Հայերեն   English   Русский  

Արթուր Թովմասյան. «Հաղթանակը տրվում է քրտնաջան և միասնական աշխատանքի շնորհիվ»


  
դիտումներ: 4102

Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կայացան 29-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերը: Սպորտային մարմնամարզության 2017 թվականի աշխարհի գավաթակիր, ՀՀ բազմակի չեմպիոն Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվեց խաղերի չեմպիոն: Նա նման հաջողության է հասնում արդեն երկրորդ անգամ. 2015-ին կայացած 28-րդ ունիվերսիադայում ևս նա ոսկե մեդալ էր նվաճել:

«Անկախի» հետ զրույցում Արթուրը պատմում է նախապատրաստական շրջանի, դեպի հաղթանակ տանող ճանապարհի, մրցաշարից ստացած տպավորությունների մասին:

- Անցյալ տարի ծնկի վիրահատության էի ենթարկվել, ինչը հուլիսին կրկին զգացնել տվեց: Մինչև անգամ դժվարանում էի մարզվել: Ալբերտ Ազարյանի անվան միջազգային գավաթի խաղարկության մրցաշարն այդ պատճառով բաց թողեցի: Սակայն բժշկական միջամտություններից հետո կարողացա վերականգնվել և նախապատրաստվել ունիվերսիադային: Նախապատրաստական փուլը բավական հաջող անցանք Երևանում: Ուրախ եմ, որ արդյունքը տեսանելի է:

Որակավորման փուլում այնքան էլ հաջող հանդես չեկա և եզրափակիչ դուրս չեկա: Արթուր Դավթյանը ձեռք էր բերել եզրափակչում հանդես գալու իրավունք թե՛ օղակներում, թե՛ հենացատկերում: Արթուրի և մարզիչների որոշմամբ նա իր տեղը զիջեց ինձ, և ես հանդես եկա եզրափակչում: Այդ առումով պատասխանատվությունն ու լարվածությունը կրկնակի էին, ես երկուսիս փոխարեն էի հանդես գալու: Նշեմ, որ Արթուր Դավթյանն էլ իր լավագույն մոտեցումներով կարող էր հաջող հանդես գալ, մեդալ նվաճել, բայց նա իր տեղը զիջեց ինձ:

- Համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցում են մարզիկներ տարբեր մարզաձևերից: Անչափ կարևոր է հաջող ելույթ ունենալ և պատվով ներկայացնել երկիրը:

- Ունիվերսիադան տարբերվում է մյուս միջազգային մրցաշարերից, Եվրոպայի և աշխարհի առաջնություններից: Երբ մասնակցում ենք որևէ ստուգատեսի, մրցավայր ենք մեկնում սպորտային մարմնամարզության հավաքականի կազմով: Համաշխարհային ուսանողական խաղերին մեր պատվիրակության կազմում ընդգրկված էին մարզիկներ 7 մարզաձևից, մարզիչներ, մրցավարներ: Ուստի տարբեր մարզաձևերի մարզիկները միմյանց ծանոթանալու, մտերմանալու և ընկերանալու հնարավորություն ունեցան: Ցանկալի կլինի, որ հնարավորությունները շատ լինեն, և ավելի մեծ կազմով մասնակցենք համաշխարհային ուսանողական խաղերին: Ուրախ եմ, որ մեր պատվիրակության ղեկավարը Հովհաննես Գաբրիելյանն էր, որ գործի գիտակ է և հրաշալի անձնավորություն: Նրանից մենք շատ բան սովորեցինք: Մեր պատվիրակությունն ամեն ինչ արեց հաջող հանդես գալու և երկրի պատիվը բարձր պահելու համար: Շատ հաճախ հենց սպորտի միջոցով ենք մեր երկիրը ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերում: Նման մրցաշարերում պատասխանատվությունն անչափ մեծ է, քանի որ պայքարում ես ոչ միայն անձնական արդյունքի, այլև երկրի համար: Պետք է փորձել պատվով հաղթահարել այդ ամենը: Հնարավոր է՝ չստացվի մեդալ նվաճել կամ բարձր դիրք զբաղեցնել, բայց ձգտումն ու ցանկությունը շատ կարևոր է, դա պատասխանատվության մասին է վկայում:

Ցանկանում եմ նշել, որ մեր ձեռքբերումներում ու հաջողություններում անփոխարինելի դեր ունեն մեր մարզիչները, որոնց աշխատանքն անգնահատելի է:

- Ուրախալի է, որ մարմնամարզության հավաքականում առողջ և համերաշխ մթնոլորտ է տիրում:

- Դա գալիս է մարզիչներից: Մենք տեսել, սովորել ու վերցրել ենք այն վերաբերմունքը, որ մեզ տվել են մարզիչները: Կարծես մեկ ընտանիք լինենք: Մեկի հաջողությամբ ուրախանում և ոգևորվում են բոլորը, անհաջողությունն էլ ընկճում է բոլորին: Ունիվերսիադայի որակավորման փուլում ես ձախողվեցի: Բայց Դավթյան Արթուրը մեծահոգի քայլ կատարեց: Նա իր տեղը չզիջելու բացարձակ իրավունք ուներ: Մենք տեսնում ենք, որ թիմում այդ համերաշխությունը կա: Ես համոզված եմ, հավատում եմ և գիտեմ, որ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ կլինի այդ քայլին: Նման իրավիճակ մենք չէինք ունեցել, և առաջինն այդ քայլը Արթուրը կատարեց: Իհարկե ցանկալի է, որ նման դեպքեր չլինեն, և մարզիկները հաջող հանդես գան:

- Մարմնամարզությունը բարդ մարզաձև է: Հաղթողները որոշվում են միավորների աննշան տարբերությամբ: Հոգեբանական լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Ունիվերսիադայի նախապատրաստական փուլը շատ լավ էր ընթանում, բոլորս ներքին համոզմունք ունեինք, և երկրորդ կարծիք լինել չէր կարող, որ լավ եմ հանդես գալու: Սակայն ստացվեց այնպես, որ որակավորման փուլում հաջող հանդես չեկա: Սակայն ինձ հնարավորություն ընձեռվեց: Ամեն գնով փորձեցի արդարացնել սպասելիքները, և ստացվեց: Առաջին տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի մարզիկը եզրափակչում թույլ տվեց այն սխալը, որը ես արեցի որակավորման փուլում: Նա, 1-ին հորիզոնականով դուրս գալով եզրափակիչ, որևէ տեղ չգրավեց: Ես էլ որակավորման փուլում էի անհաջող հանդես եկել:

Նման մրցաշարերին մասնակցում են բարձրակարգ մարզիկներ ամբողջ աշխարհից: Մենամարտային չէ մեր մարզաձևը, որ պայքարես որևէ մեկի դեմ: Մրցման ժամանակ գոյություն ունեն միայն մարզիկը և գործիքը: Պետք է կարողանալ ողջ կարողություններն ու հնարավորությունները մեկ փորձի մեջ ամփոփել: Ով ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է լինում տվյալ պահին, նրան ամեն ինչ հաջողվում է: Լարվածությունն ու հուզմունքն ամբողջովին հաղթահարել հնարավոր չէ: Մեր հավաքականում այդ խնդիրն ամենից շատ ես ունեմ: Օրինակ` Դավթյան Արթուրն այդ առումով շատ պրոֆեսիոնալ է: Նա օրինակ է ծառայում բոլորիս՝ կարողանալով կառավարել հույզերը: Չկա մի մարզիկ, որ ելույթ ունենա և չլարվի: Երբ ներկայացնում ես երկիրդ, մարզիչներիդ, ինքդ քեզ, ապա պարտավոր ես լավ հանդես գալ: Այդ իրավիճակներում լարվածությունը միշտ առկա է: Բարձրակարգ մարզիկները պետք է կարողանան սառնասիրտ լինել, այլապես գործիքի վրա չեն կարող լավագույն կերպով աշխատել: Հարկավոր է նման իրավիճակներում մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ դրսևորել: Թե որքանով է հաջողվում դա մարզիկին՝ ցույց է տալիս տվյալ փորձը:

- Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն հռչակվեցիք, ցուցանիշ, որին ՀՀ մարզիկներից ոչ ոք դեռևս համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ չի հասել:

- Հպարտությամբ և հաստատապես կարող եմ փաստել, որ մենք բարձրակարգ շատ մարզիկներ ունենք Հայաստանում: Ես ուրախանում և հիանում եմ մեր ըմբշամարտիկների, ծանրամարտիկների հաջողություններով: Սպորտային մարմնամարզության հավաքականի տղաները՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, իրենց նվաճումներով, հնարավորություններով ու կարողություններով բարդ մրցակից են ցանկացած մարզիկի համար:

Այդ ամենը տեսնելով՝ կարող եմ ասել, որ պարզապես ստացվեց այնպես, որ կարողացա հաղթել տվյալ իրավիճակում: Մենք ունենք եռակի օլիմպիական չեմպիոն մարմնամարզությունից, որ անկախ Հայաստանի պատմությունը դեռևս չի ունեցել: Այդ նվաճումների առաջ ես պարզապես խոնարհվում եմ:

Նշեմ, որ նվաճումներիս մեջ մեծ է մարզիչների դերը: Ուստի աշխատանքս չեմ թերագնահատում: Իմ յուրաքանչյուր հաղթանակում նրանք ջանք և եռանդ են դնում: Հաղթանակը տրվում է քրտնաջան և միասնական աշխատանքի շնորհիվ:

- Տարին բավական հաջող դասավորվեց. միջազգային ասպարեզում երկու մեծ նվաճում ունեցաք: Առաջիկայում ի՞նչ է սպասվում:

- Առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ ծրագրով կսկսեմ մարզվել հաջորդ մրցումների համար: Տարին հաջող սկսվեց, սակայն ինձ համար կարևոր ու պատասխանատու մրցաշարը Եվրոպայի առաջնությունն էր, ես պարտավոր էի հաջող հանդես գալ, բայց չհաջողվեց: Դա այս տարվա մեծ ձախողումն եմ համարում: Որակավորման փուլը երկրորդ տեղով էի անցել: Եթե նույն կերպ եզրափակչում հանդես գայի, ապա կպահպանեի այդ տեղը: Հանձնվել չի կարելի: Դա ամենահեշտ բանն է, որ կարելի է անել: Դժվարությունների ժամանակ պետք է հավատալ սեփական ուժերին: Պայքարելով է հնարավոր հասնել այն ամենին, ինչը որ կտրվի:

Առաջիկայում մեր մարզիկները մասնակցելու են աշխարհի առաջնության: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգան և իրենց նվաճումներով մեզ ուրախություն կպարգևեն:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: