Հայերեն   English   Русский  

Բոլորը՝ սկսած դպրոցից, վերջացրած ընտանիքով, պետք է կատարեն հետևություններ. Լևոն Մկրտչյան


  
դիտումներ: 3768

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հորդորեց տարանջատել Հրազդանի քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի դեպքը և վերջինիս ոսկե մեդալով պարգևատրելու հանգամանքը. «Երեխան պարգևատրվել է բարձր առաջադիմության, իր 12 տարվա գիտելիքների համար»,-նշեց նախարարը:

Դիտարկմանը, որ առնվազն բարոյական տեսանկյունից նման աշակերտին ոսկե մեդալով պարգևատրելը ճիշտ չէ, քանի որ նա, լինելով անչափահաս և չունենալով վարորդական վկայական, վերցրել է հոր ծառայողական ավտոմեքենան և մահացու վրաերթի ենթարկել 58-ամյա տղամարդու, նախարարը արձագանքեց, որ փաստի առթիվ հարուցված գործ կա, և չարժե դա կապել նրա ուսման առաջադիմության հետ. «Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է, կարող եք դպրոցից հետաքրքրվել: Հիմա, եթե եղել է դժվախտ դեպք, այդ ի՞նչ հիմքի վրա իր գիտելիքի համար նախատեսված պարգև իրեն չպետք է տրվի: Անգամ ազատազրկման ենթարկված մարդիկ ունեն իրավունքներ: Հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է: Եթե պատժենք նրան ու մեդալից զրկենք, շատ ավելի մեծ հարված չե՞նք հասցնի: Մարդը կատարել է քրեական բնույթի հանցանք, բայց դու նրան պատժում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում: Կարծում եմ՝ դա սխալ է»:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե արդյոք նրա վարքի մեջ մեղավոր չեն նույն դպրոցը կամ ծնողները, Լևոն Մկրտչյանն ընդունեց, որ այդտեղ կարող է խնդիր լինել. «Բոլորը՝ սկսած դպրոցից, վերջացրած ընտանիքով, պետք է կատարեն հետևություններ, դուք ճիշտ եք: Անչափահասը կատարել է ոչ գիտակցված հանցանք, որի մեղավորը ավելի շատ մեծերն են, մեղավարությունն ավելի շատ նրանցն է, ովքեր թույլատրել են այդ իրավիճակը»:

Լևոն Մկրտչյանը չի կարծում, որ ոսկե մեդալով պարգևատրելը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության օբյեկտիվության վրա. «Ձեր այս հարցադրումները, Ձեր բարձրացրած խնդիրները նշանակում են, որ ոչ, այդպես լինել չի կարող»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: