Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ հնարավոր չէ պարզել Խոսրովի արգելոցի հրդեհի ազդեցությունը կենդանական աշխարհի վրա


  
դիտումներ: 3425

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ խոշոր կաթնասուններն ու թռչունները չեն տուժել, քանի որ կարողացել են տեղափոխվել արգելոցի այլ տարածքներ:

Փոխարենը տուժել են չթռչող միջատները, սողուններն ու կրծողները: Այնուամենայնիվ, քանի որ արգելոցի ֆաունայի ամբողջական ուսումնասիրություն արված չէ, դժվար է գնահատել վնասի իրական չափը: Իսկ ամբողջական ուսումնասիրությունը վերաբերում է ոչ թե հրդեհի հետևանքներին, այլ նաև դրանից առաջ եղած իրավիճակին, որպեսզի խնդիրը համեմատության մեջ պարզ լինի:

«Վերջին անգամ մոտ 4 տարի առաջ է այնտեղ կենդանական աշխարհի ամբողջական ուսումնասիրություն կատարվել»,- ասում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

Ուսումնասիրությունը կատարել է նրանց կենտրոնը, որի մեջ ներառված են գիտական երկու ինստիտուտներ` կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի: Այս կենտրոնը Հայաստանում միակ գիտական կազմակերպությունն է, որն ամբողջ ֆաունան ուսումնասիրելու մասնագիտական ռեսուրսներ ունի` սկսած ամենափոքր անողնաշարավոր կենդանիներից, վերջացրած կաթնասուններով: Ընդ որում, անկախությունից ի վեր դա եղել է միակ ամբողջական ուսումնասիրությունը: Ուրախալին այն է, որ այդ ուսումնասիրության համաձայն` Խոսրովի արգելոցը, ի տարբերություն այլ արգելոցների, ֆաունայի կենսաբազմազանության առումով համեմատաբար ավելի բարվոք վիճակում է:

Գաբրիելյանի խոսքով` արգելոցներում ժամանակ առ ժամանակ պարտադիր պետք է ամբողջական ուսումնասիրություններ կատարվեն, որից հետո` մշտադիտարկումներ, հատկապես մերօրյա փոփոխական պայմաններում` պայմանավորված ոչ միայն կլիմայական, այլև մարդածին գործոններով: «Կարծում եմ, որ այդ առումով մենք մեծ բացթողում ունենք, և դա վերաբերում է նաև Խոսրովի արգելոցին: Ու քանի որ այնտեղ ֆաունայի վերջին տարիների ուսումնասիրություն ու մշտադիտարկումներ չկան, ապա այսօր չենք կարող ասել, թե հրդեհն ի՛նչ ազդեցություն է ունեցել կենդանական աշխարհի վրա,- ասում է նա: - Կան կենդանիներ, որ մոբիլ են, կարող են արագ տեղափոխվել, բայց կան, որ չեն կարող փախչել, նրանց բազմացման վայրերը կարող են այնտեղ լինել` թռչունների բներ և այլն»:

Այնուամենայնիվ, գիտական կենտրոնի ղեկավարը այսօր էլ անհրաժեշտ է համարում լուրջ ուսումնասիրությունների կատարումը Խոսրովի արգելոցում, որպեսզի պարզ դառնան հրդեհի հետևանքները կենդանական աշխարհի վրա: «Եթե մեզ դիմեն՝ մենք պատրաստ ենք, անգամ անվճար, այդ ուսումնասիրությունները կատարել: Համենայնդեպս, մեզ ոչ ոք չի դիմել»,- ասում է Գաբրիելյանը, ենթադրելով, թե միգուցե այլ կազմակերպությունների են դիմել:

Ընդհանրացնելով արգելոցներում կենդանական աշխարհի խնդիրները` կենդանաբանն առանձնացնում է որսի խնդիրը. «Դեռ մի կողմ թողնենք ապօրինի որսը: Ընդհանրապես, որսի թույլտվություն տալուց առաջ պետք է անպայման ուսումնասիրություններ, տվյալ կենդանիների հաշվառում կատարվեն, որոնց հիման վրա նոր տրվի որսի թույլտվություն` համապատասխան քանակով, համապատասխան տեղերում և համապատասխան սեզոնին»:

Похожее изображениеՄինչդեռ այսօր այդպես չի արվում, որսի ոչ մի կենդանու վերաբերյալ հստակ հաշվառում գոյություն չունի: Գաբրիելյանի խոսքով` այդ հարցը բարձրացվել է պետական համապատասխան կառույցներում, բայց սառեցվել. «Որոշվեց, որ որսորդական միություններից յուրաքանչյուրը պետք է գումար տրամադրի իր շրջանի ուսումնասիրությունների համար, և համապատասխան թույլտվությունից հետո միայն որսը թույլատրվի: Բայց քանի որ դա ուշացել էր արդեն, որոշվեց նախորդ տարիների նույն քանակով թույլատրել, մինչև այդ ուսումնասիրությունները կկատարվեն»:

Ընդ որում, այդ ուսումնասիրությունները չեն նախատեսում, ենթադրենք, մեկ ամիս: Կան կենդանիներ, որոնց պետք է ամբողջ տարին ուսումնասիրել, քանի որ կա կենդանիների միգրացիայի սեզոն, բազմացման սեզոն և այլն: «Այլապես դա բերում է արդեն որսագողության, որովհետև քանակները պարզ չեն, վայրերը պարզ չեն և այլն: Մի խոսքով, ոլորտը կանոնակարգման լուրջ կարիք ունի: Ինչ-որ քայլեր, իհարկե, արդեն կատարվում են, բայց դա բավարար չէ, քանի որ դրանք գիտական հիմքի վրա դրված չեն: Հիմա այն դարն է, որ ամեն քայլ պետք է գիտական հիմնավորում ունենա, այլապես մեզ մոտ կծաղկեն և՛ որսագողությունը, և՛ անկառավարելի որսը, ինչն էլ կբերի մի կենդանու անկմանը, մյուսի շատացմանը,- նշում է Գաբրիելյանը՝ բերելով գայլի օրինակը: - Տալիս են ինչ-որ քանակ ոչնչացնելու թույլտվություն, բայց հիմք չունեն, 20 տարի առաջվա տվյալների հիման վրա վերցրել են մոտավոր քանակ և որոշել, որ տարեկան 200 գայլ պետք է ոչնչացնեն: Բայց ինչո՞ւ 200 և ոչ թե 300 կամ 100: Մի խոսքով, այդ ամենի համար պետք է ուսումնասիրություն, իսկ առաջնորդվել 5-10 տարի առաջ անցկացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ շատ սխալ է»:

Կենդանաբանը նշում է նաև, որ հստակ ուսումնասիրությունների դեպքում հնարավոր է` պարզվի, որ որոշ կենդանիների վիճակը նույնիսկ լավանում է, և կարելի է հանել Կարմիր գրքից, նույնիսկ որոշակի քանակությամբ որս թույլատրել, իսկ որոշ կենդանիների դեպքում` հակառակը, պետք է մտցնել Կարմիր գիրք, ավելի խստացնել հսկողությունը և այլն: «Կենդանական աշխարհի մասով միակ մշտադիտարկումը կատարվում է Սևանա լճում, մնացած վայրերում կատարվում են միայն առանձին ուսումնասիրություններ, ինչը, սակայն, մշտադիտարկում չէ: Այնպես որ, այս հարցը պետք է գլոբալ դրվի»,- եզրափակեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: