Հայերեն   English   Русский  

​Ինքնասպանության գնացող մարդիկ մինչև վերջին վայրկյանը հույս ունեն, որ իրենց կփրկեն


  
դիտումներ: 5856

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունը կանխող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ հայտարարվել է Ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր: Պատմության ընթացքում մարդուն մշտապես ուղեկցող այս խնդրի նրբությունները հասկանալու համար էլ զրուցել ենք ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության (ՓԾ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) Հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Մերի Գևորգյանի և Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ:

Ըստ Մերի Գևորգյանի՝ ինքնասպանությունը սեփական անձի ոչնչացմանն ուղղված կանխամտածված գործողություն է, որին նախորդող ժամանակահատվածում մարդը պլանավորում է ինքն իրեն սպանելու եղանակը: «Ինքնասպանությունը հիմնականում այնպիսի երևույթ է, որ ամեն մեկի մոտ կարող է դրսևորվել, եթե կան նպաստող պայմաններ և պատճառներ, որոնք բազմաթիվ են՝ պայմանավորված և՛ հոգեբանական անձնային գործոններով (դեպրեսիվ մտքեր, հուսալքվածություն, մենակության զգացում, կյանքի իմաստի կորուստ և այլն), և՛ սոցիալական գործոններով (անելանելի ֆինանսական վիճակ, պարտքեր և այլն), և՛ գենետիկ կոդով, և՛ մոլեկուլյար համակարգում տեղի ունեցող որոշակի փոփոխություններով (օրինակ՝ կան հաճույքի, երջանկության հորմոններ, որոնց պակասությունը նույնպես առաջացնում է ինքնասպանության մտքեր), և՛ վարքային մոդել հասկացությամբ, ըստ որի՝ մարդը գնում է ընդօրինակման: Նպաստող պայմաններ կարող են լինել ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, էքստրեմալ սպորտը: Ավելացնենք նաև ոչ սահմանային հոգեվիճակում գտնվող մարդկանց, որոնք ունեն հոգեկան որոշակի հիվանդություններ»:

Մեր այն հարցին, թե ըստ վիճակագրության՝ աշխարհում տարեկան քանի մարդ է ինքնասպանություն գործում ու ինքնասպանության փորձ կատարում, և արդյոք այդ երևույթը կապ ունի՞ երկրի՝ աղքատ կամ զարգացած լինելու հետ, Մերի Գևորգյանը պատասխանեց, որ տարեկան 800 հազար մարդ ինքնասպանություն է գործում, և 25 անգամ ավելի ինքնասպանության փորձ է կատարվում: Նա հավելեց, որ ինքնասպանություն երևույթը չի կարելի անվերապահորեն պայմանավորել երկրի զարգացման մակարդակով, քանի որ մարդու ներքին տարաձայնությունները տեղի են ունենում անձնային ոլորտում: «Հետաքրքիր է՝ այն երկրներում, որտեղ մարդիկ ունեն բարձր վարձատրվող աշխատանք և հանկարծ կորցնում են այն, միանգամից կորցնում են նաև բոլոր ելքերը, հույսն ու հավատը, քանի որ սթրեսակայուն չեն, իսկ ՀՀ քաղաքացիները, թրծված տարբեր իրավիճակներում, ավելի դիմացկուն են»,- նկատեց նա:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև տղամարդկանց և կանանց ինքնասպանությունների թվի տարբերությանն ու պատճառներին. «Ըստ վիճակագրական տվյալների՝ տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության, իսկ կանանց մոտ գերակշռում են ինքնասպանության փորձերը: Դա կապված է հուզական աշխարհի հետ, քանի որ կանայք ավելի զգացմունքային են, կարողանում են կիսվել իրենց ապրումներով, հետևաբար նաև ագրեսիան արտահայտում են դեպի դուրս, իսկ տղամարդկանց ապրումներն ուղղվում են դեպի իրենց անձը, ինչն էլ հանգեցնում է նրանց մոտ ինքնասպանությունների ավելի մեծ թվի»:

Փորձեցինք նաև հասկանալ, թե տարիքային առումով որ խմբերն են համարվում ռիսկային: Ըստ Մերի Գևորգյանի՝ ՀՀ-ում ինքնասպանների մեջ մեծ թիվ են կազմում 35-65 տարեկանները, երկրորդ տեղում՝ 18-35 տարեկաններն են, և վերջում՝ մինչև 18 տարեկանները: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ինքնասպանների երիտասարդացում է նկատվում, Հայաստանում, պայմանավորված երեխաների ու ծերերի նկատմամբ մեր վերաբերմունքով, գերակշռում է միջին տարիքը: Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ ինքնասպան լինողների թվին, որոնք 2014-ին եղել են 155, 2015-ին՝195, 2016-ին՝ 197, իսկ 2017-ին՝ մինչև օգոստոսի 28-ը՝ 112 հոգի: Հայաստանում գերակշռում են ավելի շատ կախվելու միջոցով ինքնասպան լինողները, առկա են դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումների, երակների վնասման, բարձր տեղանքներից ցած նետվելու և այլ դեպքեր:

Այն հարցին, թե ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժինը ներկայումս ինչպես է նպաստում այս խնդրի դեմ պայքարին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հոգեբանական աջակցության բաժնի պրոֆիլը մի փոքր այլ է. մենք հիմնականում իմանում ենք հենց կոնկրետ դեպքի մասին, և ողջ աշխատանքը կատարվում է դեպքի վայրում: Հոգեբանական ծառայութունը տրամադրում է ծառայողական մեքենա՝ իր համապատասխան պայմաններով, որտեղ և հիմնականում իրականացվում են աշխատանքները հոգեբանական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հետ: Կարևոր է առաջնային կոնտակտի հաստատումը տվյալ անձնավորության հետ, վստահության դաշտի ստեղծումը, հոգեկան հավասարակշռության, հուզական կայունության բերելը: Պետք է թույլ տալ՝ մարդը խոսի, ներկայացնի առկա խնդիրը, որ փորձես որոշակի տարբերակներ ու ելքեր գտնել: Առաջնայինն ընտանիքի դերի վերհանումն է, իր կարգավիճակի, կարևորության շեշտադրումը, որովհետև երբ մարդիկ գնում են այդ քայլին, արժեզրկում են իրենք իրենց: Պետք է բարձրացնել մարդու ինքնագնահատականը, վեր հանել ներքին ուժեղ ռեսուրսները, կարևորել նրան իր հարազատների կյանքում, որ պատկերացնի՝ իր պակասի դեպքում ինչ կկատարվի սիրելի մարդկանց հետ կամ այն ոլորտի, որտեղ լիարժեք է ինքը: Երբ կարողանաս ճշմարտապես ապրումակից լինել մարդուն՝ այդ ժամանակ միայն նա թույլ կտա օգնել»:

Հոգեբանական աջակցության բաժինը նաև հոգեբանական խորհրդատվություն է տալիս 911 հեռախոսահամարի միջոցով: Նրանց շատ են զանգահարում սուիցիդալ մտքերով անձնավորություններ, որոնց խնդիրներին տրվում են որոշակի հոգեբանական լուծումներ: «Որովհետև ինքնասպանությամբ մարդը փորձում է ոչ թե իր կյանքին, այլ ստեղծված իրավիճակին վերջ տալ, և երբ խոսում է մասնագետի հետ, ստանում է համապատասխան ուղղորդում: Եղել են դեպքեր, որ գործողությունից առաջ զանգահարել են մեզ, և դրական ելք ենք ունեցել»,- ասում է Մերի Գևորգյանը:

Տեր Պարթև քահանա Մուրադյան

Նա շեշտում է նաև, որ հասարակության շրջանում կարևոր է մեր սերն ու հոգատարությունը, ուշադրությունն ու զրույցները: Ինքնասպանության վերաբերյալ որևէ մարդու մոտ մտքեր նկատելու դեպքում չպետք է անտարբեր անցնել, քննադատել, նվաստացնել նրա ապրումները՝ հասցնելով այդ քայլին: Եթե ժամանակին նկատենք նախասուիցիդալ շրջանում եղած վարքային դրսևորումները (տրամադրության կտրուկ փոփոխություն, ակտիվ անձնավորությունից մելանխոլիկ դառնալը կամ հակառակը, տխուր երաժշտություն լսելը, ամենաթանկարժեք իրերը նվիրելն այլ մարդկանց, բոլորի նկատմամբ բարեհամբույր լինելը և այլն), գուցե հնարավոր լինի օգնել:

«Անսպասելի ինքնասպանություններ շատ հազվադեպ են լինում, հիմնականում՝ աֆեկտիվ վիճակում, երբ մարդու գիտակցությունը մթագնում է, սկսում է չկառավարել իր գործողությունները և դիմում է նման արարքի,- շարունակում է մասնագետը:- Եվ եթե անգամ մենք չենք կարողանում օգնել, շատ կարևոր է մասնագետին դիմելը, համագործակցային աշխատանքը: Մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ ինքնավնասման դեպքերի հանդիպելիս անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին՝ ոստիկանության 1-02 ծառայությանը, 911 փրկարար ծառայությանը, որ աշխատում է 24 ժամ, ունենք նաև հոգեբանական խորհրդատվության հեռախոսահամար՝ ՀԱԲ-ի թեժ գիծը՝ (010)360684, որ ևս աշխատում է շուրջօրյա՝ անդրադառնալով ոչ միայն ինքնասպանության դեպքերին, այլև տարբեր հոգեբանական խնդիրների: Մարդիկ կարող են նաև գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ www.psychologist@mes.am»:

Մերի Գևորգյանը նաև ցավով նկատեց, որ ինքնասպանության դիմող մարդիկ շատ դեպքերում մինչև վերջին վայրկյանը փրկվելու հույս ունեն, ուստի կարող են դուռը կիսաբաց կամ լույսը վառ թողնել և այլն: Ու եթե ժամանակին ճիշտ մարդ հայտնվի նրանց կողքին, ապա հնարավոր կլինի փրկել՝ օգտագործելով առաջին րոպեները: Բայց ոչ միշտ է դա տեղի ունենում:

Հետաքրքիր էր հասկանալ՝ ինքնասպանության կանխումից հետո հնարավո՞ր է, որ կրկնվի այդ քայլը, և ընդհանրապես ի՞նչ դժվարություններ են հաղթահարում այն մարդիկ, որոնց ինքնասպանության փորձերը կանխվել են: Ըստ մեր զրուցակցի՝ մարդիկ կան, որ փրկվելուց հետո գիտակցում են, թե ինչ են արել և անգամ սկսում են աշխատել ինքնասպանությունների կանխարգելման ոլորտում, բայց մարդիկ էլ կան, որոնց մոտ քրոնիկ ձևով կրկնվում է, քանի որ չեն կարողանում հաղթահարել ես-ի երկատումը. «Մեր ծառայողական պրոֆիլից ելնելով՝ մենք հենց արտակարգ իրավիճակներում ենք օգնություն ցուցաբերում մարդկանց, իսկ հետագայի համար կարող ենք միայն ուղղորդել՝ ինչպես զբաղվի իր առողջությամբ: Մարդիկ կան՝ ամոթի զգացում են ունենում, որ ամբողջ աշխարհն իմացավ իրենց խնդրի մասին, ուստի հոգսերը կրկնապատկվում են: Հետևաբար նրանց չպետք է մենակ թողնել: Ցանկալի կլինի՝ ՀՀ-ում լինեն օգնող խմբեր, որ աջակցեն թե՛ այս մարդկանց, թե՛ նախնական շրջանում օգնության կարիք ունեցողներին»:

Հարցին ի պատասխան, թե լրատվամիջոցներում ինքնասպանության լուսաբանումն ինչ մակարդակի վրա է և որքանով կարող է դա անդրադառնալ հասարակության ընդհանուր հոգեվիճակի վրա, Մերի Գևորգյանը շեշտեց, որ նմանատիպ նյութերը չի կարելի ներկայացնել առանց մասնագետի ստուգման, որպեսզի հոգեբանական ճնշում չգործադրվի հասարակության վրա, բայց ցավալիորեն նյութը տարածվում է կայքերում ամենայն մանրամասնություններով, ինչն այլ դեպքերի դրդապատճառ կարող է դառնալ: Յուրաքանչյուր ընթերցող միջնորդավորված ձևով հոգեբանական բացասական տրամադրություն է ստանում նման նյութերից՝ նույնացնելով իրեն այս կամ այն դեպքին:

Անդրադառնալով 2003-ից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին նշվող Ինքնասպանության համաշխարհային օրվան՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ դրա նպատակը խնդրի լուսաբանումն է տարբեր պետություններում: «Ցանկալի է՝ ՀՀ-ում էլ նմանատիպ ասոցիացիա լինի, որ համախմբի թե՛ հոգեբանական կենտրոններին, թե՛ առողջապահության ու արտակարգ իրավիճակների նախարարություններին այդ գաղափարի շուրջ, որ խնդիրն անհատ մարդկանց կամ կազմակերպությունների անդրադարձներից դուրս հոգածություն ունենա պետական մակարդակով»:

Եվ վերջում Տեր Պարթևի օգնությամբ ներկայացնենք Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն այս հարցի շուրջ.

- Ըստ մեր եկեղեցու օրենքների՝ ինքնասպանությունն այն եզակի մեղքերից է, որ ներում չունի, քանի որ ձեռք ես բարձրացնում Աստծո պարգևի վրա: Երբ մարդը կյանքի ընթացքում մեղք է գործում, ամենածանր հանցանքի դեպքում անգամ գիտակցումով, անկեղծ զղջումով կարող է Աստծուց ներում ստանալ, բայց ինքնասպանության դեպքում արդեն ժամանակ չի ունենում, ուստի զրկվում է հոգևոր հավիտենությունից: Ամենածանր պայմաններում ապրող հավատավոր մարդը հույս ունի, որ հանդերձյալ կյանքում պիտի գտնի մխիթարություն և հանգստություն, իսկ ինքնասպանության գնացող անձն իր քայլով կանխում է ֆիզիկական խնդիրը, սակայն հոգևոր մեծ կորուստ է ունենում: Ինքնասպանության փորձ կատարողներին պետք է ցույց տալ այդ մարդկանց, որոնք հույսը դրել են Աստծո վրա և իրենց մտքի ծայրով անգամ չեն անցկացնում նման արարք գործել: Ըստ մեր եկեղեցական կարգի՝ թաղման ժամանակ հանգուցյալին վերջին հրաժեշտն ենք տալիս աղոթքի միջոցով՝ որպես իր հավիտենական հոգևոր կյանքում հաստատման առաջին քայլեր: Իսկ ինքնասպանություն կատարած անձը զրկվում է այդ ամենից. նրա համար թաղման կարգ չի կատարվում: Աստծուց հեռացած լինելը լույսի պակասն է, որ մարդուն տանում է դեպի ինքնասպանության: Այսօր մեր հասարակության մեջ այդ խնդիրը հենց հավատքի ու պայքարի ոգու պակասի պատճառով է ընդգծվել, ինչպես նաև աղանդավորական կազմակերպությունների ավելացման, որոնց մի մասը հենց հորդորում է ինչքան հնարավոր է շուտ թողնել այս աշխարհը՝ դրախտային կյանքին արժանանալու համար: Եվ եկեղեցին ոչ թե կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ ինքնասպանությունների դեմն առնելու համար, այլ աշխատում է բարձրացնել մարդու հոգևոր գիտակցությունը՝ սկսած դպրոցական տարիներից, ինչն, իհարկե, դժվար ընթացք է, բայց շատ ավելի հեշտ է, քան այն աշխատանքը, որ տանում ենք արդեն առկա խնդիրների դեպքում:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: