Հայերեն   English   Русский  

​Որքանո՞վ ենք պատրաստ 12-ամյա պարտադիր կրթությանը


  
դիտումներ: 6238

Այս տարվա սեպտեմբերի մեկից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հիմնական դպրոցն ավարտած 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարող բավարարվել հիմնական կրթության վկայականով ու չշարունակել կրթությունը։

Օրենքում համապատասխան փոփոխությունը կատարվել էր դեռ 2015-ին՝ 2 տարի ժամանակ տալով պատկան մարմիններին` պատրաստվելու օրենքն ուժի մեջ մտնելուն։ «Անկախը» ԿԳՆ-ից և կրթության փորձագետներից փորձել է ճշտել, թե որքանո՛վ են արդյունավետ օգտագործվել նախորդ երկու տարիները, և որքանո՛վ ենք պատրաստ 12-ամյա պարտադիր կրթությանը։

Դպրոց կամ քոլեջ գնալը դեռ կրթություն չէ. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ 2015-ին օրենքի ընդունումից հետո թեման փակվեց և նույնիսկ ինչ-որ իմաստով մոռացության մատնվեց, որի հետևանքով որոշ առումներով անպատրաստ ենք անցել պարտադիր 12-ամյա կրթական համակարգի։

Սերոբ Խաչատրյան

Փորձագետի կարծիքով` պարտադիր 12-ամյա կրթության անցնելու ծրագիրը սխալ է ընկալվում պատասխանատուների կողմից։ Համարում են, որ իմաստը քոլեջում կամ դպրոցում երեխային երեք տարի ավելի պահելն է, իսկ այդ պարագայում իմաստ չկա նոր բան պլանավորել կամ պատրաստել, նույն դպրոցը կամ քոլեջն է, ունի չափորոշիչ, այս երեխաներն էլ կսովորեն նույն բաները, ինչ մյուսները։

«Բայց իրականում պատրաստվելու բան կա, որովհետև այս երեխաները, որոնք 9-րդ դասարանից դուրս էին գալիս, որպես կանոն, կրթությունը մեծ հաշվով ձախողած երեխաներ են։ Նրանք ունեն գրագիտության լուրջ խնդիր, նրանց մեջ կան երեխաներ, որոնք հասարակ բաներ չգիտեն 4-5-րդ դասարանի ծրագրի մակարդակով։ Այս երեխաները կարիքավոր, անապահով ընտանիքներից են և բազմաթիվ խնդիրներ ունեն։ Նրանց թվում կան երեխաներ, որոնք հաշվառված են ոստիկանությունում` ընտանեկան և այլ տարբեր խնդիրների հետ կապված։ Հետևաբար, հարց է առաջանում. այս երեխաները լրացուցիչ կրթական աջակցություն ստանալո՞ւ են։ Նրանք չեն կարող ավագ դպրոցի ծրագիրը յուրացնել, քանի որ միջին դպրոցը նորմալ չգիտեն»,- ասում է Խաչատրյանը։

Նա նշում է, որ դպրոց կամ քոլեջ գնալը դեռ կրթություն չէ, կարևոր է, թե երեխան այդտեղ գնալուց ինչ է անում։

«Ենթադրենք` քաղաքներում այս երեխաներն ավագ դպրոց գնացին, ավագ դպրոցի ուսուցիչը գիտի՞, թե ինչ է անելու նրանց հետ։ Թե՞ ասելու է` վերջում սուս նստեք, մինչև զանգը տա։ Հետևաբար, կարևոր հարց է` վերջին երկու տարիներին վերապատրաստվածների հետ այս թեմայով աշխատանք կատարվե՞լ է, թե՞ ոչ»,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ խուսափում են գումարներ ներդնելուց, մտածելով, որ ուսուցիչը մի բան կանի։

«Բայց կարգն այդպես չէ։ Մենք ուսուցչի վրա շատ խնդիրներ ենք բարդում։ Եվ ուսուցիչը չի կարողանում այդ խնդիրները լուծել, ուստի շատերը դիսցիպլինար լուծումների են գնում»,- ասում է նա։

Խաչատրյանը կարևորում է հատկապես գյուղաբնակ երեխաների կրթության հարցը։ Եթե քաղաքաբնակ երեխան ավագ դպրոցի և արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների միջև ընտրության հնարավորություն ունի, ապա գյուղաբնակ երեխան զրկված է այդ հնարավորությունից։

«Գյուղում չկան ուսումնարան, քոլեջ, գյուղի դպրոցներում էլ չկա արհեստագործական հոսք։ Հիմա ինչպե՞ս ենք ապահովելու երեխայի ուսուցումը, որը նախկին կարգերի դեպքում 9-րդ դասարանից հետո կգնար կաշխատեր, ընտանիքին կօգներ, իսկ պարտադիր 12-ամյա կրթության դեպքում ուզում է գոնե մի արհեստ սովորել»,- հարցնում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետն ասում է, որ գյուղից մարզկենտրոն հասնելը մեծ խնդիր է անապահով ընտանիքների երեխաների համար, մանավանդ այն գյուղերում, որոնք անգամ հանրային տրանսպորտ չունեն. «Ինչպե՞ս պետք է երեխան ուսումնարան հասնի, ո՞վ պետք է դրա ծախսը հոգա։ Ստացվում է, որ երեխան գյուղում դպրոցին այլընտրանք չունի»:

Անդրադառնալով պարտադիր 12-ամյա կրթության արդյունքներին՝ Խաչատրյանը նկատում է, որ այդկերպ կմեծանա կրթությունում ընդգրկվածության ցուցանիշը մեր երկրում, և միջազգային վարկանիշային աղյուսակներում մեր երկրի արդյունքները կլավանան։

12-ամյա կրթությունը բերելու է կյանքի որակական փոփոխության. Արևիկ Անափիոսյան

Արևիկ Անափիոսյան

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը պարտադիր 12-ամյա կրթության գաղափարը դրական է գնահատում։ Ասում է` աղքատության ցուցանիշները վկայում են, որ ուղիղ կապ կա կրթության մակարդակի և աղքատության միջև։

Անափիոսյանին, սակայն, մտահոգում է, որ գյուղական բնակավայրերում չկան ավագ դպրոցներ, արհեստագործական դասարաններ, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

«Հաճախ երեխաները, որոնք չէին շարունակում կրթությունը, կարիքից դրդված էին դա անում։ Կարծում եմ` իրենք ավելի շատ կուզենան որևէ հմտություն, արհեստ սովորել,- ասում է նա, հավելելով, որ այս առումով դեռ հստակություն չկա։ - ԿԳ նախարարն էլ ասաց, որ դեռ մեկ տարի պետք է, որ հասկանան, թե ինչ են անում։ Այսինքն` համակարգը դեռ պատրաստ չէ, և հստակ չեն հասկանում՝ ի՛նչ են անելու։ Խոսվում է, որ ապագայում կարող են արհեստագործական դասարաններ բացվել»։

Անափիոսյանի կարծիքով՝ առավել արդյունավետ կլիներ, եթե նախապատրաստական երկու տարիներն օգտագործվեին` առկա գաղափարներն իրագործելու, օրինակ` արհեստագործական դասարաններ բացելու համար։

Անդրադառնալով խնդրին, որ որոշ երեխաներ պարտադրված են դպրոց գնալու, իրենց կամքին հակառակ, Անափիոսյանն ասում է. «Հաճախ նույնիսկ ուսանող դառնալով դեռ չեն գիտակցում կրթության կարևորությունը։ Հասարակության մեջ ունենք զանգված, որը չի կարևորում կրթությունը և դրա նշանակությունն ու դերը մարդու ապագայում։ Բայց վստահ եմ` լրացուցիչ 3 տարի դպրոց կամ քոլեջ գնացող երեխան ինչ-որ բան սովորելու է, և դա բերելու է կյանքի որակական փոփոխության։ Հարց է, թե մենք որքանո՛վ կկարողանանք հաջողել, որ այդ որակական փոփոխությունները մարգինալ չլինեն»։

Այլընտրանք, որը և՛ կա, և՛ չկա

Աշոտ Արշակյան

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, մշակել է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման էլեկտրոնային համակարգը, որը շուտով կներդրվի։

Առաջիկայում Կառավարությունը կհաստատի նաև կրթությունից դուրս մնացած երեխաներին համակարգում ընդգրկելու մեխանիզմները։

Հարցին, թե այլ աշխատանքներ իրականացվե՞լ են, օրինակ՝ մշակվե՞լ են մեթոդական նյութեր ավագ դպրոցում կրթությունը այդ երեխաներին մատչելի դարձնելու համար, այդ ուղղությամբ ուսուցիչների վերապատրաստում իրականացվե՞լ է, Արշակյանն ասում է, որ ուսուցիչների վերապատրաստում պարբերաբար է իրականացվում, իսկ երեխաները բոլորն էլ նույնն են, բոլորի համար էլ կան դասագրքեր և մեթոդներ։ Արշակյանը համամիտ չէ մոտեցմանը, թե այս երեխաների հետ հատուկ աշխատանք պետք է կատարվի։

Ասում է, որ երեխան իր ցանկությամբ կարող է ուսումը շարունակել նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, եթե ցանկանում է որևէ արհեստ սովորել կամ մասնագիտություն ձեռք բերել։ Հարցին, թե ֆինանսական խնդիրներ ունեցող, գյուղաբնակ ընտանիքի երեխան ինչպե՛ս պետք է մարզկենտրոնում գտնվող քոլեջ հասնի, Արշակյանը չի պատասխանում։ Ասում է, որ այդ դեպքում երեխային հասանելի է կրթությունը գյուղի միջնակարգ դպրոցում։

Արշակյանն ասում է, որ այս պարագայում պետության ֆինանսական աջակցությունն անվճար կրթություն ապահովելն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: