Հայերեն   English   Русский  

ԴԱՀԿ կողմից բռնագանձում տարածելը. ո՞ր գույքի և ի՞նչ կարգով


  
դիտումներ: 12908

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում և կոչված է ապահովելու օրենքով սահմանված դատական ակտերի հարկադիր կատարումը:

Ընդունենք՝ առկա է դատական ակտ, որով պարտապանից պետք է բռնագանձվի որոշակի գումար: Ինչպե՞ս է ԴԱՀԿ-ն որոշում, թե որ գույքի վրա տարածի բռնագանձումը: Օրենքը հստակ սահմանում է այն հերթականությունը, որով պետք է առաջնորդվի ԴԱՀԿ-ն բռնագանձում տարածելիս: Առաջին հերթին բռնագանձումը տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա: Եթե դրամական միջոցները չեն բավարարում կամ ընդհանրապես դրամական միջոցներ չկան, ապա բռնագանձումը ֆիզիկական անձ պարտապանի պարագայում տարածվում է նրա շարժական գույքի նկատմամբ: Եթե շարժական գույքն էլ չի բավարարում, ապա նոր միայն՝ պարտապանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ:

Իրավաբանական անձանց դեպքում ուրիշ է: Եթե իրավաբանական անձի գույքը չի բավականացնում պահանջները բավարարելու համար, ապա ըստ հերթականության բռնագանձումը տարածվում է արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցների, պատրաստի արտադրանքի, անավարտ արտադրանքի (ներառյալ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների), նոր միայն այլ գույքի, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ:

Արդյոք հնարավո՞ր է բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի վրա: Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածվում է, եթե պարտապանը գույք չունի կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար կամ էլ կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ (օրինակ` ալիմենտի բռնագանձման վճիռ):

Ի՞նչ չափով է կատարվում բռնագանձումն աշխատավարձի վրա: Աշխատավարձից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Սակայն այս սահմանափակումը չի գործում, եթե դատական ակտի հիման վրա բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը, հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը: Այս երեք դեպքերում հնարավոր է բռնագանձում տարածել աշխատավարձի 75 տոկոսի չափով:

Այլ տեսակի եկամուտների` ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս: Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

Ո՞ր միջոցների նկատմամբ չի թույլատրվում տարածել բռնագանձում: Բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական միջոցների վրա, որոնք վճարվում են առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար, ալիմենտային պարտավորությունների համար, որպես պետական նպաստ, ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում ընտանիքներին, վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում, հաշմանդամներին, տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար, աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: