Հայերեն   English   Русский  

Թուրքիայում գերմանացիների ձերբակալությունը կարող է հանգեցնել հարաբերությունների վերանայման. Մերկել


  
դիտումներ: 1151

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում Գերմանիայի երկու քաղաքացիների ձերբակալությունը` հայտարարելով, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունների վերանայմանը:

«Մենք պետք է վճռական գործենք»,- ասել է Մերկելը Նյուրնբերգում գործարարների հետ հանդիպման ժամանակ: Վերջինս հավելել է, որ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հավանաբար, անհրաժեշտ է վերանայել պաշտոնական Անկարայի հետ հարաբերությունները:

Անգելա Մերկելը կարծում է, որ ներկայումս անթույլատրելի է ակնկալել Թուրքիայի և Եվրոպական միության միջև մաքսային միության ստեղծման շուրջ բանակցությունների շարունկություն:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գերմանիայի ևս երկու քաղաքացի օգոստոսի 31-ին ձերբակալվել էԹուրքիայում: Բեռլինին դեռևս չի հաջողվել կապ հաստատել ձերբակալվածների հետ: Համաձայն Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարի` ձերբակալվածների դեմ կարող են ներկայացվել քաղաքական մեղադրանքներ:

Սույն թվականի փետրվարին Ստամբուլում ձերբակալվել է թուրքական արմատներով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, ով թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպություններին մասնակցություն ունենալու, տվյալների կիրառման չարաշահման և ահաբեկչության քարոզչության» մեջ:

Մայիսին համանման մեղադրանքով ձերբակալվել է գերմանացի լրագրող Մեշալե Տոլուն: Ավելի վաղ Թուրքիայի դատարանը միջազգային «Amnesty International» կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս հինգ իրավապաշտպանների, այդ թվում` Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին կալանավորելու որոշում է կայացրել:

Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները հատկապես լարված են վերջին շրջանում: Անկարայի պնդմամբ` Գերմանիայում ապաստան են գտել Թուքիայի իշխանությունների բազմաթիվ ընդդիմախոսներ, ովքեր Անկարայի կողմից կասկածվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Անկարան բազմից արգելել է Գերմանիայի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիք ռազմաբազա, որտեղ տեղակայված են եղել գերմանացի զինծառայողներ:

Իր հերթին, Գերմանիան բազմից արգելել է թուրք քաղաքական գործիչներին քաղաքական հանրահավաքներ անցկացնել երկրի տարածքում, որտեղ բնակվում է թուրքական մեծ համայնք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: