Հայերեն   English   Русский  

Փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցի փաստաբանների գործադուլին


  
դիտումներ: 6716

«Այս ծայրահեղ քայլին գնալուց առաջ, պետք է գոնե ասեին, որ բոլոր դռները թակել են, բայց չեն բացել: Պատկերացնո՞ւմ եք` բժիշկը հրաժարվի վիրահատություն կատարել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` տեղեկացնելով , որ չի պատրաստվում մասնակցել գործադուլին:

Հիշեցնենք, որ շուրջ 170 փաստաբան պատրաստվում է սեպտեմբերի 13-ին գործադուլ անել՝ հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին: Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննություններից ու խուզարկություններից՝ դրանք որակելով ապօրինի:

Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք առաջարկել էին` զննությունը կյատարվի նույն սեռի պատկանող անձի կողմից կամ փաստաբանի պահանջով կատարել դա այլ սենյակում: Ըստ նրա` նման գործողություններով իրենք կստիպեին դատական դեպարտամենտին հեռու մնալ փաստաբաններից. «Եթե նրանք գտնում են, որ դա խուզարկություն է, ապա իրավապահ մարմիններին պետք է դիմում ներկայացնեին: «Այս ծայրահեղ քայլին գնալուց առաջ մենք պետք է ասենք, որ քայլեր ենք ձեռնարկել հաջողության չենք հասել: Եթե սխալ զննություն են իրականացրել, չեն պահել օրենքը, ապա պետք է լինեն բողոքներ: Ասեն, մենք արել ենք այս քայլերը, բայց հաջողության չենք հասել: Բացի այդ, հայտարարությունը հասցեատեր չունի»,-ասաց նա:

Արա Զոհրաբյանը շեշտեց, որ ամեն դեպքում հարգում է գործադուլ անելու փաստաբանների որոշումը:

Պարոն Զոհրաբյանը գտնում է, որ պետք է շարունակել լինել ադեկվատ և հավասարակշռված. «Եթե այսօր երկու փաստաբան դուրս է գալիս ու ասում՝ մենք էլ հացադուլ ենք անում, ձեզ ի՞նչ է թվում. փաստաբանների պալատը պետք է գնա միանա՞: Մենք չենք մոռանում, որ ներկայացնում ենք 1800 փաստաբանի շահ և պետք է առավել հավասարակշռված ու համարժեք լինենք»:

Փաստաբանների պալատի նախագահը գտնում է, որ զննությունը իրավաչափ է, քանի որ ծանր քրեական գործ է. «Եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց և դա նրանք օգտագործեն : Ես չեմ ասում կանցկացնեն փաստաբանները, բայց անվտանգությունը պետք է ապահովել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: