Հայերեն   English   Русский  

Մի օր կարող ենք հայտնվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի անվան փողոցում. Վ Արծրունի


  
դիտումներ: 1655

«Բոլոր հարցերը լուծել էին, մնում էր սա»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը` փողոցների անունների փոփոխության մասին «Ելք» խմբակցության առաջարկին անդրադառնալով:

Նա ընդգծեց, որ ինքը գիտի և հիշում է ամենաշատը 6 փողոցի անունը` Մաշտոցի, Կոմիտասի, Խանջյանի, Ամիրյանի, Չարենցի, Բաղրամյանի, իսկ մնացածի անունը չի մտապահում: «Չարենցի փողոցի անունն էլ պետք է փոխել, որովհետև Չարենցը լավ գրող չէր «Լենինն ու Ալին» էր գրել: Լավ մարդիկ էլ կան, վատ մարդիկ էլ: Ո՞նց որոշենք` որն է լավը: օրինակ Նաիրի Զարյանը շատ վատ մարդ է եղել, բայց լավ գրող է: Կամ Բայրոնը հայերին շատ սիրել է, լավ գրող է եղել, բայց ասում են շատ վատ մարդ է եղել, փոխե՞նք փողոցի անունը: Այս ինչ հարցեր են քննարկում, շատ խնդիրներ թողած: Մարդկանցից հազարականներ են հավաքում, միլիոնատերներ, մի հատ ձեռքներդ գրպաններդ տարեք, մարդիկ գնացել զոհվել են այն երկրի համար, որտեղ քեֆ եք անում»,- ասաց մտավորականը:

Ըստ երգահան Վահան Արծրունու` գնահատական չի տրվել մարդկանց գործունեությանը , այդ է պատճառը, որ հնչող կարծիքներն այդքան հակասական են: Նրա խոսքով`պետք է հետևել մերձբալթյան երկրների , Չեխիայի և Գերմանիայի օրինակին ու քաղաքական գնահատական տալ բոլշևիկյան ժամանակաշրջանին, հանրային քննարկումներ հրավիրվեն, որից հետո միայն նման առաջարկներ ներկայացվի: Արծրունին համոզված է` սա հնարավորություն է տալիս հանրությանը քաջատեղյակ լինել իր իսկ պատմությանը, ինչպես նաև խորապես գիտակցել, թե ինչ պատմության միջով է անցել սերունդը: Միայն այդ դեպքում է հնարավոր ճշգրիտ վերաբերմունք կազմել նման առաջարկների նկատմամբ:

«Անհասկանալի է մեխանիզմը: Եթե պատկերացնեն, որ սա պետք է դեմոկրատական մեխանիզմ լինի, կարող են բացասական հետևանքներ լինել. նման օրինակ արդեն ունենք: Մի խումբ մարդկանց առաջարկով դիմեցին և այսօր Էջմիածնում հայտնվեց Արամ Ասատրյանի անվան փողոց: Դա օբյեկտիվ չէ և միշտ մարդիկ կլինենք, ովքեր նման առաջարկներ կանեն ու մենք կհայտնվենք Լևոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի անվան փողոցում»,- ասաց Արծրունին, ինչին Նիկոլայ Ծատուրյանը արձագանքեց. «Բերանդ խերով բաց արա»: Երգահանն, այնուամենայնիվ, պնդեց, որ նման հավանականություն կա:

«Նման քաղաքական տեխնոլոգիաներով լուծումներ գտնելը մեր երկրում իրականում կարող է դեֆորմացնել ամեն ինչ` հասարակական կյանքից սկսած մինչև քաղաքական հարցերը: Էլ չեմա սում, թե ինչ կերպարանքով ենք երևալու միջազգային մակարդակով այդ դեպքում: Սա տեսանելի է և ծիծաղելի է»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա` «Ելքի» այս առաջարկը ծրագրային, քանի որ նրանք վաղուց խոստացել էին հանգիստ չթողնել քաղաքապետարանը. «Այս առումով «Ելք»-ն արեց առաջին քայլը, քանի որ այս հարցը միշտ ալեկոծում է հասարակությունը»,- ասաց Վահան Արծրունին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: