Հայերեն   English   Русский  

​Փողերի լվացում


  
դիտումներ: 4568

Աշխարհն ակտիվորեն ներգրավված է փողերի լվացման դեմ պայքարում: Հաճախ այս արտահայտությունն օգտագործվում է մեխանիկորեն՝ առանց փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման իրական էությունն ընկալելու:

Փողերի լվացումը (անգլ.՝ money laundering) շատ հաճախ մեկնաբանվում է որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի օրինականացում (լեգալիզացիա):

Ավանդաբար ընդունված է համարել, որ «փողերի լվացում» արտահայտությունը գալիս է ԱՄՆ-ից: 1920-ական թվականներին ամերիկյան մաֆիան համատարած բացում էր ավտոմատ մեքենաներով լվացքատներ, որտեղ ցածր գների շնորհիվ ձևավորվում էր հաճախորդների մեծ բազա: Այդ պայմաններում շատ դժվար էր դառնում լվացքատների իրական շահույթի պարզումը, ուստի մաֆիան կարողանում էր իրական շահույթի հետ հաշվառել նաև անօրինական դրամական միջոցները որպես շահույթ:

Այսօր փողերի լվացման տարածված միջոցներից են կանխիկ դրամական միջոցների դուրսբերումը երկրից տարբեր անձանց միջոցով, վարձակալության կամ մատակարարման ձևական պայմանագրերի կնքմամբ, արտասահմանյան ընկերությունների հետ տեղեկատվական-խորհրդատվական բնույթի ձևական ծառայությունների պատվիրմամբ, հօգուտ երրորդ անձանց գործարքների կնքմամբ և այլն:

Փողերի լվացումը հիմնականում տեղի է ունենում հետևյալ երեք փուլերով.

1.առաջին փուլում հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը խառնվում են օրինական փողերի հետ,

2.երկրորդ փուլով փողերը բաժանվում են տարբեր երկրների տարբեր բանկային հաշիվների, ակտիվների մեջ, որպեսզի դժվար լինի դրանց հետքերը որոնելը,

3.վերջին՝ երրորդ փուլում փողերը հայտնվում են օրինական հաշիվներում կամ ներդրվում են օրինական ակտիվների մեջ, որպեսզի վերադառնան իրենց տերերի մոտ:

Փողերի լվացումը հանցագործություն է: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պատիժ է նախատեսում հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման համար (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), և կամ գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու համար (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: