Հայերեն   English   Русский  

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ առաջարկը կառավարությունը նպատակահարմար է գտել


  
դիտումներ: 4162

Ս.թ. օգոստոսի 30-ի նիստին Հանրային խորհրդի անդամները քննարկել են նաև Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների և ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը:

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, և հանձանարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտենի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները: Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար:

Հիշեցնենք, որ հունիս ամսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները և այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել: Մասնագետների կարծիքով՝ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար և առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: