Հայերեն   English   Русский  

«Համեր»-ի վարորդը ժամանակին չի արգելակել. ՔԿ-ն՝ 11-ամյա աղջկա կյանք խլած վթարի մասին


  
դիտումներ: 3240

Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում:

2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երեւանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է: Իսկ «Հոնդա » մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը եւ հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Նշենք, որ «Հոնդան» վարել է ԱԻՆ աշխատակից, 27-ամյա Լեւոն Հ.-ն, իսկ «Համերի» ղեկին եղել է հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատիրոջ թոռը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: