Հայերեն   English   Русский  

​Մեխակ


  
դիտումներ: 4968

Մեխակը մեզ հայտնի է որպես համեմունք: Այն լայնորեն կիրառվում է չինական բժշկության մեջ: Այս հոտավետ համեմունքն իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ օգնում է բուժելու բազում հիվանդություններ.պարունակում է պրովիտամին A (բետա-կարոտին), В խմբի և С, Е վիտամիններ, օմեգա-3 ճարպաթթուներ, եթերայուղեր ու տարբեր հանքանյութեր:

Այս համեմունքի պարունակած բոլոր նյութերն ակտիվ ազդեցություն ունեն: Ամեն օր մեխակ ծամելու դեպքում կարելի է անգինայից ազատվել, իսկ խեղդող ու մեծ անհանգստություն պատճառող ֆարինգիտը կմեղմանա:

Մեխակը շատ այլ որակներ ունի, ինչի համար իսկապես արժե տանը միշտ ունենալ. նշենք, որ այն նաև շատ մատչելի է:

Մակաբույծների դեմ

Մեխակի օգնությամբ կարելի է մակաբույծներից ազատվել. դրա համար պետք է պարզապես մեխակի չոր բողբոջներ ծամել օրական 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Առաջարկվող միջոցը կանխարգելիչ է, իսկ եթե իրականում տեղյակ եք, որ մակաբույծներ կան, ապա օրգանիզմը նման միջոցի օգնությամբ կմաքրվի 2 օրում:

Մեկ բողբոջի 20%-ը եթերայուղ է պարունակում՝ էվենգոլ, կարիոֆելին ու իլանգեն և մեծ քանակությամբ դաբաղանյութեր: Այդ է պատճառը, որ այս համեմունքից ոչ միայն մակաբույծներն են «փախչում», այլև շատ ախտածին միկրոօրգանիզմներ, օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլակոկը, դիֆթերիայի ու անգամ տուբերկուլյոզային ցուպիկները:

Բերանի խոռոչի համար

Վստահ կարելի է ծամոնը փոխարինել մեխակի բողբոջներով: Օրինակ, եթե փորձենք սովորություն դարձնել մեխակ ծամելը, ապա ընդհանրապես կարելի է մոռանալ ստոմատիտի, պարոդոնտոզի, լնդաբորբի մասին:

Մեխակի եթերայուղերը ոչ միայն չեզոքացնում են բերանի տհաճ հոտը, այլև օգնում են ընդմիշտ ազատվելու դրանից: Իզուր չէ, որ ատամի մածուկներում և ատամնացավի դեմ լավագույն դեղերում մեխակի յուղ է օգտագործվում: Երբ անգինայի կամ կոկորդաբորբի առաջին նշաններն ի հայտ են գալիս, փորձեք մեխակ ծամել, կոկորդի ցավն իսկույն կանցնի, հիվանդությունն էլ չի զարգանա:

Չմոռանանք այս միջոցի մասին, որը միշտ է օգնում:

Մարսողության համար

Մեխակը մարսողական պրոցեսների վրա խթանիչ ազդեցություն է ունենում ու կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը. դրա համար պետք է ընդամենը 2 բողբոջը 1 թեյի գդալ մեղրի հետ ծամել 15 րոպե, ուտելուց առաջ: Ուշադիր եղեք, այս միջոցը հակացուցումներ ունի. ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցի, ինչպես նաև արյան բարձր ճնշման պարագայում այն կիրառել պարզապես չի կարելի:

Մեխակի՝ մարսողությունը խթանող ու նյութափոխանակությունը կարգավորող հատկության շնորհիվ կարելի է նաև քաշ գցել: Այն օգնում է կոլիտների, մետեորիզմի դեպքում:

Քաղցկեղը կանխարգելող միջոց

Մեխակի պարունակած էվենգոլը, որ դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը, խոչընդոտում նորերի գոյացումը:

Դա գիտականորեն է ապացուցված: Այն ընտանիքները, որոնք վատ ժառանգականություն ունեն, որտեղ քաղցկեղով հիվանդանալու դեպքեր եղել են, նման կանխարգիչ միջոցը տեղին է: Այս համեմունքը կարգավորում է օրգանիզմի ընդհանուր վիճակն ու կանխում լուրջ հիվանդության զարգացումը:

Ճնշումը բարձրացնելու համար

Եթե ցածր ճնշում ունեք, ուրեմն մեխակ փորձեք դրա դեմ: Պարզապես ծամեք մի 2 բողբոջ, արդյունքը սուրճից առավել կլինի: Գլխացավը կանցնի, որ սովորաբար ցածր ճնշման դեպքում է առաջանում, գլխապտույտն ու թուլությունը նույնպես կվերանան:

Ի դեպ, նորմալ ճնշում ունեցողները նույնպես կարող են երբեմն մեկ գավաթ սուրճը փոխարինել մեխակ ծամելով. դա ոչ միայն կառույգացնի, այլև կխթանի օրգանիզմի պաշտպանական ուժերը:

Մեխակով թեյը կօգնի անքնության պարագայում. բանն այն է, որ համեմունքի պարունակած В խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը:

Մի խորհուրդ կա, որն ամենևին ավելորդ չէ հիշեցնելը. մեխակի որակը ստուգելու համար այն գցեք ջրի մեջ. չոր բողբոջը պետք է ջրի տակ իջնի կամ ուղղահայաց, գլխիկով վեր լողա, եթե մեխակը հորիզոնական է լողում, կնշանակի այն այլևս բուժիչ հատկությունները կորցրել է, բոլոր եթերայուղերը ցնդել են:

Մեխակը պարֆյումերային զանազան կոմպոզիցիաների բաղադրիչ է: Դրանցից ամենահայտնին թերևս Paloma Picasso-ն է: Պարֆյումերները հաճախ մեխակի հոտն արևելյան բույրերի թագուհի են անվանում:

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, սակայն այս համեմունքի անվանումը ոչ մի ընդհանրություն չունի համանուն ծաղկի հետ:

Ինչքան էլ շատ են մեխակի օգտակար հատկությունները, չպետք է մոռանալ, որ դրա հաճախակի գործածումը պետք է սահմանափակեն հղիները, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի խանգարումներ ունեցողները և 2 տարեկանից փոքր երեխաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: