Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. բնությունը գերզգայուն Նորայի և Շուշանիկի ընկալումների համադրումներում


  
դիտումներ: 5905

Մարդիկ սովորաբար խուսափում են զրուցել անձնական կյանքի մանրամասների շուրջ: Լավագույն դեպքում դա անում են իրենց պահվածքն արդարացնելու, մեղավորներ գտնելու համար:

Այս առումով հաճելի բացառություն կարելի է համարել գերզգայուն հայուհիների՝ օվկիանոսից այն կողմ ծվարած Նորա Ահարոնյանի և երևանաբնակ լոռեցի Շուշանիկ Նալբանդյանի ընկալումների համադրումը «Ճշմարտության նախադուռ» (Երևան, 2017) գրքի էջերում: Սա նրանց համահեղինակությամբ երրորդ գիրքն է՝ «Սեր և խաղաղություն աշխարհին» (2016) և «Հայրենիքիս մեղեդին» (2017) հրատարակություններից հետո: Երեքում էլ անկեղծ խոստովանություններ են` մենք բնությունից բաժան չենք հաստատուն եզրահանգմամբ: Միանգամից ասեմ, որ մեր ձեռքն ընկած գիրքը իսկապես ճշմարտության նախադուռն է «ո՞վ է գերզգայուն անձը» հարցադրումով ու հեղինակների խորիմաստ, համոզիչ մեկնաբանությամբ: Ինը մասերից բաղկացած ժողովածուն բացվում է «Մեր ծնողները և մենք» խորագրով, որտեղ ներընտանեկան փոխադարձ սիրո դրսևորման ուսանելի դրվագներ են, անձնական կյանքի մանրամասներ և համոզիչ հետևություն՝ առողջ մարմնում առողջ միտք:

«Գերզգայուն անձը» մասում էլ խորիմաստ վերլուծություններ են, իրական կյանքի դասեր, մտակենտրոնացման հարցադրումներ և հեղինակների մշակած թեստերի օրինակներ:

«Ես միշտ ճիշտ եմ, իսկ դու՝ սխալ» հարցադրման յուրօրինակ մեկնաբանությունն է գրքի հաջորդ մասում, որին էլ հետևում է «Ինչպե՞ս լսել խորությամբ» հարցադրումը հեղինակների պարզ ու հաստատուն պատասխանով՝ լսել խորությամբ նշանակում է լսել սիրով ու համբերությամբ, լսել խոսակցին, մտնել նրա դրության մեջ և օգնել, եթե հնարավոր է:

Գրքի էջերում խարազանվում են բամբասանքն ու զազրախոսությունը: Այս մասում հեղինակներն իրենց խոհերը միախառնում են հրապարակախոս, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի և այլոց մտքերին՝ մտասևեռվելով «Ծառը հույս է…» արտահայտությանը: Այստեղ Շուշանիկը թաքցրել է նվերը իր թոռնուհուն և, կարծում եմ, աշխարհի բոլոր թոռներին: Խոսքը նրա «Բանալիներ թոռնուհուս» գրքի մասին է:

Ժողովածուի հեղինակները առաջաբանում շնորհակալական խոսքեր են հասցեագրել Ֆելիքս Բախչինյանին, սիրված գրքերի հեղինակ Էմմա Տանանյանին, բանաստեղծներ Հրանտ Վաղարշյանին, Երվանդ Իսկանդարյանին, Նիկոլայ Շահնազարյանին, Լիպարիտ Սարգսյանին, Արշակ-Վահան Մարտիրոսյանին, իրենց գրվածքները տրամադրելու համար՝ չմոռանալով Ջուլիետա Գասպարյանին, որի մտորումները վաղամեռիկ դստեր մասին լավատեսության բուժիչ օրինակ են. լավատեսը նա չէ, ով երբեք չի տառապել, այլ նա, ով հուահատություն է ապրել և հաղթահարել այն:

Գրքի երկրորդ (6-9) մասում համահեղինակները ներկայանում են որպես ծնող, անձնական փորձի վրա հիմնված ներկայացնում դաստիարակչական խորհուրդներ, մանկությունն արժևորում որպես դրախտ: Երեխաներին առաջարկվող դեղատոմսերը գրքի էջեր բերելով՝ հեղինակները չեն մոռանում խոստովանել, որ երեխաներին աջակցելիս ծնողները նույնպես սովորում են:

«Երեխան այսօր այլ ընկալումներով է, այլ պահվածքով»,- եզրակացնում են հեղինակները գրքի եզրափակիչ մասում և նշում, որ նաև փոխվելու քաջություն ունեն:

Սիրված բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանն իր մանկության հիշողությունների միջոցով ընթերցողներին տանում է «Մեր լեռները»: Շարունակելով նրան՝ Շուշանիկն ու Նորան աշխարհին նայում են Լոռվա Օձունի պատշգամբից, Երևանի Մարաշի փոքրիկ այգուց, ԱՄՆ-ի «Սիոն» ազգային զբոսավայրից, իսկ գույների սիմֆոնիան գալիս և ամբողջանում է Արայի լեռան փեշին:

Ավելին ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Պարզապես արժե ավելացնել, որ գրքի ստեղծման առաջին օրից մինչ վերջինը հեղինակների հետ է եղել գրքի խմբագիր Հայարփի Խաչատրյանը: «Ես երջանիկ եմ մարդկային հոգիների բժշկարան համարվող այս մտերմիկ ու լուսավոր խորհուրդների գրքում իմ լուսանկարը ունենալու համար», - ասում է նա: Խոսուն լուսանկարների և մտքերի հրավառության պակաս էլ այս գիրք - շտեմարանը չի զգում:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: