Հայերեն   English   Русский  

​Որոշում՝ ի վնաս երեխաների, նրանց ընտանիքների ու պետբյուջեի


  
դիտումներ: 3017

Մասնավոր մանկապարտեզ, դայակ կամ եռամյա կտրվածություն աշխատաշուկայից․ երեխայի խնամքով զբաղվող երևանաբնակ կանանց համար Երևանի քաղաքապետարանն այսպիսի ընտրանք է ստեղծել։ Եթե նախկինում երեխաներին ցանկացած տարիքից ծնողները կարողանում էին մանկապարտեզում հերթագրել, իսկ երկու տարեկանը լրանալուց հետո մանկապարտեզ ուղարկել, ապա օրեր առաջ տեղի ունեցած «նորամուծության» արդյունքում իրավիճակը փոխվել է․ այժմ ծնողները երեխաներին մանկապարտեզի համար կարող են հերթագրել միայն երկու տարին լրանալուց հետո, իսկ երեխաները մանկապարտեզ կհաճախեն ոչ շուտ, քան երեք տարին լրանալը։

Քաղաքապետարանի որոշումը հարուցել է երևանցիների դժգոհությունը։ Երևանաբնակ Աննան պատմում է, որ իր երկու երեխաներին էլ ժամանակին մանկապարտեզում հերթագրել է դեռ նախքան մեկ տարեկանը, քանի որ հարցուփորձով պարզել է՝ մանկապարտեզ գնալու հերթը կարող է տարիներ տևել, հետևաբար, որքան ուշ երեխային գրանցես, այնքան ուշ մանկապարտեզ կհաճախի։ «Եթե այդքան շուտ չհերթագրվեինք, չէի կարողանա աշխատանքի վերադառնալ, ինչի հետևանքով ֆինանսական դժվարություններ կունենայինք»,- ասում է նա, հավելելով, որ պետական մանկապարտեզ հաճախելու դեպքում աշխատող ծնողներին օգնական է պետք` մարդ, որը երեխաներին տուն կտանի, մինչ ծնողները դեռ աշխատավայրում են։

«Ինձ, օրինակ` այդ հարցում օգնում է սկեսուրս: Եթե նա չլիներ՝ պետք է մասնավոր մանկապարտեզ տանեի կամ դայակ վարձեի, բայց այդ ծառայություններն էլ բավականին թանկ արժեն։ Կստացվեր, որ գրեթե ողջ աշխատավարձս դրան պետք է հատկացնեի,- ասում է Աննան և հավելում,- չեմ նախանձում այն ծնողներին, որ հիմա այդ իրավիճակում են հայտնվել»։

Մանկապարտեզների սակավության պատճառը, ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ անկախության առաջին տարիներին մանկապարտեզները ամբողջ երկրում փակվեցին, շենքերը վաճառվեցին։ Արդյունքում, հատկապես այն բանից հետո, երբ Երևանում պետական մանկապարտեզներն անվճար դարձան, գրեթե բոլորը ցանկանում են, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի, մինչդեռ դրանց թիվը քիչ է ու չի բավարարում առկա պահանջարկին։

Սերոբ Խաչատրյանի պնդմամբ՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան համալսարան։

«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ ասում է, որ քաղաքապետարանի քայլերը որևէ օրենքի մեջ չեն տեղավորվում։

«Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում»,- ասում է նա։

Հղում անելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին` Բախշյանն ասում է․ «Հայաստանում Ազգային ժողովի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ Հայաստանում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկանը, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն` ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է, ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել»։ Բախշյանը նաև անօրինական է համարում դեպքերը, երբ չաշխատող ծնողների երեխաներին հրաժարվում են մանկապարտեզ ընդունել։

«Ոչ մի տեղ գրված չէ, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է երեխային մանկապարտեզ չընդունելու պատրվակ, կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չեն ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ»,- ասում է նա։

Բախշյանը նշում է նաև, որ դիմել է Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի մշտական հանձնաժողովի նիստ հրավիրելու համար, որտեղ կքննարկեն մանկապարտեզներում երեխաների հաշվառման, հերթագրման և ընդունելության գործընթացի վերաբերյալ որոշումների վերանայման հարցը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մանկապարտեզների շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր․ «Դեպքեր ունենք, երբ մեկ ամսական երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ` որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ, չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի` ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ, հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նախադպրոցական կրթություն ապահովենք մեր բոլոր երեխաների համար»։

Մինչ քաղաքապետը առանց ժամկետ սահմանելու խոստանում է բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ապահովել, փաստացի, մինչև երեք տարեկան երեխաները Երևանում զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, նրանց ծնողներն էլ` մեծ մասամբ աշխատելու հնարավորությունից։ Մասնավոր մանկապարտեզների ամսական վարձը միջինը կազմում է 80-120 հազար դրամ, ինչը ամեն ծնող, անգամ աշխատող ծնող չէ, որ կարող է իրեն թույլ տալ։

Միևնույն ժամանակ, PanArmenian.Net պարբերականի հաշվարկներով` 130 հազար դրամ առձեռն աշխատավարձ ստացող քաղաքացու դեպքում պետբյուջե ավելի շատ մուտք է լինում հարկ ու տուրքերի տեսքով, քան անհրաժեշտ է մեկ երեխայի խնամքի համար մանկապարտեզում։ Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծախս է սահմանել ամսական 18 հազար դրամը, մինչդեռ աշխատող ծնողի վճարած հարկուտուրքերն ամսական շուրջ 40 հազար դրամ են կազմելու։

Ստացվում է, որ քաղաքապետարանի որոշումը վնաս է ոչ միայն երեխաներին ու նրանց ընտանիքներին, այլ նաև պետբյուջեին։

Նշենք նաև, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը` ամսական 18 հազար դրամ, այլևս չի հատկացվում երեխայի երկու տարին լրանալուց հետո կամ ավելի վաղ, եթե ծնողն աշխատանքի է դուրս եկել մինչև երեխայի երկու տարին լրանալը։ Հարց է առաջանում. արդյոք պետությունը պատրա՞ստ է ևս մեկ տարով երկարաձգել նպաստի վճարումը, եթե մայրերին ևս մեկ տարով զրկում է աշխատանքի վերադառնալու հնարավորությունից (չնայած վճարած նպաստն այնքան չնչին է, որ չի փոխհատուցում կորցրած եկամուտները, որը կստանար ընտանիքը կնոջ` աշխատանքի վերադառնալու դեպքում)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: