արդարյան. «Վազքը կյանք է. այն միշտ մեզ հետ է»


  
դիտումներ: 6297

Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, բազմափորձ ու վաստակաշատ մասնագետ Ադիկ Արդարյանի և մարզի ֆեդերացիայի փոխնախագահ Գոհար Նազարյանի ջանքերով օգոստոսի 19-ին Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում կայացավ կրոսավազքի Հայաստանի առաջնությունը: Օգոստոսի 27-ին Վանաձորում մեծ շուքով անցկացվեց նաև «Ցատկորդի օր» հանրապետական առաջնությունը:

Տասնամյակներ շարունակ Լոռու «մայրաքաղաքը» բարձրակարգ մարզիկներ է մատակարարել մարզաձևի հանրապետության հավաքականին: Այդ ավանդույթը պահելու և աթլետիկան առավել մասսայական դարձնելու նպատակով Ադիկ Արդարյանը հասարակական կարգով տարբեր միջոցառումներ է նախաձեռնում և իրականացնում:

«Անկախի» հետ զրույցում Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը խոսում է մարզաձևում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ աշխատանքում հաջողության կարելի է հասնել միայն ու միայն բանիմաց, հմուտ և փորձառու մասնագետների շնորհիվ:

- Պարոն Արդարյան, Ձեր նախաձեռնությամբ 4-րդ տարին անընդմեջ Վանաձորում կազմակերպվում և տոնական մթնոլորտում անցկացվում է կրոսավազքի Հայաստանի առաջնությունը:

- Վանաձորն ունի հրաշալի վազքատարածություններ: Դեռ Խորհրդային Միության ժամանակ անցկացնում էինք կրոսավազքի առաջնություն, որը բավական մասսայական էր: Հայաստանի տարբեր շրջաններից շուրջ 1500 մարզիկ էր մասնակցում: Մրցումներն անցնում էին բարձր մակարդակով, Մոսկվայից արժանանում էինք շնորհակալագրերի ու պատվոգրերի: Որոշեցի վերականգնել ավանդույթը: Աթլետիկայում իմ նշանաբանն է՝ «Վազքը կյանք է. այն միշտ մեզ հետ է»:

Երկար տարիներ եղել եմ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի տնօրենը, բայց արդեն 10 տարի է՝ չեմ աշխատում: Ինձ ուղարկեցին թոշակի՝ մարզադպրոցի տնօրեն նշանակելով Սարգիս Չիլինգարյանին: Նա դահուկորդ է, մասնագիտական կողմնորոշում չունի և բավականաչափ ծանոթ չէ աթլետիկային, նրա խորքային խնդիրներին:

Ցավոք, մարզադպրոցում սահմանափակվեց իմ գործունեությունը, այդ պատճառով էլ լիարժեք չեմ կատարում աշխատանքս: Բայց և այնպես հասարակական կարգով տարբեր միջոցառումներ եմ կազմակերպում: Մենք փորձում ենք տեղացիների շրջանում հետաքրքրություն սերմանել, քանի որ աթլետիկան Վանաձորում նկատելիորեն զիջել է դիրքերը: Մինչդեռ պայմանները բարենպաստ են գեղատեսիլ բնության գրկում մրցումներն անցկացնելու համար:

- Պարոն Արդարյան, առաջնության արդյունքներից գո՞հ եք: Ի՞նչ գնահատական կտաք մարզիկների ելույթներին:

- Արդեն 4-րդ տարին է, ինչ անցկացնում ենք կրոսավազքի հանրապետական առաջնություն 4 տարիքային խմբերում: Մրցման մակարդակը բարձրացնելու նպատակով առաջնությանը մասնակցում են նաև վանաձորցի փորձառու մարզիկներ:

Երկու տարի առաջ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, Վանաձորի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի համաձայնությամբ կրոսավազքի առաջնությանը տրվեց հանրապետական կարգավիճակ: Այժմ մրցման հաղթողները դառնում են հանրապետության չեմպիոն: Մարզիկներն առավել մեծ հաճույքով են մասնակցում առաջնությանը:

Մրցմանը հայտավորված էր 124 մարզիկ. կրոսավազքին մասնակցեցին 114-ը:

Վազքատարածությունը լեռնային է, տարածությունն ուղիղ չէ, բարձունքներ ու խիստ վայրէջքներ են հաղթահարում մեր մարզիկները, սակայն նրանք բավական լավ արդյունքներ ցույց տվեցին` համապատախան 1-ին կարգին:

Արձագանքներից հասկանում եմ, որ նպատակին ծառայել է մեր նախաձեռնությունը: Կարողացել ենք դրական գործ կատարել: Սա վստահություն է հաղորդում նաև մեր մարզիկներին` նպաստելով նրանց վարպետության բարձրացմանը: ԱՄՆ-ից, Չիլիից, Հունաստանից մեր ընկերները, նախկին սաները մեծապես աջակցեցին մրցումները պատշաճ մակարդակով անցկացնելու և մարզիկներին պարգևատրելու համար:

2018 թվականին առաջնությունը կանցկացնենք 5-րդ անգամ. կփորձենք ավելի շքեղ ու մասսայական դարձնել այն:

- «Ցատկորդի օր» հանրապետական առաջնությանը 71 մարզիկ մասնակցեց: Նրանց ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Սեպտեմբերի 2-ին Գյումրիում միջազգային մրցաշար է անցկացվելու, նշվելու է Ռոբերտ Էմիյանի չգերազանցված ռեկորդի 30 տարին, նաև անցկացվելու է ֆեդերացիայի վերընտրական ժողովը: Նախատեսված էր, որ միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին, սակայն օրը փոխվեց: Այդ պատճառով էլ մեր մրցմանը չմասնակցեցին Արցախի, Կապանի, Երևանի մարզիկները:

Ուժեղ ցատկորդները Հայաստանում այնքան էլ շատ չեն: Ուստի քիչ էին մասնակիցները: Սակայն դրականն այն էր, որ հավասար ուժեր ունեցող մարզիկներ էին մասնակցում, և շատ հետաքրքիր պայքար ծավալվեց: Գոհ եմ մրցումների արդյունքներից և կազմակերպչական աշխատանքներից: Երեխաները մեծ հաճույքով էին մասնակցում, մեծ բավականություն ստացավ նաև հանդիսատեսը: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, նվերներով: Լավագույն երկու արդյունք գրանցած մարզիկները գավաթի արժանացան:

Ցավալի է միայն, որ մրցմանը ներկա չէին պետական պաշտոնյաները, ոլորտի պատասխանատուները, որոնք մասնակցում են ցանկացած հասարակ միջոցառման: Անգամ Վանաձորի մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանը ներկա չէր: 11 տարի ղեկավարում է այդ կառույցը և այսքան ժամանակ չի մասնակցել որևէ միջոցառման:

- Աթլետիկան մարզաձևերի հիմքն է: Ինչո՞ւ հայ աթլետները միջազգային ասպարեզներում այնքան էլ հաճախ չեն աչքի ընկնում: Ի՞նչ է հարկավոր մարզաձևը զարգացնելու, միջազգային հարթակում ոչ միայն մասնակցություն ապահովելու, այլև ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար:

- Այս տարի վանաձորցի Նարեկ Ղուկասյանը Լոնդոնում մասնակցեց աթլետիկայի աշխարհի առաջնությանը: Մեր մարզիկը համեմատության համար մի նկար հրապարակեց` կողք-կողքի Լոնդոնի և Վանաձորի ստադիոնները: Պատկերն ուրախանալու առիթ չտվեց: Աշխարհի շատ երկրներ ունեն ռետինապատ վազքուղիներ: Ցավոք, մենք այսօր չունենք այդ պայմանները: Հավանաբար Հայաստանն ընդգրկված է վերջին 10 երկրների շարքում: Մենք չենք կարող առաջ շարժվել. չկան պայմաններ դարձումներով, ժամանակով վազքեր կատարելու համար, չկան բարձրացատկի հարմարություններ: «Սպարտակ» ստադիոնում ռեզինները քարացել են, 400 մ վազելու համար հարկավոր է վազել մեկուկես շրջան, այնինչ ստանդարտ ստադիոնները 400 մ են: Արտաշատի վազքուղիները անբարեկարգ վիճակում են: Մարզիչը չի կարող նպատակային աշխատանք կատարել այդ պայմաններում: Վանաձորում մենք ունենք որոշակի հնարավորություններ: Երևանցի մարզիկները մշտապես նշում են, որ այդպիսի պայմաններ ունենալու դեպքում հրաշքներ կգործեին:

Ստեղծված վիճակը հաղթահարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մարզադպրոցները ղեկավարեն մասնագետները, ովքեր գործից հասկանում են, մարզչական աշխատանք են կատարել: Նրանք ճիշտ կգնահատեն վիճակը և կհասկանան, թե ինչ հանձնարարություններ է պետք տալ ներկայիս մարզիչներին:

- Վանաձորն աթլետիկայի սպորտային նվաճումների հարուստ ավանդույթներ ունի: Փաստորեն, Ձեր նախաձեռնությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում այդ ավանդույթները վերականգնելու ուղղությամբ:

- Մինչ մարզադպրոցի տնօրեն դառնալը երկար տարիներ մարզչական աշխատանք եմ կատարել: Մարզչական խորհրդի նիստ էի անցկացնում, ներկա էի լինում մարզիչների պարապմունքներին: Թերությունները վերացնելով միայն կարող ենք հաջողության հասնել: Այն ժամանակ Հայաստանում կար աթլետիկայի 12 մասնագիտացված մարզադպրոց: Վանաձորցի մարզիկները 15 անգամ առաջին տեղն են զբաղեցրել հանրապետության թիմային պայքարում: Նշեմ, որ Հայաստանի հավաքականը 20 մարզիկով մասնակցում էր Եվրոպայի առաջնության, որոնց կեսից ավելին Վանաձորից էր:

Մենք ամեն գնով փորձում ենք վերականգնել մարզաձևի ավանդույթները Վանաձորում: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սպորտը սիրող և գնահատող անձնավորություն է: Նա կողմ է մեր նախաձեռնություններին: Հույս ունեմ, որ մարզադպրոցի տնօրենը կփոխվի և գործին քաջատեղյակ ղեկավար կընտրվի, որը կմտածի մարզաձևի մասին: Մենք էլ կլծվենք աշխատանքի և մարզադպրոցի լավագույն ավանդույթները կվերականգնենք:

Հանրապետությունում մեր մարզադպրոցի նման պայմաններ չկան: Ամենամեծ մարզաբազան Վանաձորում էր, որը, ցավոք, այսօր քանդվում է չհետևելու պատճառով:

Ցավոք, այսօր մեր քաղաքում շատ քիչ մարզական միջոցառումներ են կազմակերպվում: Ցանկանում ենք Վանաձորում կիսամարաթոնյան վազք անցկացնել: Մարդիկ միայն մտածում են կենցաղային հարցերի մասին: Մեր նպատակն է երիտասարդներին ներգրավել մասսայական սպորտի մեջ և քարոզել առողջ ապրելակերպ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: