Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարին


  
դիտումներ: 2842

ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին:

Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ բոլոր բնագավառներում Իրաքի հետ համագործակցության սերտացումը:

Արա Բաբլոյանն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ պատգամավորական բարեկամական խմբերի հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Աշխարհագրական առումով Իրաքը Հայաստանին ամենամոտ արաբական երկիրն է, եւ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը Իրաքի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր եւ փոխադարձաբար բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»:

Արա Բաբլոյանը նշել է, որ պատրաստ է աջակցել հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ իր բարեմաղթանքներն է հղել Իրաքի խորհրդարանի նախագահին եւ իրաքցի ժողովրդին:

Աբդուլ Ռազզաք ալ Եսսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արա Բաբլոյանին ներկայացրել Իրաքի վերականգնման գործընթացը, Իրաքի եւ Հայաստանի բուհերի ընդհանրություններն ու տարբերությունները: Նախարարը Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսել ՀՀ ԱԺ նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ հետագայում իրաքցի ուսանողները հնարավորություն եւ ցանկություն կունենան Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու:

Աբդուլ Ռազզաք ալ Եսսան նշել է իրենց հետաքրքրությունը հատկապես Հայաստանում ամերիկյան համալսարանի, բուհերում միջուկային ֆիզիկայի եւ ռազմական բժշկության ֆակուլտետների հետ կապված: Նախարարը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը եւ հույս հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների կրթության եւ գիտության հարցերով զբաղվող հանձնաժողովներն այսուհետ կհամագործակցեն:

Արա Բաբլոյանը նշել է՝ ցանկալի է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, եւ ռազմական բժիշկներ կրթելու անհրաժեշտություն չծագի:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի կեցությունը, որին ի պատասխան իրաքցի նախարարը խոստացել է կրթաթոշակ տալ հինգ հայ ուսանողի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: